ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՀԻՆ ԿԱՐԳԵՐՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական նոր իրողության պայմաններում Վանաձորի ավագանու առաջին նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը հարց ուղղեց գործընկերներին, թե քաղաքական իրավիճակ է փոխվել, ՀՀԿ-ն բարձր ատյանում իրեն հայտատարարել է ընդդիմություն, այստեղ ինչ վերադասավորումներ են սպասվում:

Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը պատասխանել էր, թե Վանաձորում ոչինչ չի փոխվել. «Ավագանին միատարր չէ, մի ուժի կողմից չի կառավարվում, մենք մեզ ընդդիմություն չենք հայտարարում: ՀՀկ-ն ընդդիմություն է Աժ-ում, իսկ այստեղ ավագանիների այն խումբն է, որն ունի մեծամասնություն, եւ այդ մեծամասնությունն ինձ ընտրել է քաղաքապետ: Այդ մեծամասնության ուղղվածության եւ կառավարության ծրագրերին համապատասխան` Վանաձորին ծառայելու համար եմ ընտրվել քաղաքապետ, ոչ թե կուսակցությանը ծառայելու»:
Քաղաքական ուժերի կողմից որեւէ հայտարարություն ու մեկնաբանություն չհնչեց, մինչ օրս որեւէ արձագանք չկա: «Ժողովուրդ» օրաթերթը Վանաձորի ավագանու ղեկավարներից հետաքրքրվեց, թե ինչպես են աշխատելու, ինչ վերադասավորումներ ու փոփոխություններ են հնարավոր:
10 անդամ ունեցող ԼՀԿ խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն ասում է, թե ընդդիմություն են մնում այն իմաստով, որ Վանաձորի ավագանին ձեւավորվել է կուսակցական ճանապարհով, եւ կուսակցությունների կողմից ձեւավորված ավագանու ներսում ունենք փաստացի մեծամասնություն՝ ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ: «Եթե կուսակցության որդեգրած գիծ կա, որին չի հետեւում տարածքային կառույցը, դա լուրջ խնդիրներ եւ հարցեր պետք է առաջացնի նույն կուսակցության ներսում: Կուսակցությունը դրա համար պետք է պարզաբանումներ տա, բայց ինչպես տեսաք, որեւէ մեկը այդ մասով հայտարարություն չարեց, բացի նրանից, որ եթե բան փոխվի, հայտարարություն կանենք, ու իրենց փոխարեն պատասխանեց համայնքի ղեկավարը՝ չթողնելով, որ նրանք հանկարծ ինչ-որ սխալ բան արտահայտվեն»,- մեզ հետ զրույցում նշել է Մարուքյանը: Իսկ դիտարկմանը, թե Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը փորձում է իր իշխանությունը երկարաձգել, Մարուքյանն արձագանքել է. «Միայն իր իշխանությունը երկարաձգելու հարցը չԷ, այլ մյուսներին նույն խաղի մեջ ներքաշելու միտումն է»:
Հետաքրքիրն այն է, որ կրկին ՕԵԿ դարձած նախկին «Հայկական վերածնունդը» Վանաձորում շարունակում է իշխանության մաս կազմել. փոխքաղաքապետի պաշտոնը, ինչպես հայտնի է, զբաղեցնում է այս խմբակցության անդամ հայտնի Ական` Արկադի Փելեշյանը: ՀՎԿ խմբակցության ղեկավար Կարեն Դավթյանը պնդում է, որ իրենց դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել, իմաստ էլ չկա փոխվելու. «Քաղաքապետի հայտարարությանը Տարածքային կառավարման նախարարը պատասխանեց, պարտադիր չէր մենք պատասխանեինք կամ արձագանքեինք: Մեզ համար դա բավարար էր»,-ասաց նա:
ՀՅԴ-ն թեեւ դադարեցրեց ՀՀԿ-ի հետ կոալիցիան, սակայն Վանաձորի ավագանիում շարունակում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել: Դաշնակցական Արեւիկ Լոքյանն իրենց պահվածքը մեկնաբանում է, թե իբր հիմնական նպատակը քաղաքի համար աշխատելն է: «Մենք ոչ մեկի հետ էլ չենք միացել, որպես ավագանի հարցին պատասխանում եմ, մեր աշխատելաոճում փոփոխություն չկա: Կարեւոր չէ` մենք ԲՀԿ-ին միացած կլինենք, թե ՀՀկ-ին, մենք մեր ձայնի տերն ենք: Անգամ սեփական նախաձեռնությունների համար չենք դիմում այլ կուսակցությունների: Եթե որեւէ փոփոխություն լինի, մենք տեղյակ կպահենք հանրությանը: Հիմա որեւէ էական փոփոխություն չի կատարվել»,- ասում է նա:
Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, նա դեռեւս արձակուրդում է, իսկ նրա հայտարարությանը որեւէ ձեւով չանդրադարձան, անգամ ՀՀԿ-ական ավագանու անդամները:

ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ
Վանաձոր

 

 

 

ԲՈՐԲՈՔՎԱԾ ԵՆ
Մայիսի 25-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղի միջնակարգ դպրոցում «Վերջին զանգի» արարողության ժամանակ դպրոց է մտել 8-րդ դասարանի աշակերտուհիներից մեկի հայրը եւ բուռն վիճաբանել դպրոցի տնօրեն Լուիզա Ռեւազյանի եւ աշակերտուհու դասղեկի հետ: Լ. Ռեւազյանի խոսքերով՝ զայրացած ծնողը կոտրել է դպրոցի աթոռը: Տղամարդու վրդովմունքի պատճառը եղել է այն, որ դրանից 10 օր առաջ աշակերտների մի խումբ ուսումնական պրակտիկայի է մեկնել Երեւան, այդ ծնողի 15-ամյա, 8-րդ դասարանցի աղջիկը մեկնողների խմբում ընդգրկված է եղել, սակայն խոսակցություն է տարածվել, որ աղջիկը հաճախակի զուգարան է գնում, եւ վերջինիս հանել են մեկնողների խմբից: Աղջկա ծնողը վիրավորված է, որ գյուղում տարածել են իր դստեր անունը որպես հաճախամիզությամբ տառապողի: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել նաեւ ոստիկան: Ոստիկանության Իջեւանի բաժնում միջադեպի առթիվ քննություն է կատարվում: Սարիգյուղ համայնքի ղեկավար Կոմիտաս էլլարյանն ասաց, որ այդ հարցը քննարկվել է դպրոցի հոգաբարձուների խորհրդի նիստում, այդ նիստին հրավիրել են Սարիգյուղի դպրոցի տնօրեն Լ. Ռեւազյանին, սակայն վերջինս նիստին չի ներկայացել: Սարիգյուղի միջնակարգ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը համայնքի ղեկավարն է: Կ. Էլլարյանը հայտնեց, որ հունիսի 13-ին համայնքի ավագանին այդ հարցի վերաբերյալ ուղերձով կդիմի Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին: Սարիգյուղի դպրոցի տնօրեն Լուիզա Ռեւազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց, որ դպրոցի աշակերտները ուսումնական պրակտիկա պետք է ունենային Երեւանում` ֆինանսական հաշտարարի գրասենյակում: Նրա խոսքերով` իրենք նախապես իմացել են, որ երեխաները էքսկուրսիա են գնալու Երեւան, ոչ թե ուսումնական պրակտիկայի մասնակցեն, այդ պատճառով Երեւան մեկնողների մեջ եղել են նաեւ թույլ սովորող աշակերտներ, հետո խմբի կազմը փոխվել է. դրանում ներառվել են միայն լավ սովորող աշակերտները: Դպրոցի տնօրենի վկայությամբ` այդ պատճառով նշած աղջիկը մեկնողների ցանկից հանվել է: Մեր հարցին, թե ով է աղջկա հաճախամիզության մասին հայտարարել, Ռեւազյանն ասաց, որ ինքն էլ չգիտի, նախատեսում է առաջիկայում դպրոցում նիստ գումարել` հրավիրելով բոլոր շահագրգիռ կողմերին, որպեսզի պարզեն խնդիրը: Տնօրենն ասաց, որ այդ հարցով ինքը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում բացատրագիր է գրել: Նա հայտնեց, որ այդ աղջիկը նախկինում դպրոցի տնօրեն դառնալու հավակնություն ունեցող սարիգյուղացու քրոջ երեխան է, այդ կերպ` երեխային օգտագործելով` փորձում են իրեն պաշտոնանկ անել: Տնօրենն ասաց, որ ինքը մեկուկես տարվա տնօրեն է, դպրոցի վիճակը բարելավելու ուղղությամբ ծրագրեր է կատարում, սակայն իր դեմ դավեր են նյութում: Ռեւազյանը հայտնեց, որ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նիստին չի ներկայացել հարգելի պատճառով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս