ԱԺ-ՈՒՄ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ, ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՈՒՄ՝ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանին երեկ մերժեց 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության առաջարկությունը, ընդ որում՝ մերժեց առանց լուրջ քննարկումների: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ զրուցել է մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր` Սարգիս Քլոյանի հետ:

-Պարո՛ն Քլոյան, Երեւանի ավագանու նիստում մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կագնեցնելու հարցն էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ իշխանությունները մերժեցին արձանը տեղադրելու որոշման նախագիծը:
-Բնական է, որ պետք է մերժեն: Այս իշխանությունն է սպանել տասը քաղաքացիներին, ուրեմն ինչո՞ւ պետք է ընդունեն: Սա քաղաքական եւ սպասելի որոշում էր: Արձանը կարող է տեղադրվել միայն այն ժամանակ, երբ սպանությունների մեղավորները պատժվեն, իսկ մեղավորները կպատժվեն միայն իշխանափոխությունից հետո:
-Երեկ` ավագանու նիստի ժամանակ, «Ելք» խմբակցությունն առաջարկեց նիստը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը; Ոտքի կանգնեցին միայն «Ելքի» ու «Երկիր Ծիրանիի» անդամները, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
-Ամեն տարի Ազգային ժողովում հանրապետականները ոտքի կանգնում են, թե ինչու ավագանին չկանգնեց ոտքի, դա արդեն իրենց խղճի հարցն է:
-Մարտի 1-ի գործով կարծես որոշակի տեղաշարժ կա. դատախազության ցուցումով հատուկ քննչական ծառայությունն ուսումնասիրելու է փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը՝ այդ իրադարձություններին զինված ուժերի ներգրավման մասին: Ակնկալիքներ ունե՞ք:
-Իհարկե ոչ: Ակնկալիքներ կունենամ միայն իշխանափոխությունից հետո: Իսկ այժմ այդ հարցը կրկին քննարկվում է միայն ժամանակ շահելու ու որոշ հանգամանքներ մեղմացնելու համար: Ես դա կապում եմ ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հետ: Սա ընդամենը շոու է:
-Կարծիք կա, որ այդ զեկույցն ուսումնասիրելու ընթացքում նաեւ պետք է հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, որը ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարն էր, հետեւաբար հրաման ինքն է տվել: Ի՞նչ եք կարծում` սա հնարավո՞ր է:
-Ո՛չ: Երբեք չեն կանչի Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության, եթե կանչեն Քոչարյանին, ապա Սերժ Սարգսյանին նույնպես պետք է կանչեն: Սերժ Սարգսյանը նման բան թույլ չի տա:
-Բայց տպավորություն է, որ կարծես Սերժ Սարգսյանը փորձում է մարտի 1-ի պատասխանատվության սլաքներն ուղղել Քոչարյանի ուղղությամբ:
– Եկեք շատ չխորանանք, ես չեմ ուզում քաղաքականացնել, հիմա այդ հարցերի մեջ մտնել:
-Մարտի 1-ի գործը քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հիմա ի՞նչ փուլում է այն գտնվում, ի՞նչ նորություններ ունեք Եվրոպական դատարանից:
-Եվրոդատարանում հարցուպատասխանի փուլը ավարտվել է, այժմ սպասում ենք դատավճռին:
-Ի՞նչ դատավճիռ եք ակնկալում:
-Դատավճիռը, միանշանակ, ի օգուտ մեզ է լինելու: Հուսով եմ, որ նախարարների կոմիտեն կհետեւի սպանությունների բացահայտմանը, եւ մենք կստանանք բարոյական փոխհատուցում:

Զրուցեց ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԸ

 

 

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է

2018թ. մարտի 10-ի գիշերը` ժամը 2-ի սահմաններում, վրացական պետհամարանիշներով «ԴԱՖ» մակնիշի խոշոր բեռնատարը միջպետական ավտոճանապարհին, Իջեւանի շուկայի դիմաց բարձրացել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին: Պատնեշի սկզբնամասը քանդվել է, սակայն ֆուռը չի շրջվել: Թուրքական ընկերությանը պատկանող բեռնատարը Հայաստան է ներկրել ցիտրուսային մրգեր, բեռնատարի ղեկին եղել է ազգությամբ թուրք վարորդ: Պատահարից մոտ 8 ժամ անց ամբարձիչ կռունկ է բերվել, որը շուրջ 2 ժամվա ընթացքում բեռնատարն իջեցրել է բետոնե արգելապատնեշից:

Արգելապատնեշի մասին զգուշացնող ճանապարհային նշանը դեպքի ժամանակ ջարդված է եղել, նոր պատրաստված ճանապարհային նշանն այդ ժամանակ տեղադրված չի եղել: Արգելապատնեշի բետոնի վրայի կապույտ շերտերի գույնը խամրած է, կեղտոտված, վարորդները գիշերները դրանք չեն տեսնում: 2017թ. նոյեմբերի 27-ին նույն տեղում` Իջեւանի շուկայի մոտ, «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ` 1984թ. ծնված Մ. Շարաշիձե) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Իջեւանի շուկայի առջեւի արգելապատնեշները տեղադրվել են 2014թ., Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ: Մարզպետը բազմիցս «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, որ այդ տարածքում աշխատանքները շարունակվելու են, արգելապատնեշների սկզբնամասում, միջպետական ավտոճանապարհով հետիոտների անվտանգ անցումը եւ ավտոտրանսպորտային միջոցների անխափան երթեւեկությունն ապահոհվելու համար նախատեսվում է կառուցել հետիոտների վերգետնյա կամ ստրոգետյա անցում: Սակայն անցած 4 տարում հետիոտների անցումն այդպես էլ չկառուցվեց:
2017թ. մայիսի 10-ին մի քանի տասնյակ իջեւանցիներ ի նշան բողոքի շուրջ 40 րոպե փակել էին միջպետական ավտոճանապարհի Իջեւանի շուկայի հարակից հատվածը: Բողոքողների պահանջներից մեկը շուկայի մոտ, միջպետական ավտոճանապարհին բետոնե արգելապատնեշները հանելն էր: Տավուշի մարզպետին գրավոր հարցում եմ ուղարկել` մինչ այժմ 2 խոշոր բեռնատար բախվել են այդ պատնեշին, խոչընդոտել երթեւեկը, մտադի՞ր եք այդ պատնեշները հանել կամ այդ հատվածում երթեւեկի անվտանգությունն ապահովելու համար հավելյալ միջոցներ ձեռնարկել: Ի պատասխան մարտի 16-ին ստացվել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի գրությունը, ուր նշված է. «Մ-4 Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ճանապարհի Իջեւան համայնքի շուկայի հատվածի բարեկարգման աշխատանքները (բետոնե բլոկների տեղադրում 60x84x500սմ) իրականացվել են ՀՀ կառավարության 07.08.2014թ. թիվ 834-Ն որոշման համաձայն նախատեսված միջոցների հաշվին: «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի եւ մի շարք իրավական ակտերի համաձայն` միջպետական նշանակության ավտոճանապարհների կառավարումը եւ տնօրինումը իրականացնում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Նշված ճանապարհների եւ ճանապարհների մաս հանդիսացող արհեստական ու ինժեներական կառույցների, անվտանգության, կահավորանքի տարրերի նորոգումը, պահպանումը եւ շահագործումը իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրատվությամբ: Միջպետական ճանապարհի Իջեւան համայնքի շուկայի հատվածը կարգավորված է անհրաժեշտ երթեւեկության նշաններով»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՊԱՌՔԸ` 920 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Տավուշի մարզի համայնքներում նախորդ տարիներից կուտակված հողի հարկի ապառքը եւ գույքահարկի ապառքը կազմել է 967.9 մլն.դրամ: 2017 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Հովիկ Աբովյանը համայնքների ղեկավարներին առաջարկեց հողի հարկի եւ գույքահարկի ավտոմատացված տեղեկատվական բազաներում կատարել ճշգրտումներ եւ հավաքագրված գումարների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ հարկատուների մուտքագրել, որի համար ժամկետ սահմանեց մինչեւ 2017թ. սեպտեմբերի 15-ը: Այդ ժամկետում ավտոմատացված տեղեկատվական բազա է մուտքագրվել 22.3 մլն. դրամ գումար համայնքների տեղեկատվական բազա, որից 6.9 մլն. դրամը` գույքահարկ, 15.4 մլն դրամը` հողի հարկ: Մարզպետարանի տվյալներով` 2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարիներից կուտակված ապառքը կազմել է 860.8 մլն. դրամ, որից հողի հարկի ապառքը 595.5 մլն. դրամ, գույքահարկինը` 265.3 մլն. դրամ: Մարզպետարանից պարզաբանում են, որ ավտոմատացված տեղեկատվական բազաների ճշգրտման, գումարների մուտքագրման, հողի հարկի եւ գույքահարկի բազաներում հարկատուների թվաքանակի ավելացման կամ նվազեցման գործընթացն անընդհատ է, քանի որ հիմնական եւ շարժական միջոցների սեփականատերերը փոփոխվում են, ձեռք են բերվում նոր միջոցներ, եւ յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ հիմնական միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում սահմանված կարգի համաձայն վերագնահատվում են: Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիներից կուտակված ապառքը կազմել է 920.8 մլն. դրամ, որից հողի հարկի ապառքը 594.6 մլն. դրամ, գույքահարկը` 326.2 մլն. դրամ: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիներից հավաքագրվել է հողի հարկի ապառք` 10.1 մլն. դրամ, գույքահարկի ապառք` 23.4 մլն. դրամ:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նալբանդյանը ներկաներին տեղեկացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին: Նախարարն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում ընթացող համագործակցությանը, ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին:




Լրահոս