ՄԻՊ-ը նոր զեկույց է կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն` Հայաստանը 2017 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցել է մի շարք հաջողություններ, սակայն եղել էին բացթողումները: Ըստ Human Rights Watch-ի իրավապաշտպանների` 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լիարժեք ժողովրդավարական գործընթացի ապահովման բացթողնված հնարավորություն են:

Զեկույցում մասնավորպես անդրադառնում են Հայաստանում խորհրդարանական եւ ավագանու ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց նկատմամբ հետապնդումներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին չարաշահումների համար պատասխանատվության չենթարկելուն եւ այլն:

«Ժողովուրդ» օրաթերթը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից էր փորձել պարզել, թե ինչն էր խանգարել նրան բարձրաձայնել նշված խնդիրների մասին: Ի պատասխան` ՄԻՊ գրասենյակից հայտնեցին. «Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության արձանագրած խնդիրները Հայաստանում մարդու իրավունքների վիճակի, այդ թվում` խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, արձանագրվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Օրենքի պահանջի համաձայն` ներկայումս կազմվում է նախորդ տարվա վերաբերյալ տարեկան հաղորդումը, որտեղ կամփոփվեն Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները:

Ընդհանրապես Human Rights Watch կազմակերպությունը զեկույց հրապարակելիս ուսումնասիրում է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներն այս կամ այն թեմայի վերաբերյալ, որոնք կարող են ներկայացվել թե՛ հրապարակայնորեն, թե՛ նրանց հետ հանդիպումների ընթացքում:

Ձեր վկայակոչած ձեւակերպումը Human Rights Watch կազմակերպության զեկույցի տեքստում առկա չէ:
Խորհրդարանական ընտրությունների օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է շուրջօրյա ռեժիմով` արագ արձագանքման եւ հատուկ ստեղծված աշխատանքային խմբի միջոցով: Արձանագրված բոլոր խնդիրները ներկայացվել են հրապարակային հայտարարություններով (լրագրողի աշխատանքի խոչընդոտում, քվեարկության գաղտնիության իրավունքի սահմանափակում եւ այլն): Այդ խնդիրները ներկայացվել են նաեւ միջազգային կառույցներին»:




Լրահոս