2016 թվականի հունիսի 24-ին դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է երրորդ անգամ: Այս մասին հայտնում է Բժշկական համալսարանի ռեկտոր Սրմեն Մուրադյանը:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Արարատի Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ա.Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող:
Հիշեցնենք, որ Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար նախատեսված 45 հազար դոլարը հավաքվեց օնլայն հանգանակության միջոցով: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Facebook-ի իր էջում կոչ էր արել միանալ այդ դրամահավաքին։