Թավշյա հեղափոխությունից հետո Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: ԱԱԾ աշխատակիցները երեկ հատուկ գործողություններ են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի շենքում տեղակայված «Երեւան» հիմնադրամում: Ըստ պաշտոնական հաղորդագրության` «Հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից եւ Ա.Խ.-ից այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց բացի օրենքով սահմանված վճարումներից իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է»:
Կատարվածի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ԱԱԾ աշխատակիցները երեկ մտել են քաղաքապետարան, եւ «Երեւան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարել են խուզարկություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները եւ նպատակայնությունը, ինչպես նաեւ օրինականությունը պարզելու ուղղությամբ:
Հատկանշական է փաստը, որ ԱԱԾ-ն այս քայլին դիմեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ավագանու առաջիկա նիստում լուծարվելու է «Երեւան» հիմնադրամը: ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանն ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը դիմել են դատարան՝ հիմնադրամի ֆինանսական մուտքերի եւ ելքերի մասին ավելի լայն ինֆորմացիա ստանալու պահանջով: Իսկ Երեւանի քաղաքապետարանը, որ հիմնադրամի հիմնադիրն է, որոշել էր արագ փակել այն՝ կոծկելով մինչ այդ եղածը: Ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ հիմա այս հիմնադրամով զբաղվում է ԱԱԾ-ն: Ու որքան էլ քաղաքապետարանից պնդեն, թե հիմնադրամն իրենց աշխատակազմի մեջ չէ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար լինելը ոչինչ չի նշանակում, միեւնույն է, իրավիճակը դրանից չի փոխվում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ այս հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանից, սակայն ապարդյուն. ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ ե՛ւ Ղազարյանը, ե՛ւ հիմնադրամի հաշվապահը բերման են ենթարկվել ԱԱԾ: Այսօր պաշտոնապես հաստատվեց, որ նրանք ձերբակալվել են:
Նկատենք, որ սա Երեւանի քաղաքապետարանի հետ անչվող երրորդ քրգործն է: Ոստիկանությունը ստուգումների արդյունքում չարաշահումներ ու յուրացումներ էր հայտնաբերել «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ում, որը թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ է մատուցում Երեւանի քաղաքապետարանին՝ մշտապես հանդիսանալով հայտարարված մրցույթների հաղթողը: Հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն էր չարաշահումներ հայտնաբերել քաղաքապետարանին ծառայություն մատուցած «ԱՆՆԱ-80» ՍՊԸ-ում, գումարներն այստեղ հափշտակվել էին, իսկ աշխատանքներն ամբողջությամբ իրականացված լինելու մասին կեղծ կատարողականներ էին հաստատվել վարչական շրջանների աշխատակիցների կողմից։