Ընդդիմադիրը` դպրոցի տնօրենի պաշտոնակատար. Կարմիրաղբյուրում ստեղծված լարված վիճակի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար 2017թ. դեկտեմբերի 8-ին կայացած մրցույթի մասնակիցները երկուսն էին` 2017թ. հոկտեմբերի 3-ից այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ բանասեր Նարինե Բուդուրյանը եւ նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանը: Ա. Եսայանը 2017թ. մի քանի ամիս եղել է այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Դեկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքում 2 թեկնածուները ստացել են հավասար` 4-ական ձայն:

Ըստ օրենքի` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հարցը ներկայացրել է կառավարություն եւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի առաջարկով մարզպետը 10-օրյա ժամկետում պետք է տնօրեն նշանակեր: 2018թ. հունվարի 8-ին Վ. Գաբրիելյանը մարզպետին առաջարկել է Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն նշանակել Ա. Եսայանին, սակայն մարզպետն այդ նշանակումը չի արել:

Հովիկ Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դրա պատճառը եղել է այն, որ այդ դպրոցի կոլեկտիվի 24 հոգուց 18 հոգին ընդդեմ Ա. Եսայանի ստորագրահավաք են արել եւ դպրոցի փոխտնօրենի գլխավորությամբ եկել են իր մոտ, ասել, որ դպրոցում լարված վիճակ է տիրում, եւ խնդրել, որ մարզպետի կողմից նման որոշում չկայացվի, աշխատանքային պայմանագիր չկնքվի Ա. Եսայանի հետ:

Մարզպետը փետրվարի 7-ին որոշել է Ն. Բուդուրյանին ազատել նշված դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, փետրվարի 8-ին որոշել է մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Անահիտ Իշխանի Ջուլհակյանին 2018թ. փետրվարի 9-ից նշանակել «ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ կնքել աշխատանքային պայմանագիր: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանն ասաց, որ Ա. Ջուլհակյանն ունի դպրոցի տնօրեն ընտրվելու համար պահանջվող հավաստագիր, որպես քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչ աշխատել է Բերդի քաղաքի վարժարանում, դրա լուծարվելուց հետո` Բերդի թիվ 3 հիմնական դպրոցում:

Տեղեկացնենք, որ Բերդ քաղաքի բնակիչ, անկուսակցական Անահիտ Ջուլհակյանը 2017թ. ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվել է որպես Տավուշի մարզն ընդգրկող 13 ընտրատարածքի վարկանիշային թեկնածու եւ ստացել 73 ձայն: Նա ընդգրկված էր նաեւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համապետական ընտրական ցուցակի մեջ` 139 հոգուց բաղկացած այդ ցուցակում զբաղեցնելով 76-րդ տեղը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս