Ո՞ւմ է թողել իր կարողությունը Քըրք Քըրքորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քըրք Քըրքորյանը եզակի մարդ էր: Բազմաթիվ հայերի այս համոզմունքն իրական բովանդակությամբ է լցրել Ուիլյամ Ռեմփելը, ով գրել է Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» գիրքը՝ ներկայացնելով եզակի պատմություններ եզակի մարդու մասին. գրում է «Ամերիկայի ձայնը»:

«Նա խաղացող էր, հանգիստ ռիսկի էր գնում, սակայն նա նաեւ եզակի ազնվության տեր մարդ էր եւ ուներ այնպիսի վստահություն, որ իր խոսքը համարժեք էր գրավոր պայմանագրի»,- ասում է Ռեմփելը:

Հեղինակի խոսքով, Քըրքորյանը չէր վախենում ամեն ինչ կորցնել, որովհետեւ սկսել է իր վերելքը բացարձակ զրոյից: Նրա ծնողները սոսկ աղքատ չէին, նրանք մերթընդմերթ չէին կարողանում տուն վարձել եւ անտուն էին մնում: Մանկուց չունենալով ոչինչ՝ Քըրք Քըրքորյանը միշտ պատրաստ էր ռիսկի գնալ ապագայում, սակայն դա այլ կարգի, վեհանձն ռիսկ էր.

«Նրա մտերիմները գիտեին՝ նա միշտ իր վրա էր վերցնում ռիսկի բոլոր կորուստները, սակայն միշտ կիսում էր եկամուտները մյուսների հետ»:

Պատանի տարիներից Քըրք Քըրքորյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, միաժամանակ աշխատելով որպես կահույքի բարձիչ, սակայն ընկերներից մեկի հետ ինքնաթիռով թռիչք կատարելուց հետո սիրահարվում է երկնքին եւ որոշում օդաչու դառնալ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Քըրք Քըրքորյանը վտանգավոր պայմաններում բեռներ էր առաքում Բրիտանիա, իսկ պատերազմից հետո փոքր ինքնաթիռ վարձակալում եւ ընկերություն հիմնադրում: Ընկերության եկամուտներից ստացված գումարով նա որոշում է կառուցել հյուրանոց ու կազինո Լաս Վեգասում, որտեղից էլ սկսվում է նրա ֆինանսական կայսրության աճը: Քըրք Քըրքորյանի համար սակայն գումար աշխատելն ինքնանպատակ չէր այլ ընդամենը՝ նվիրատվություն կատարելու միջոց.

«Քըրքի նպատակն էր գումար վաստակել, որպեսզի բաժանի այդ գումարը: Կա մի պատմություն. Երբ նրա մենեջերը ցույց է տվել, թե որքան գումար են նրանք վաստակելու Քրայսլեր ընկերության բաժնետոմսերի վաճառքից, Քըրքը նայեց եւ ասաց ընդամենը մեկ բան. «Հրաշալի է, բարեգործական ընկերությունների դուրը կգա»:

Բարեգործություն անելիս՝ Քըրք Քըրքորյանը միշտ ցանկացել է մնալ գաղտնի. «Նա նույնիսկ չէր ցանկանում, որ մարդիկ շնորհակալություն հայտնեն իրեն: Թույլ չէր տալիս, որ իր պատվին որեւէ փողոց կամ պուրակ անվանակոչեն»:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, թեեւ Քրքորյանի պահանջն էր, որպեսզի իր պատվին ոչինչ չանվանակոչեն, նրա գործերը կմնան հավերժ: Դրանից բացի, նա այնուամենայնիվ, համաձայնել է ընդունել Հայաստանի բարձրագույն պարգեւը՝ ազգային հերոսի կոչումը.

«Յուրաքանչյուր դպրոցական հասակի երեխա արդեն 2-3 դասարանում սովորում է մեր հերոսների անունները, որոնցից մեկն էլ՝ Վիկտոր Համբարձումյանի, Վազգեն Վեհափառի, մեր Արցախյան պատերազմի հերոսների հետ մեկտեղ Քըրք Քըրքորյանի անունն է»:

Անդրադառնալով Քըրքորյանի 2,5-3 միլիարդ դոլարի հասնող ժառանգությանը՝ Ուիլյամ Ռեմփելն ասում է, որ այն ամբողջությամբ փոխանցվել է բարեգործական նպատակների, իսկ թե որ կազմակերպություններին կփոխանցվեն գումարները որոշելու է Քըրքորյանի կողմից կազմված կոմիտեն, որի կազմում են ամերիկահայ բժիշկ Էրիկ Էսրայելյանը, ինչպես նաեւ Քըրքորյանի նախկին իրավաբանն ու հաշվապահը.

«Նա որոշել է միայն, որ ամբողջ գումարը պետք է բարեգործության ուղղվի, իսկ թե որ բարեգործական նպատակներով կուղղվի գումարը՝ Քըրքորյանը թողել է այդ հարցի որոշումը իր հաշվապահին, իր նախկին իրավաբանին եւ Էսրայելյանին: Իր կտակում Քըրքը նշել է, որ որոշումը պետք է շուտ կայացվի: Խոսքը մի քանի տարվա մասին է, այնպես որ, կարծում եմ, մինչեւ հաջորդ տարի ամեն ինչ պարզ կլինի»:




Լրահոս