Ավտոլվացման կետի աշխատակիցը հաճախորդի մեքենայից գողություն է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է գողացված բանկային քարտի միջոցով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունը։ Մեղադրանք է առաջադրվել ավտոլվացման կետի 22-ամյա աշխատակցին:
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 7-ին՝ քաղաքացին իր ավտոմեքենան տարել է ավտոլվացման կետ՝ լվանալու, որի ժամանակ ավտոմեքենայից հափշտակվել է կանխիկ գումար, բանկային քարտ և վերջինիս կցված հեռախոսային համարի քարտը: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն ավտոլվացման կետի աշխատակիցն է՝ ծնված 1995թ.: Բացի այդ, իրականացված օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 22-ամյա երիտասարդը, ավտոմեքենայից գողացված բանկային քարտի տվյալները օգտագործելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ քաղաքացու քարտային հաշվից կատարել է փոխանցումներ իր խաղային հաշիվներին՝ հափշտակելով զգալի չափի գումար։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ավտոլվացման կետի 22-ամյա աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի և 181-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտե




Լրահոս