Սահմանադրական դատարանի աշխատակիցներին հրահանգված է աշխատանքի չգալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքների արդյունքում պարապուրդի մեջ են հայտնվել մի շարք պետական գերատեսչություններ: Բայց սա ոչ թե այն պատճառով, որ հանրահավաքի մասնակիցները շրջափակել են այդ գերատեսչությունների շենքերը, այլ որովհետեւ այդպես է հրահանգել ղեկավար կազմը: Այդ գերատեսչությունների թվում է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանը. ապրիլի 17-ին ՍԴ աշխատակիցները աշխատանքի չեն գնացել: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ՍԴ ղեկավար կազմը աշխատողներին հորդորել է ապրիլի 18-ին էլ աշխատանքի չգնալ: Մեզ հայտնի դարձավ, որ վերջին երկու օրերին շենքում ընդամենը մի քանի հոգի են եղել, նրանք, ովքեր ՍԴ շենքի մոտակայքում են ապրում:

Նշենք, որ մի քանի օր է՝ ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան` այդպես շրջափակելով նաեւ ՍԴ-ն: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի հետ, ով լսելով հարցը` արձագանքեց. «Երկու օրերին էլ ՍԴ աշխատողները եկել են աշխատանքի իրենց աշխատանքային ժամին եւ աշխատել են մինչեւ աշխատանքային օրվա վերջ: Նրանք երկու օրերին էլ բնականոն հունով աշխատում են»: Ի դեպ, տեղեկացնենք, որ Վլադիմիր Վարդանյանը նոր է այս պաշտոնին նշանակվել՝ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալուց հետո:




Լրահոս