Ինքն ունի այն որակները, որ կարողանա հաղթահարել նաև քաղաքական իր նախկին մոտեցումները. Գագիկ Հարությունյանը` Հրայր Թովմասյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմերը զեկույց էին հրապարակել, թե ՍԴ շատ որոշումներ չեն կայացվում: Դա չի՞ նսեմացնում ՍԴ-ի դերը:

-Եթե ինչ-որ դրույթ հակասահմանադրական է ճանաչվում, դա անմիջապես կատարվում է, խնդիր չի առաջանում: Այսինքն` նորմը հակասահմանադրական է, այդ պահից այդ նորմը չի գործում: Խոսքը վերաբերում է իրավական դիրքորոշումներին, թե ինչպես են իրացվում դրանք: Խնդիրներ առաջանում են այստեղ, մի մասը չի կարողանում համապատասխան ձեւով կառուցակարգային լուծումներ գտնել, օրենսդրական լուծումներ գտնել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է որոշումների, որոնք ժամկետներ ունեն: Մենք սահմանադրորեն այդ հարցը լուծել ենք, եւ հիմա կոնկրետ նաեւ օրենսդրորեն է լուծվել, որ Սահմանադրական դատարանի որոշումը կայացնելուց հետո արդարադատության նախարարությունը պարտավոր է վերլուծել, եւ եթե օրենսդրական փոփոխությունների խնդիր է առաջ քաշել ՍԴ-ն, ապա պետք է օրենսդրական նախաձեռնությամբ դա ներկայացնել Ազգային ժողով: Այս պարագայում դա կնվազեցնի չկատարումը, եւ որոշումների կատարումն ավելի լիարժեք կլինի:

-Դա արդյո՞ք կնպաստի դատարանների դերի բարձրացմանը: Ի վերջո, հասարակության մոտ անվստահություն է առկա:

-Բնական է: Ես դեռ լիազորություններ չեմ ստանձնել նոր տեղում, բայց այնտեղ մենք նախատեսել ենք շատ հստակ կարգ, որ դատական իշխանությանը վերաբերող բոլոր նախագծերի վերաբերյալ ԲԴԽ-ն պետք է կարծիք հայտնի: Այդ կարծիքը, նախագիծը պետք է շրջանառվի դատարաններում, մենք պետք է դրա վերաբերյալ սահմանենք՝ կարգն ինչպես է: Մեր նպատակը նա է, որ դատական իշխանությունը չլինի օբյեկտ իշխանության մյուս թեւերի մոտ, այլ լինի սուբյեկտ իրավական հարաբերություններում: Բայց դրա մեխանիզմները դեռեւս ստեղծված չեն: Այսինքն` պետության կայացման ճանապարհին պետք է քայլ առ քայլ կատարելագործել մեխանիզմներ, որպեսզի իրավական համակարգը կարողանա նորմալ աշխատել: Մենք դեռ դրա միջնամասում ենք:

-Պարո՛ն Հարությունյան, ՍԴ նախագահի պաշտոնում Ձեզ փոխարինելու է Հրայր Թովմասյանը: Բայց, ի տարբերություն Ձեզ, նա երկար տարիներ կուսակցական է եղել: Դա չի՞ խանգարի նրան օբյեկտիվ լինելու հարցում:

-Ինքն ունի այն որակները, որ կարողանա հաղթահարել նաեւ քաղաքական իր նախկին մոտեցումները: Հետո կա մեկ ուրիշ բան. շատ հաճախ տարբեր ոլորտների քաջատեղյակ լինելով` կարողանում ես ավելի արդյունավետ աշխատել: Միգուցե թե այս պարագայում այդ իրողությունը կլինի:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս