«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` «Իսլամական պետության» հետեւորդները հասցրել են այս ընթացքում թափանցել նաեւ Հայաստան: Բարեբախտաբար, նրանք չեն հասցրել այստեղ լայնածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնել. արագ բացահայտվել է Արման Ջանջուղազյանը, որ հիմա մեղադրվում է Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով այս թեմային, ասել է. «Պարզված տվյալները վկայում են, որ Արման Ջանջուղազյանը, մշտապես բնակվելով Հունաստանում, դեռեւս 2014 թվականին հավատափոխ էր եղել եւ ընդունել մահմեդականություն, որից հետո սկսել էր համացանցի միջոցով ծանոթանալ եւ հավանություն տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծավալած գործունեությանը: Արման Ջանջուղազյանը սպանությունն իրականացրել է իր նախաձեռնությամբ, սակայն համացանցով հավանություն է ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների անունից հանդես եկող անձանցից»: Ըստ Մ. Համբարձումյանի` այս ամենը բացահայտվելուց հետո Ջանջուղազյանը խոստովանական ցուցմունքներ է տվել: Փաստորեն, որքան էլ Հայաստանն անվտանգ երկիր է համարվում, այնուամենայնիվ, ապահովագրված չէ տարատեսակ անցանկալի դրսեւորումներից»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: