Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը չի լինելու պարզապես հանդիպում. Արմեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի կունենա մոտակա օրերին:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արմեն Սարգսյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին` քանի որ փետրվարի 18-28-ը նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետն է, կողմնորոշվե՞լ է ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցում և ե՞րբ է կայանալու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հաջորդ հանդիպումը: «Հանդիպումը տեղի կունենա մոտակա օրերին: Իհարկե, դուք հասկանում եք, որ այդ հանդիպումը չի լինելու պարզապես հանդիպում, որտեղ ես պարզապես կհայտնեմ իմ որոշման մասին, որովհետև մեր հարաբերությունները ոչ միայն ընկերական, բարեկամական են, այլ նաև հանրապետության նախագահի և դեսպանի հարաբերություններ են:

Տվյալ դեպքում լինելու է նաև աշխատանքային հանդիպում»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ մինչ այդ կշարունակի իր հանդիպումները տարբեր շրջանակների հետ: «Իհարկե, կարծում եմ այդ հանդիպումների համար շատ ժամանակ չունեմ, որովհետև դուք արդեն սահմանը դրեցիք` փետրվարի 18»,- կատակեց Արմեն Սարգսյանը:




Լրահոս