Արտահերթ ընտրությունների հնարավորության, Ընտրական օրենսգրքի եւ իր հնարավոր հրաժարականի հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
-Պարո՛ն Մուկուչյան, թավշյա հեղափոխությունից հետո խոսվում է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե քննարկվում են ժամկետները, ու ընտրությունները կանցկացվեն հավանաբար այս տարի: Օրենսդրության համաձայն` այս պահին որքանո՞վ է դա հնարավոր:
-Օրենսդրությունը նախատեսել է արտահերթ ընտրությունների հնարավորություն: Եվ բնական է` երբ նշանակվեն արտահերթ ընտրություններ, այդ ժամանակ կսկվեն կենտրոնական, տարածքային ընտրական հանձնաժողովների գործառույթները: Երբ նշանակվեն ընտրություններ, բնական է` պետք է հաշվի առնվեն այն ժամկետները, որոնք սահմանված են արտահերթ ընտրությունների համար, եւ այդ ժամկետներում պետք է կազմակերպվի ընտրական գործընթացը:
-Դեռ պետք է կառավարության ծրագիր ներկայացվի, չընդունվի…
-Այդ խնդիրներն, ըստ էության, դուրս են ԿԸՀ գործառույթների տիրույթից եւ քանի որ ես հիմա հարցերին պատասխանում եմ որպես հանձնաժողովի նախագահ, չէի փորձի անդրադարձ կատարել այն հարցադրումներին, որոնք ԿԸՀ տիրույթում չեն:
-Ամեն դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են տեղի ունենալ:
-Օրենսդրությունն ինքն է նախատեսում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորություն: Ընտրական օրենսգրքում եւս նախատեսված է արտահերթ ընտրությունների հետ կապված իրավադրույթներ: Ըստ էության, այստեղ պետք է նկատի ունենալ, որ գործառույթների ծավալով որեւէ պակաս գործառույթ կամ այլ իրավակարգավորում բնականոն ընտրության համար չի փոփոխվում: Այստեղ խնդիրը վերաբերում է նրան, որ էականորեն կրճատվում են ժամկետները, եւ բնական է` այդ ժամկետների հաշվառմամբ պետք է իրականացվի կազմակերպչական ամբողջ աշխատանքը:
-Խոսվում է նաեւ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին, եւ հատկապես վարկանշային ընտրակարգը հանելու հարցն է պարբերաբար քննարկվում:
-Ըստ էության, այսօր օրակարգային է դարձել, եւ այդ մասին արդեն խոսում են քաղաքական ուժերը` Ընտրական օրենսգրքում փոփոխության հետ կապված: Վերջին հաշվով` ինչպիսի փոփոխություններ կլինեն, դա բացառապես քաղաքական ուժերի որոշելու խնդիրն է: Ես կարծում եմ, որ կան խնդիրներ նաեւ` կապված տարածքային ընտրական ցուցակների հետ, դրանք թողնելու կամ վերացնելու վերաբերյալ: Դրանք քաղաքական ուժերի կողմից լուծում պահանջող խնդիրներ են: Ինչ վերաբերում է ԸՕ իրավակարգավորումներին, ապա կարծում եմ`այդ իրավակարգավորումները բավական լիարժեք են կարգավորում ընտրական իրավահարաբերություններն ամբողջությամբ վերցված: Իհարկե, կիրառական հարթության մեջ առանձին խնդիրներ ի հայտ են եկել: Ես կարծում եմ`այն խնդիրները, որ նախկինում ի հայտ են եկել նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից եւ արտացոլում են ստացել վերջիններիս զեկույցում, տեղական ՀԿ-ները եւս ունեին առաջարկություններ: Կարծում եմ, որ ԸՕ փոփոխություններ իրականացնելիս հավանաբար քննության առարկա կդառնան նաեւ նկատված առանձին տեխնիկական խնդիրները: Մեր աշխատանքի արդյունքում եւս նկատվել են ԸՕ առանձին խնդիրներ, եւ կարծում եմ` դրանց անդրադարձն ավելի հստակություն կմտցնի առանձին իրավանորմերում:
-Թե՛ տեղական, թե՛ դրսի տարբեր կազմակերպություններ խոսել են այն մասին, որ անհրաժեշտ է հասարակության վստահությունը վերականգնել ընտրական գործընթացի նկատմամբ: Գուցե նաեւ դա՞ էր պատճառներից մեկը, որ մեծ թվով մարդիկ դուրս եկան փողոց: Դուք ինքներդ` որպես ԿԸՀ նախագահ, Ձեր մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք այն հարցում, որ հասարակությունը դժգոհ էր այն արդյունքից, որ ընտրությունների ժամանակ արձանագրվել էր:
-Ընտրությունների ժամանակ եթե թվային պատկերով նայում ենք, տեղամասային ընտրական հանձնաժողովները հաշվարկել են քվեները, ամրագրել իրենց արձանագրությունների մեջ: Դրանք ուղարկվել են ԿԸՀ: Եվ գումարվել ու հրապարակվել է հանրագումարում ստացված արդյունքը: Այնպես չի, որ որեւէ քաղաքացի իր քվեն տվել է այլ քաղաքական ուժի, բայց ՏԸՀ-ն արձանագրել է այլ պատկեր: Ես մեղավորներ չէի փորձի փնտրել: Ես կփորձեի ընդամենը փաստել փաստեր:
-Այս պարագայում Ձեզ համար` որպես քաղաքացի, զարմանալի չէ՞, որ այդքան մարդ դուրս եկավ փողոց, եթե իրենք ընտրել էին եւ գոհ էին:
-Ես չեմ փորձում ասել` ընտրել էին, գոհ էին, թե գոհ չէին: Կային կուտակված խնդիրներ, որոնք պահանջում էին լուծումներ: Միգուցե հենց այդ էր պատճառը, որ մարդիկ դուրս եկան փողոց:
-Իշխանության փոփոխությունից հետո քաղաքացիները մի շարք պաշտոնյաների հրաժարականն են պահանջում: Դուք մտածո՞ւմ եք հրաժարական տալու մասին:
-Պետք է նկատի ունենանք, որ ԿԸՀ-ն կազմակերպում է ՏԻՄ ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան հունիսի 10-ին: Ինչ վերաբերում է հրաժարականին առնչվող խնդիրներին, այս պահին օրակարգում նման խնդիր առկա չէ: Կառաջանա նման խնդիր, ինչպես ցանկացած երեւույթի մասին է բարձրաձայնվել, այդ մասին եւս կբարձրաձայնվի:
-Այսինքն` եթե ՔՊ-ն, նորընտիր վարչապետը դա պահանջեն, կմտածե՞ք:
-Եկեք եթե-ներով որեւէ հարց չքննարկենք: Ես նշեցի, որ այս պահին օրակարգում նման հարց չկա: ԿԸՀ-ն հանդիսանում է ընտրությունները կազմակերպող մարմին: Կատարյալ երբեւէ որեւէ աշխատանք չի կարող համարվել: Բայց այն աշխատանքների ծավալը, որ եղել է հանձնաժողովի վրա, կատարվել է:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈ՞ՒՄ
ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ներպալատական հեղաշրջումների փորձեր են եղել ՀՀԿ ներսում: Սարգսյանը հրաժարական ներկայացրեց ապրիլի 23-ին, իսկ արդեն ապրիլի 25-ից վարչապետի պաշտոնակատար ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը փորձեց իրենով անել ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ՀՀԿ-ն: Պատահական չէ, որ այդ ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մակարդակով խոսվում էր Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ նախագահի լիազորությունները վայր դնելու մասին: Սակայն հակահեղափոխությունը կասեցվեց: Կասեցվեց նաեւ «իշխանափոխությունը» ՀՀԿ-ում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է փորձել կուսակցության ղեկավարի պաշտոնը ձեռքը վերցնել՝ իր շուրջ համախմբելով երիտհանրապետականների: Սակայն նրան եւս չի հաջողվել: Ու պատահական չէ, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե հիմա իրենց օրակարգում կուսակցության նախագահի փոփոխության հարց չկա: Անփոխարինելի է արդյոք Սարգսյանը հարցին էլ Շարմազանովը պատասխանել է, թե «ՀՀԿ-ում անփոխարինելի են եղել Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը։ Այսօր Սերժ Սարգսյանը մեր ղեկավարն է, մեր կուսակցության առաջնորդն է»,- ասել է նա։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Համաժողովրդական շարժման հաղթանակից հետո կարծես ավանդույթ է դարձել հարցերը ցույցերով եւ բողոքներով լուծելու տարբերակը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր ստացավ այն մասին, որ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողները չեն ենթարկվում դասախոսներին՝ կապված ե՛ւ քննությունների, ե՛ւ, ընդհանրապես, դասերի ժամանակ ամենատարրական կարգուկանոնը պահպանելու հետ: Նրանք երբ ցանկանում են, դուրս են գալիս լսարանից, երբ ցանկանում, դասի գալիս, եւ այդպես շարունակ: Ուշագրավ է, որ երբ դասախոսները փորձում են բարկանալ նրանց վրա եւ կարգի հրավիրել, ուսանողները նշում են, թե կդիմեն Նիկոլ Փաշինյանին եւ ներկայիս Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Իրավիճակն այնքան է լարվում, որ մի քանի դասախոսներ անգամ դեկանատներում լացել են ուսանողների պահվածքից՝ ասելով, թե այսպես շարունակվելու դեպքում աշխատանքից ազատման դիմումներ են գրելու: «Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ զրուցեց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ով նշեց, թե ինքը նման ահազանգեր չի ստացել, եւ այդպիսի դեպքերի մասին տեղյակ չէ՝ վստահեցնելով, թե նման դեպքերի առկայության դեպքում հետեւողական կլինեն: Ի դեպ` պարոն Հարությունյանը երեկ նաեւ հայտարարել է, թե դպրոցներում դրամահավաքության դեպքերի կապակցությամբ ինքը շատ խիստ է լինելու՝ համապատասխան փաստերը ներկայացնելով իրավապահներին:
ԱՆՎԵՐՋ ՑՈՒՅՑԵՐ
Մայրաքաղաքում եւ հանրապետության տարբեր մարզերում երեկ նույնպես ցույցերի պակաս չզգացվեց, ընդ որում` նրանք բողոքի ակցիաները զուգորդում էին փողոց փակելով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Վարդենիսում՝ կապված Սոթքի ոսկու հանքի հետ: Բողոքում էին Արարատի ցեմենտի գործարանի, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Երեկ բողոքի ակցիա իրականացրին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով, նաեւ նրա կողմնակիցները` ի պաշտպանություն քաղաքապետի: «Սասնա ծռեր»-ի աջակիցներն էլ փակել էին փողոցը` մինչեւ ուշ գիշեր շարունակելով շրջափակած պահել Շենգավիթի դատարանի շենքը: Երեկ բողոքի ակցիա էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազության մոտ՝ դատախազի հրաժարականի պահանջով: Փողոց փակելու դրսեւորումները դադարեցին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին վերջ տալ նման ակցիաներին: Բայց «Սասնա ծռեր»-ի աջակիցները երեկ շարունակեցին դատարանի շրջափակումը:
ԱԶԱՏՎԵՑԻՆ
Երեկ ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց Գագիկ Հայրապետյանին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Նշենք, որ Գագիկ Հայրապետյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի հոկտեմբերից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայրապետյանի` աշխատանքից ազատման հիմնական պատճառը աշխատակիցների կողմից հնչած դժգոհություններն են եւ թույլ տված որոշակի չարաշահումները: Տեղեկացնենք, որ «Hayastan24.com»-ը վերջերս գրել էր` ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանն իր որդու հարսանիքի համար նախարարության բյուջեից բավական մեծ գումար է հատկացրել: Փոխարենը նախարարության աշխատակիցները արդեն մեկ տարի է, ինչ ծառայողական համազգեստ չեն ստացել: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Գ. Հայրապետյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարը անջատված էր:
ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Ազգային ժողովի նախկին աշխատակիցները փորձում են դատարանի միջոցով վերականգնել իրենց իրավունքները: Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 15-ին Կարինե Հարությունյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ազգային ժողովի: Վերջինս դատարանից պահաջնում է, որ դատարանը պարտադրի Ազգային ժողովին իր նկատմամբ կայացրած անօրինական կարգապահական տույժը վերացնի եւ դեռ ավելին` նախկին պաշտոնում վերականգնի: Նշենք, որ այս գործը քննելու է դատավոր Արշակ Պետրոսյանը: