Երեկ մոտ 5 ժամվա ընթացքում Հայաստանի խորհրդարանը վարչապետ ընտրեց: Վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանը 77 կողմ, 18 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ կողմից ընտրվեց: Սերժ Սարգսյանի ելույթները, ինչպես միշտ, «ուշագրավ» էին: Եվ այսպես` որպես վարչապետի թեկնածու անդրանիկ ելույթում Ս. Սարգսյանը խորհրդարանական ամբիոնից նշեց. «Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ ՀՀ երրորդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, եւ այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց: Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը»: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանն իրեն պահում էր որպես խորհրդային տարիներից հայտնի «գենսեկ», որովհետեւ այդ ժամանակ կոմունսիտական կուսակցության առաջին քարտուղարը նաեւ երկրի ղեկավարն էր՝ ի պաշտոնե:
Ավելի ուշ պատգամավորների հարցերին ի պատասխան` Սարգսյանը շեշտեց, որ Սահմանադրությունը թույլ է տալիս ուժերը կենտրոնացնել տնտեսական խնդիրների վրա: Հետաքրքիր է՝ իսկ նախկին Սահմանադրությունն իշխանություններին արգելո՞ւմ էր այդ ամենն անել, թե՞ խանգարում, երբ այս ընթացքում ունեցանք սոցիալ-տնտեսական դժվարագույն վիճակներ: Հիշեցնենք նաեւ՝ 2009-ի վերջին, երբ Սարգսյանը մեկ տարի էր, ինչ նախագահի պաշտոնում էր, հայտարարել էր. «2010 թ. դառնալու է տնտեսական առաջընթացի նոր սկիզբ»: Բայց նոր սկզիբն այդպես էլ չկա ու չկա:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ ավանդների հարցին` ասելով. «2007թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի առեւտրային բանկերում դրամական ավանդները` ֆիզիկական անձանց կողմից, կազմել են 143,6 մլրդ դրամ, իսկ 2017-ի հունվարի 1-ի դրությամբ` 1 տրիլիոն 553 մլրդ դրամ: Այսինքն` մեր քաղաքացիների խնայողությունները տասն անգամ ավելացել են»: Հավանաբար Սարգսյանը նկատի ունի իր եւ իրեն մերձակա մեծահարուստ ՀՀԿ-ականների ավանդները, որ դրվել են բանկերում, որովհետեւ հազիվ թե 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում, որտեղ տասից երեքն աղքատ է, հասարակ քաղաքացին խնայողություններ ունենա:
Հայաստանում արտագաղթի պատճառների վերաբերյալ հնչած հարցին ի պատասխան` Սարգսյանը նշել է, թե կան գործոններ, որոնք ներկայացնելը նպատակահարմար չէ: Միայն թե լավ կլիներ` նա ազնվորեն ներկայացներ իրավիճակը. մարդիկ փախչում են երկրից ԼՂ խնդրի կարգավորված չլինելու պատճառով, երբ ամեն պահի կա պատերազմի վերսկսման վտանգը, մարդիկ փախչում են երկրից վաղվա օրվա հետ հույս չկապելու հետեւանքով, այսինքն՝ հուսալքությունից: Իսկ հուսալքվել են, որովհետեւ այս տարիներին փորձել են ՀՀ-ում իշխանություն փոխել, բայց միեւնույն է` ՀՀԿ-ի ռեժիմը վերարտադրվել է բռնությունների, անգամ սպանությունների գնով:
«Վստահ եմ` Հայաստանում այսօր շատ մարդիկ, գոնե 60 տոկոսը, դժգոհ է ամեն ինչից։ Բայց դժգոհ լինել, չի նշանակում ըմբոստանալ»,-ամբիոնից հնչեցրել է Սարգսյանը: Այսքանից հետո Գալուստ Սահակյանը կարող է լուրջ անհանգստանալ, քանի որ իրեն արժանի մրցակից է հայտնվել: Իսկ մինչ այդ, հետաքրքիր է՝ եթե մարդիկ դժգոհ են, ի՞նչ անեն, եթե ոչ ըմբոստանան: Համակերպվե՞ն, թե՞ արտագաղթեն: Վերջին տարիներին հենց այս երեւույթն է տեղի ունենում, ընդ որում՝ արտագաղթողների թիվը գնալով ավելանում է: Մեկ փաստ էլ. իրականում Հայաստանում դժգոհ է բնակչության ոչ թե 60, այլ գրեթե 90 տոկոսը: Եթե Սերժ Սարգսյանը չի հավատում, կարող է սոցհարցում անցկացնել կամ կերպարանափոխված շրջել մարդկանց մեջ ու լսել կարծիքները:
«Ես, իհարկե, համաձայն չեմ այն պնդումների հետ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով. ինչու, որովհետեւ ե՛ւ իմ, ե՛ւ Ձեր կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են, նրանց եզրակացություններ են: Ինչպես հիշում ենք` եզրակացությունը միանշանակ էր, որ ընտրությունների արդյունքները Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն էին»:
Ինչեւէ, հիշեցնենք միջազգային կառույցների դիրքորոշումն այս կապակցությամբ. «Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները եւ ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը»,-ասված էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից հրապարակված զեկույցում: Դիտորդների գնահատմամբ` ընտրարշավում տեղ գտած այս խնդիրները եւ ընտրությունների օրը եւ դրանից հետո քվեարկության գաղտնիության վերաբերյալ հնչեցված նշանակալի կասկածները մտավախություններ են առաջացրել ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի իրացման կապակցությամբ:
Ի դեպ, երեկ վարչապետ ընտրվելուց հետո ունեցած ելույթում Սերժ Սարգսյանի տոնայնությունը կտրուկ փոխվեց, ու նա սկսեց խորհուրդներ տալ ընդդիմությանը, մասնավորապես «Ելք» խմբակցությանը խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանին փողոցից բերել խորհրդարան: Ավելի ուշ, Փաշինյանը Ս. Սարգսյանին հակադարձել է իր իսկ հայտնի խոսքերով. «Իյա, իրո՞ք»:
Մեկ փաստ էլ. Ս. Սարգսյանն իր ելույթում երեկ ասել է. «Երբեք, որեւէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել»: Միայն թե, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը 2008թ. իշխանության եկավ արյան գնով՝ մարտի 1-ի սպանդի արդյունքում, երբ մայրաքաղաքի կենտրոնում սպանվել էր տասը քաղաքացի: Նախօրեին էլ մի փոքր արյուն հեղվեց, երբ ոստիկանները լուսաձայնային նռնակ կիրառեցին` փորձելով վախեցնել ԱԺ-ի մոտ շարժվել ցանկացող ցուցարարներին, եւ արդյունքում վնասվածքներ ստացան ե՛ւ ցուցարարները, ե՛ւ հենց ոստիկանության աշխատակիցները:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ