2017 թվականի հունիսին` կառավարության նիստրից մեկի ընթացքում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություն իրականացնող անձանց, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ ՀՀ ոստիկանապետին հանձնարարել էր հատուկ վերահսկողություն սահմանել, ստուգումներ անցկացնել եւ անհատ տաքսու վարորդներին լիցենզիա տրամադրելիս հատկապես ուշադիր լինել. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն»,- ասել էր նա:
Եթե նախարարությունը բարեհաճեր ժամանակին ականջալուր լինել ՀՀ վարչապետին, կատարեր նրա հանձնարարականը, այս օրերին տարբեր քաղաքացիներ ստիպված չէին լինի տաքսի ծառայությունից օգտվելիս խնդիրների առաջ կանգնել: Բանն այն է, որ «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին տաքսու վարորդները» ոչ միայն անարգել շարունակում են իրենց գործունեությունը, այլեւ դիմում են հանցագործությունների
Եվ այսպես` օրերս ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 3-ին` ժամը 19.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 34-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել է, որ նույն օրը` ժամը 4.00-ին, Եղվարդի խճուղում` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան»-ի նախկին մասնաշենքի մոտ, տաքսի ծառայության վարորդն ավտոմեքենայի սրահում դանակի սպառնալիքով իրենից պահանջել է գումար, ապա պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նշված տաքսի ավտոմեքենայի վարորդը 1984թ. ծնված Գեւորգ Խ.-ն է, որը ժամը 20.15-ին Երեւանի Լվովյան փողոցից «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել բաժին: Գեւորգ Խ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: Ավելի վաղ, հիշում եք, եղել են տաքսիստների կողմից բռնաբարության փորձեր եւ այսպես շարունակ:
«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի հանձնարարականի, տաքսի ծառայությունների կողմից արձանագրված դեպքերի մասին խոսեց ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ:
-Ի՞նչ եք արել անցած տարի հունիսին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի հետ կապված, որը վերաբերում էր «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն» տաքսի ծառայությունների գործունեությանը: Դատելով ամիսներ առաջ վարչապետի կողմից տրված հանձնարարականից` նախարարությունը ոչինչ չի արել ու գնալով ավելի բարդ վիճակ ունենք. տասքի ծառայություններից օգտվող ուղեւորներին դանակի սպառնալիքով գումար են վերցնում, ստիպում են սեռական հարաբերություններ ունենալ: Ձեզ չի՞ մտահոգում այս իրավիճակը:
-Գիտեք, հանձնարարականը մի քիչ ուրիշ ձեւով էր ձեւակերպված, դա օդանավակայանի տաքսիների եւ ավտոբուսի կազմակերպմանն էր վերաբերում, որը որ կազմակերպվել է: Իսկ ինչ վերաբերում էր վարչապետի այդ ասածին, գիտեք, դա ոչ թե կառավարության ինչ-որ որոշումով կամ պաշտոնյայի քայլով պետք է արվի, այլ հասարակությունը պետք է պայքարի դրա դեմ, որ մենք հասնենք բարձր մակարդակի:
-Հիմա կոնկրետ «անթրաշ, չստիկով, սիարետը բերանին» վարորդների գործունեության հանձնարարականի մասով ի՞նչ արեցիք Դուք, ոչ մի բան, թողեցիք հասարակությանը:
-Արել ենք, ինչի չէ:
– Կոնկրետ կասեք` ի՞նչ արեցիք:
-Հանձնարարականով կազմակերպվեց ուրիշ տաքսի ծառայությունների մուտքը օդանավակայան, ուղիղ ավտոբուսային չվերթը օդանավակայան, դրանք բոլորը այսօր գործում են պատշաճ:
-Միգուցե Դուք օդանավակայանի մասով կոնկրետ աշխատանք եք կատարել, բայց արդյունք չկա, հիմա մարդիկ կոնկրետ ապահովագրված չեն «անթրաշ, չստիկով» տասքու վարորդներից: Քաղաքացիները, օգտվելով տաքսի ծառայություններից, չգիտեն` տեղ կհասնե՞ն, թե՞ ոչ: Քիչ առաջ Ձեզ հայտնեցինք, որ նման մի դեպք իրավապահները քննում են, ու այդ դեպքերը բազմաթիվ են:
-Իհարկե, մտահոգում է, ոչ միայն դա է մտահոգում, այլ նաեւ մտահոգում է մեքենայի տեխնիկական վիճակը եւ այլ հարցեր:
-Եթե մտահոգում է, ի՞նչ եք անում:
-Օրենսդրական փոփոխություններ ենք անում, տեսչությունն է աշխատում, տեսչությունը շատ խիստ վերահսկողություն է իրականացնում:
-Ո՞ւր է այդ խիստ վերահսկողությունը, որ մենք նման դեպքերի հետ ենք բախվում, մարդը օգտվում է տաքսի ծառայությունից, եւ վարորդը դանակի սպառնալիքով ստիպում է, որ ուղեւորը ինչ ասես, թե չանի իր համար: Սա՞ է Ձեր խիստ վերահսկողությունը:
-Ես դրա համար եմ ասում, բացի պաշտոնյայի անելուց` պետք է, բնականաբար, հասարակությունը պայքարի:
-Հասարակությունը կոնկրետ ի՞նչ անի, եթե այդ ոլորտի համար կան պատասխանատուներ ի դեմս Ձեզ:
-Թեկուզ բոյկոտի այդպիսի տաքսիներ նստելը:
-Ինչպե՞ս բոյկոտենք, տաքսի պատվիրել ենք, եկել է, նստում ենք ու փաստի առաջ ենք կանգնում, կա կոնկրետ նախարարություն, կա կոնկրետ նախարար, Ձեր լծակները աշխատացրեք, մեր անվտանգությունը ապահովեք:
-Դուք ո՞րն եք համարում մեր աշխատանքի թերացումը:
-Այն, ինչ այսօր կատարվում է տրանսպորտային ոլորտում, որի մասին քիչ առաջ հայտնեցի Ձեզ:
-Վերահսկողությունը կա, ցավոք սրտի, այսօր շատ տաքսիներ գործում են լիցենզիայից դուրս, որի համար նորից օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ կարողանանք աշխատել այդ ուղղությամբ:
-Օրենսդրական փոփոխությունների մասին կմանրամասնե՞ք:
– Փոփոխությունը լիցենզիաների տրամադրմանն է վերաբերում:
Քնար Մանուկյան