Արարատի մարզի ինը համայնքներում՝ Եղեգնավանում, Դարբնիկում, Զորակում, Խաչփարում, Հայանիստում, Նիզամիում, Նորամարգում, Սայաթ-Նովայում եւ Սիսում մարտի 11-ին ընթանում են համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ, Սիփանիկ համայնքում՝ միայն ավագանու ընտրություններ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավետիսյանն ասել է, որ Մասիսի տարածաշրջանի ինը համայնքներում ընտրության մասնակցությունը 25 տոկոս է:
Ժամը 14:00-ի դրությամբ 12108 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 2865 քաղաքացի: «Մինչ այս պահն ընտրություններն ընթացել են հանգիստ, առանց որեւէ միջադեպի: Դժվարություններ չեն առաջացել նաեւ տեխնիկական առումով»,- ընդգծեց նա:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 13 Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանը նշեց, որ Արարատի տարածաշրջանի Եղեգնավան համայնքում, ժամը14 :00-ի դրությամբ, 1079 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 344-ը:
Նորամարգում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ Արմեն Գեւորգյանը, Արման Թադեւոսյանը եւ Արսեն Ղահրամանյանը: Մյուս ութ համայնքներում առաջադրված է մեկական թեկնածու՝ Եղեգնավանում՝ Հովսեփ Ղազարյանը, Դարբնիկում՝ Դավիթ Գզիրյանը, Զորակում՝ Մանուկ Մալոյանը, Խաչփարում՝ Ղազար Մարտիրոսյանը, Հայանիստում՝ Բալաբեկ Սարկիսյանը, Նիզամիում՝ Հարութին Կարապետյանը, Սայաթ-Նովայում՝ Ռազմիկ Ալավերդյանը եւ Սիսում՝ Արմեն Եղյանը: