Մարտի 1-ին կլրանա ողբերգական իրադարձությունների 10 տարին: Եւ հիմա պետք է արձանագրենք` այդ օրը մայրաքաղաքի կենտրոնում տասը հոգի սպանվեց, բայց բացահայտման առնչությամբ ոչ մի առաջընթաց չկա: Եվ սա այն դեպքում, երբ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ թե՛ փաստահավաք խումբ է աշխատել, թե՛ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով է գործել` չհաշված հարուցված քրեական գործը, որ դեռեւս քննվում է ՀՔԾ-ում:
Իրավապաշտպան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումից հետո Հայաստանի իշխանությունները ստիպված են լինելու վերաբացել գործը: Ինչպես հայտնի է՝ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանցից 9-ի իրավունքների պաշտպանությամբ զբաղվում էր հենց Արտակ Զեյնալյանը, եւ զոհերի հարազատների գանգատը ներկայացվել է Եվրադատարան: Ինը զոհերի հարազատները Եվրադատարանից պահանջել են ճանաչել կյանքի, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, արդյունավետ քննության, համարժեք փոխհատուցման եւ այլ իրավունքների խախտումներ:
2008 թվականի դեպքերից 7 տարի անց՝ 2015 թվականին Եվրադատարանն առաջին հարցերն էր ուղղել ՀՀ իշխանություններին: Եվ այդ դիմումով ՄԻԵԴ-ը պարտավորեցնում էր ՀՀ կառավարությանը պատասխանել՝ արդյո՞ք խախտվել է «Մարտի 1-ի» զոհերի՝ Եվրոպական կանվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը, արդյո՞ք նրանց մահն այնպիսի ուժի գործադրման հետեւանք է, որը եղել է «բացարձակ անհրաժեշտություն», արդյո՞ք ներպետական ատյաններում քննությունն ընթացել է Կոնվենցիայի խախտումներով, եւ արդյո՞ք սպառված են եղել երկրի ներսում արդյունավետ քննության հասնելու հնարավորությունները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զեյնալյանը` պատասխանելով հարցին, թե ՄԻԵԴ-ում ի՞նչ փուլում է գտնվում գործը, ասել է.
-Հաղորդակցությունն ավարտվել է: Սպառվել են արդեն նամակների փոխանակությունը, դիրքորոշումների, առարկությունների ողջ գործընթացը սպառվել է: Եվ մենք հիմա, ըստ էության, սպասում ենք Եվրոպական դատարանի որոշմանը:
-Ընթացակարգն ինչպե՞ս է, ե՞րբ կարող ենք սպասել ՄԻԵԴ-ի որոշմանը:
-Որոշակիացված չէ, չկա որեւէ հստակ սահմանում: Թե ինչքան կտեւի, դժվարանում եմ ասել: Մենք ունենք գործեր, որ հաղորդակցությունն ավարտելուց հետո ինը տարի տեւել է մինչեւ Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել:
-Մարտի 1-ի գործով փաստահավաք խումբ է գործել: Որքանո՞վ են այդ տվյալներն անհրաժեշտ եղել ՄԻԵԴ-ում գործի քննման ժամանակ:
-Կարծում եմ, այո՛, մենք մի շարք գործերով փաստահավաք խմբի փաստաթղթերն օգտագործել ենք, դրանում արձանագրված փաստերն օգտագործել ենք ՄԻԵԴ-ում:
-Ի՞նչ ունենք դեպքերից 10-ը տարի անց:
-Դեպքերից 10-ը տարի անց ունենք անարդյունավետ նախաքննություն, ունենք, իմ համոզմամբ, անարդարացի դատապարտված անձինք՝ քաղաքական հայացքների համար: Ունենք Ազգային ժողովի կողմից իրականացված օրենսդրական փոփոխություններ, որոնք պետք է նպաստեին, առիթ դառնային արարքները վերաորակելու եւ այդ մարդկանց ազատ արձակելու, ինչը, սակայն, չիրականացվեց: Նաեւ օրենսդրական նախաձեռնություն եղավ եւ ընդունվեց, որ այդ անձինք պետք է ազատվեին պատիժը կրելուց, գուցե նաեւ արդարացվեին, ինչը չեղավ: Ունենք զոհերի հարազատներ, իրավահաջորդներ, ովքեր չեն ստացել արդարացի հատուցում, փոխհատուցում, եւ նրանց իրավունքները շարունակում են խախտված մնալ նաեւ այն պատճառով, որ, ինչպես ասացի արդեն, նաեւ արդյունավետ նախաքննություն չի իրականացվել: Չի բացահայտվել ճշմարտությունը, մեղավորները չեն գտնվել եւ պատասխանատվության չեն ենթարկվել:
-Ըստ Ձեզ, եր՞բ կբացահայտվի այս գործը եւ ո՞ր դեպքում:
-Եվրոպական դատարանի վճիռներից հետո, կարծում եմ, որ այդ գործերը պետք է վերաբացվեն: Եվրոպական դատարանի վճիռները եթե լինեն, ու դրանցում արձանագրվի խախտումը, ապա պետությունն այլ բան չի կարող անել, քան բացել գործը, դա հենց նոր հանգամանքը, գործը վերաբացելու եւ թույլ չտալու այն խախտումը, որը ենթադրաբար կարձանագրի Եվրոպական դատարանը:
-Իսկ ինչո՞ւ մինչ այժմ գործն այդպես էլ չի բացահայտվել:
-Թե ինչու չի բացահայտվել, դրա առնչությամբ հին հայկական ասացվածք, առակ կա, ասում է, որ գողը տանից չլինի, եզը երդիկով դուրս չի գա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ