Երիտասարդության շարժիչ ուժը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին հեռուստահարցազրույցում Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերն իսկապես ծիծաղելի էին: «Ախր գործողությունը պիտի նպատակ ունենա: Լավ, ես ինչ-որ չափով հասկանում եմ իրենց նպատակը՝ իրենք չէին ուզում, որ տեղի ունենա ԱԺ նիստը, բայց տեղի է ունեցել: Հիմա՞ ինչ են ուզում: Ուզում են գալ-մտնել էս շենք, իրե՞նք կառավարեն: Ենթադրենք` ինչ֊որ մի պահ իրենց դա հաջողվեց: Հետո՞: Իրենց ո՞վ ա ընդունելու, իրենք ի՞նչ ա՝ դառնալու են օրինական, լեգիտիմ իշխանությո՞ւն: Սերժ Սարգսյանը լինելույա ոչ լեգիտիմ, ժողովրդին գրգռող, իսկ իրենք ժողովրդին հանգստացնող ու լեգիտի՞մ: Երբ որ մարդկանց գործողությունների մեջ տրամաբանություն չկա, շատ դժվար է հասկանալ, թե դեպքերը դեպի ուր կզարգանան»,- ասել է նա:

Ու ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս օրերին, անդրադառնալով բողոքի ցույցերին երիտասարդների եւ դեռահասների մեծ թվով մասնակցությանը, փորձում են քամահրանքով վերաբերվել, առաջ տանել միտքը, թե «այս ամենը երեխեքի խելքի բանը չէ»:

Միայն թե, համաձայնեք, նման պնդումներն իսկապես ծիծաղելի են հնչում: Սա թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ ընդամենը 30 տարի առաջ Հայաստանը անցել է նման իրադարձությունների բովով եւ դուրս եկել հաղթանակած: Ի վերջո, ղարաբաղյան շարժման կիզակետում կրկին նույն երիտասարդներն էին, հիմնական ցուցարարները, ակցիաների մասնակիցները ոչ միայն միջին ու ավագ սերունդն էր, այլ ավելի խանդավառված գործում էին ավագ դպրոցական տարիքի աշակերտները, ուսանողները: Ազատության հրապարակում ուսանողների ցույցերի եւ հացադուլների լուսանկարները վերջերս կրկին հրապարակվեցին Շարժման 30-ամյակի կապակցությամբ:

Այն ժամանակ հարթակի լիդերները մարդիկ էին, որոնք չէին եղել կուսակցական նոմենկլատուրայի մեջ, չէին զբաղեցրել պետական կառավարման համակարգում պաշտոններ, այլ հայտնի մտավորականներ էին: Եւ Շարժումը հաղթեց:

Նաեւ այդ երիտասարդների մասնակցությամբ հաջողվեց անկախություն ձեռք բերել, պետություն հիմնել, հետո արդեն հաղթահարել բազմաթիվ դժվարություններ՝ տնտեսական ճգնաժամ, շրջափակում, եւ այդ պայմաններում հաղթել մեզ պարտադրված պատերազմում, այն էլ թվաքանակով ու զինվածության մակարդակով երկու անգամ ավելի ուժեղ հակառակորդին: Դժվար է հիշել որեւէ երկիր, որն անցած լինի նման ճանապարհով` ունենալով նման դժվարություններ: Ի դեպ, կոմունիստական իշխանության ներկայացուցիչներն էլ էին ճիշտ նույնկերպ արտահայտվում Շարժման ակտիվիստների մասին: Պարզվեց՝ չարաչար սխալվում էին:




Լրահոս