«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է մտնել մի ոլորտ, որն իրենը չէ. նա փորձում է «սեփականաշնորհել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները: Նախօրեին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, եւ շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Միայն թե, նկատենք, նոր սահմանադրությամբ արտաքին քաղաքականության բնագավառում նախագահի լիազորությունները բավական հստակ են կարգավորված, եւ այդ կարգավորումների մեջ որեւէ բառ չկա արտաքին քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու, ըստ այդմ՝ ԼՂ բանակցային գործընթացով զբաղվելու մասին: Այս լիազորությունները պատվիրակված են ՀՀ վարչապետին ու կառավարությանը: Ու որքան էլ իշխանությունները փորձեն արդարանալ՝ ասելով, թե համանախագահներին ընդունելն արարողակարգային բնույթ էր կրում, որեւէ ետին միտք չկա, միեւնույն է, համոզիչ չի հնչում:
Համոզիչ չի հնչում թեկուզ եւ այն պատճառով, որ նույն Արմեն Սարգսյանը խոսում էր սահմանադրությամբ նախագահի լիազորությունների ավելացման մասին: Եւ հետո մեկ փաստ էլ. պաշտոնական հաղորդագրությունում ոչ մի խոսք չի ասվում նաեւ այն մասին, որ այդ հանդիպման համար նա լիազորություն է ստացել ՀՀ վարչապետից կամ առնվազն, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է: Զավեշտալի էր նաեւ կադրերում տեսնել դռան մուտքի մոտ թաքնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, որը չգիտես՝ ինչու եւ ինչ լիազորությամբ է մասնակցում այդ անհասկանալի հանդիպմանը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: