«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԻՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանացի գրավչության, տղամարդուն գրավելու եւ կնոջ առաքելության մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմիջ կոդ», «Ինչ եփել այսօր», «Առավոտ լուսո» հեռուստածրագրերից հայտնի հաղորդավարուհի Յանա Դանիելյանի հետ։

-Յանա՛, ո՞րն է տղամարդուն գրավելու գաղտնիքը։
-Ցանկացած կին, բացի արտաքին խնամքին հետեւելուց, պետք է նաեւ իր ներաշխարհը «խնամի» եւ ինքնագնահատականը բարձրացնի։ Այսինքն՝ կինն առաջին հերթին պետք է ինքն իրեն գնահատի, սիրի, որպեսզի դա նկատեն նաեւ մյուսները։ Կինը պետք է առաջին հերթին իմանա իր արժեքը։
-Եթե տղամարդն ինչ-որ պահի անուշադիր է կնոջ նկատմամբ, ապա…
-Պետք չէ ֆիքսվել դրա վրա։ Ցանկացած կին եթե մտածի այդ ուղղությամբ, անպայման ինչ-որ խոչընդոտ կգտնի։ Ուղղակի ամեն մեկը պետք է ապրի իր կյանքով, բարոյական չափանիշների մեջ անի այն, ինչ իրեն դուր է գալիս՝ չսահմանափակելով մյուսի կյանքը։ Երբ կինն իրեն ներքուստ լավ է զգում, մեծ հաշվով արդեն էական չէ՝ իրեն նկատում են, թե ոչ։ Բայց ասեմ, որ այդ դեպքում նա չի կարող ուշադրության կենտրոնում չլինել։ Հաջողությունն ինքնըստինքյան գալիս է։
-Կինը գեղեցիկ է, եթե…
-Եթե խելացի է, խելամիտ։ Դրանով նա կարող է գրավել հակառակ սեռին։ Իմաստությունը, իհարկե, գալիս է տարիների ընթացքում, միանգամից ձեռք չես բերի, բայց կարելի է գոնե խելացի լինել։ Խելացի կինը նա է, ով ճիշտ պահին ճիշտ որոշումներ է կայացնում։ Առհասարակ, կինը տղամարդուց տարբերվում է նրանով, որ տասը չափում է, մեկ կտրում։
-Կին դառնո՞ւմ են, թե՞ ծնվում։
-Ինձ թվում է՝ դառնում են։ Դա կախված է մարդու կրթված լինելուց, կանացի լինելն էլ առանձին մշակույթ է։ Իհարկե, շատ կարեւոր է նաեւ այն մթնոլորտը, միջավայրը, որտեղ մեծանում է ապագա կինը։ Ամեն դեպքում, ես այն համոզման եմ, որ յուրաքանչյուր կին ունի համապատասխան հիմքն ու պոտենցիալը եւ եթե ունենա ուժ, եռանդ, անպայման կհասնի իր նպատակին։
-Կինը երբեք չպետք է թույլ տա, որ…
-Որ դիմացինը հանկարծ անցնի սահմանները։ Յուրաքանչյուր կին ունի իր աշխարհը, ապրում է իր ցանկություններով, իր պատկերացումներով, բայց կան չգրված կանոններ, որոնք չի կարելի խախտել։ Կինը պետք է իրեն այնպես դրսեւորի, որ ոչ ոքի մտքով անգամ չանցնի անհարիր քայլ անել իր նկատմամբ։
-Ո՞րն է կնոջ մեծագույն առաքելությունը։
-Չեմ ուզի շաբլոն պատասխան տալ եւ ասել մայրանալը։ Կարծում եմ՝ դա առաքելություն չէ։ Առաքելությունն այն է, որ ունենալով ընտանիք, երեխաներ, ծնողներ` նա կարողանա պահել ընտանեկան խաղաղ մթնոլորտը։ Կանայք, որոնք մեծ մասամբ այսօր աշխատում են, պետք է կարողանան համադրել կենցաղը, անձնական կյանքն ու աշխատանքը, չմոռանան կին լինելու մասին։
-Ո՞վ կամ ովքե՞ր են կնոջ Ձեր իդեալները կամ նախընտրելի կերպարները։
-Կան կանայք, որոնք կերտել են մշակույթ, թողել են հսկայական հետք պատմության մեջ։ Կան անուններ, որոնք հնչում են մինչեւ այսօր։ Կնոջ ամենահետաքրքրիր կերպարներն ինձ համար Մոնիկա Բելուչին եւ Շարլիզ Թերոնն են։ Գուցե նրանք իրենց կանացիությունը շահարկելով՝ երբեմն նույնիսկ շոու են արել, բայց այն, ինչ արել են, գեղեցիկ են արել։ Ի դեպ, այս երկու կերպարների համադրությունից հետաքրքիր կերպար դուրս կգար։ Առհասարակ, յուրաքանչյուրից կարելի է ինչ-որ պիտանի բան վերցնել։
-Եվ վերջում՝ ո՞րն է կնոջ պարտավորությունը։
-Իմ կյանքում «պարտավորություն» բառը բացակայում է։ Ես չեմ ակնկալում պարտավորություններ նաեւ դիմացիններից։ Ոչ ոք ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ։ Միայն մի բան կարող եմ հստակ ասել՝ յուրաքանչյուր կին պարտավոր է երջանիկ լինել։ Կարեւոր է, որ կյանքդ ապրես երջանիկ, իսկ թե ինչպես դա կդրսեւորվի՝ յուրաքանչյուրն ինքն է որոշում։ Երջանկությունն ամեն ինչի հիմքն է։

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՌՈՄԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ

Նրանք, ովքեր դիտում էին «Կյանքի կարուսել» նախագիծը, կհիշեն դերասան Ռոման Բաբայանի կերտած կերպարները։ Դերասանը, որը հանդես է գալիս Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հայտնի է «Մուսա լեռան քառասուն օրը» (Գեւորգ Քեբուսյան), Վ. Շեքսպիրի «Մակբեթ» (մարդասպան), Ֆ. Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (կայարանապետ), Պ. Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Թորոս) եւ այլ ներկայացումներում, վերջին շրջանում հեռուստաէկրաններին չի երեւում։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաբայանը նշեց, թե զբաղված է թատրոնում, բացի այդ՝ չկա մի նախագիծ, որին իր սիրտը կդիպչի, եւ կհամաձայնի դրա շրջանակում նկարահանվել. «Գուցե այս դադարն էլ օգնի, որպեսզի հետագայում մի փոքր այլ կերպ ներկայանամ»,-մեկնաբանեց նա։ Դերասանը պատմեց, որ մայր թատրոնում այժմ բեմադրվում է «Սասնա ծռեր» ներկայացումը (բեմադրիչ՝ Սամսոն Մովսեսյան)՝ ժամանակակից լուծումներով. «Մի ամիս է, ինչ փորձերը մեկնարկել են, առաջին գործողության մեջ հանդես եմ գալիս Սանասարի, երկրորդում՝ արաբ զորապետի կերպարներով»,-մանրամասնեց Ռոմանը: Ի դեպ, հիմա նա ընդգրկված է «Պեպո» ներկայացման մեջ։ Եւ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե դժվար չէ՞ արդյոք միայն թատրոնի աշխատավարձով գոյատեւելը, դերասանն անկեղծացավ. «Իհարկե, դժվար է, հատկապես եթե կողքից բիզնես չունես, իսկ ես չունեմ։ Ուրախալի է, որ մեր թատրոնի նոր տնօրենը (Վարդան Մկրտչյանը-հեղ.) բավական եռանդուն է աշխատում, թատրոնում ամեն մեկը գիտի իր անելիքն ու տեղը։ Բայց, ընհանուր առմամբ, շատ կուզեի, որ դերասաններին լավ նայեին, որ նրանք նույնիսկ ստիպված չլինեին նկարահանվել սերիալներում, այնքան փող ստանային թատրոնից, որ առավոտից երեկո աշխատեին այնտեղ, իսկ ֆիլմերում ու սերիալներում էլ նկարահանվեին այն ժամանակ, երբ ազատ ժամանակ ունենային»։
Մենք հետաքրքրվեցինք նաեւ Ռոմանի անձնական կյանքով, հարցրինք՝ նրա կողքին կին չի հայտնվում, որովհետեւ դերասանը բծախնդի՞ր է, թե՞ պարզապես չի հանդիպել իր միակին. «Չգիտեմ։ Հաստատ բծախնդիր չեմ, բայց ավելին չեմ ասի»,-եզրափակեց Ռոմանը։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Փետրվարի 9-ից կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը, որում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Տեղեկացնենք, որ հայ մարզիկներն արդեն մրցավայրում են: Ահա Փհենչհան-2018-ում Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը` Երեւանի ժամանակով:
Կատյա Գալստյան – սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին
Միքայել Միքայելյան – սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05
Կատյա Գալստյան – 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30
Միքայել Միքայելյան – 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00
Աշոտ Կարապետյան – հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15
Աշոտ Կարապետյան – հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15
Հիշեցնենք, որ ձմեռային օլիմպիական խաղերը կկայանան փետրվարի 9-25-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում: 15 մարազաձեւերում կվիճարկվի մեդալների 102 հավաքածու: Խաղերի բացման արարողությունը կկայանա փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին:

 

 

ՄՐՑԵԼՈՒ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ
Փետրվարի 10-ին` ժամը 11-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենա լրատվամիջոցների 4-րդ շախմատային մրցաշարը: Այն կազմակերպել է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Մրցաշարը կանցկացվի 7 մրցափուլով, 10+5 ժամակարգով: Մրցաշարի գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:




Լրահոս