Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ԵԽԽՎ-ն Հայաստանի արդեն նախկին իշխանությունների հասցեին ամենաշատ ու ամենակոշտ քննադատություն հնչեցրած միջազգային կառույցն է: Եթե հիշում եք, Հայաստանը տեւական ժամանակ գտնվում էր ԵԽԽՎ հատուկ ռեժիմով մշտադիտարկման ներքո, ընդունվեցին չորս բանաձեւեր` բավական կոշտ տոնայնությամբ, մի պահ անգամ կասկածի տակ էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետագա գործունեությունը: Եւ այս ամենը 2008թ. կեղծված նախագահական ընտրությունների ու դրան հաջորդած մարտի մեկի սպանդի, հարյուրավոր քաղբանտարկյալների առկայության, երկրում ժողովրդավարական արժեքների խեղման պատճառով:
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում միանգամայն այլ իրավիճակ է. նոր գործադիր իշխանությունը կարծես ձեռնամուխ է եղել հերթով լուծելու այն բոլոր խնդիրները, որոնց պատճառով մեր երկիրը հայտնվել էր ԵԽԽՎ «սեւ ցուցակում»:
Նման իրավիճակում տրամաբանությունը հուշում է, որ ԵԽԽՎ այս նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամների առաջնահերթ խնդիրը պետք է լիներ ՀՀ-ում ստեղծված նոր իրավիճակի հավուր պատշաճի ներկայացնելը, մանավանդ այն անդամների, որոնց կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս է կազմում: Այս ամենը պետք է արվեր` հարեւան Ադրբեջանի հետ զուգահեռներ անցկացնելով, այդ համեմատության մեջ ՀՀ առավելություններն ընդգծելու համար: Ի վերջո ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում անվտանգության բաղադրիչներից մեկն է:
Բայց արի ու տես, որ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Ավելի ճիշտ, գրեթե ոչինչ չի արվում: Միայն պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն է քաղաքական ելույթ ունեցել` ճիշտ շեշտադրումներով ասելով, որ երկրում քաղաքական տրամադրությունները փոխվելուց հետո նախկին վարչապետը հրաժարական տվեց` հանձնելով իշխանությունը: «Իշխանության փոխանցման խաղաղ ու ոչ բռնի եղանակը խոսում է Հայաստանում իրական ժողովրդավարության հասունության մասին եւ իմ երկրի ձեռքբերումն է», նաեւ հավելել. « Ես հասկանում եմ, որ այս երեւույթն անհավանական է թվում ժողովրդավարության «ալիեւյան» ընկալման համար»:
Մինչդեռ պատվիրակության անդամները պարզապես զբաղված են Ադրբեջանի իշխանությունների եւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմնակիցների հասցեին հայհոյախոսություններով, էժանագին շոուներով` այդպես ոչ թե բարձրացնելով Հայաստանի հեղինակությունը, այլ հակառակ տպավորություն ստեղծելով. մի գործելաոճ, որը վաղուց արդեն հոգնեցրել է ամենքին, առաջին հերթին` ԵԽԽՎ պատվիրակներին: