Ինձ տանում են մահվան դուռը. դատապարտյալն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր ահազանգել «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Մանվել Բատիկյանը՝ ահազանգելով, որ իր դեմ վրեժխնդրություն են իրականացնում` տանելով մահվան դուռը:

«Ես ունեցել եմ առողջական լուրջ խնդիրներ: Տարել եմ սրտի ծանր վիրահատություն, ունեմ երկու պրոթեզավորում, ինձ զգուշացրել են` իմ առողջութւյանը չհետեւելու դեպքում առաջանալու են լուրջ հետեւանքներ: Դիմել եմ բազմիցս վարչության պետին, մեր ՔԿՀ պետին, կարող եմ ներկայացնել դիմումներս: 3 տարվա մեջ 60 -70 դիմում եմ ներկայացրել: Հիմնարկը տվել է թուղթը, որ կարող եմ դուրս գալ բաց ռեժիմ, բայց վարչությունը մերժել է` նշելով, թե չեմ համապատասխանում դուրս գալուն: Ես ասել եմ` հարգելինե՛րս, Ձեր տված դեղերը ռեակցիա է տալիս, համապատասխան դեղորայքը, հետազոտությունը չեք ապահովում, կարող եք այլ գործառույթ կիրառել, պատժի կրումը հետաձգեք կամ հանեք բաց ռեժիմ, ես գնամ, իմ առողջական խնդիրը ինքս կարգավորեմ: Այս պահվածքը ոչ ավել, ոչ պակաս վրեժխնդրություն է, մարդուն մահվան հասցնելու փորձ»,- նշեց նա:

Տեղեկացնենք, որ Մանվել Բատիկյանը 2010 թվականից գտնվում է կալանքի տակ, նա կազմակերպել է կնիքի նոտարական ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակների հափշտակություն եւ հրկիզման եղանակով ուրիշի գույքի դիտավորյալ վնասում, նախնական համաձայնությամբ օգտագործելու նպատակով կեղծել է փաստաթղթեր: Նրա պատժի կրման ավարտին մնացել է 4 տարի:




Լրահոս