ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վրաստանի քաղաքացիներ Սեյրան Իսպիրյանն ու Սայաթ Ստամբոլցյանն առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության բնակության նոր վայրում հաշվառվելու և անձնագրավորվելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձին և Աշտարակի անձնագրային բաժանմունքի հանրային ծառայողին համապատասխանաբար կաշառք և ապօրինի վարձատրություն են տվել:
Այսպես, Սեյրան Իսպիրյանը առանց օրինական փաստաթղթերի ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու համար 26.04.2013թ.-ին դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Արագածի անձնագրային բաժանմունքի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գոռ Քալանթարյանին: Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության Ս. Իսպիրյանին հաշվառելու և անձնագրավորելու համար նրանից պահանջել և ստացել է կաշառք: Դրա դիմաց Գ. Քալանթարյանը, առանց ՀՀ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տան համասեփականատերերի համաձայնության, Ս. Իսպիրյանին կեղծ հիմքերով հաշվառել է այդ հասցեում, որից հետո, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ, վերջինս հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, այնուհետև ստացել կեղծ հիմքերով նույնականացման քարտ և կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր: Նշված կեղծ անձնագիրն օգտագործելով` Ս. Իսպիրյանը 2013-2017թթ-ի ընթացքում «Զվարթնոց», Բագրատաշեն, «Բավրա» և «Գյումրի» հսկիչ-անցագրային կետերով 14 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:
Նույն ապօրինի ճանապարհով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է ստացել նաև Վրաստանի մեկ այլ քաղաքացի` Սայաթ Ստամբոլցյանը: Վերջինս նույնպես, չունենալով անձնագրավորման համար պարտադիր պայման հանդիսացող հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին:
Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի հաշվառման գործ և անձնագրավորման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր կազմելու համար Ս. Ստամբոլցյանից ապօրինի վարձատրություն է պահանջել ու ստացել: Դրա դիմաց հիշյալ հանրային ծառայողը ապօրինի գործողություններ է կատարել քաղաքացու օգտին. առանց Աշտարակ քաղաքի համապատասխան տան համասեփականատերերի համաձայնության Ս. Ստամբոլցյանին կեղծ հիմքերով հաշվառել է նշված հասցեում: Այնուհետև վերջինս հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում և ստացել կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր:
Ս. Ստամբոլցյանը հիշյալ կեղծ անձնագրի օգտագործմամբ 2014-2016թթ-ի ընթացքում «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետով 6 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:
Այսպիսով, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար Սայաթ Ստամբոլցյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ, 325-րդ և 329-րդ հոդվածների 1-ին մասերով: Իսկ պաշտոնատար անձին կաշառք տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար Սեյրան Իսպիրյանին մեղադրանքներ են առաջադրվել 312-րդ, 325-րդ և 329-րդ հոդվածների 1-ին մասերով:
Ս. Ստամբոլցյանի և Ս. Իսպիրյանի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու համար: