«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ քաղաքացի Աիդա Հովհաննիսյանը, ով 2009 թվականից մինչեւ 2015 թվականը աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունում` հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության եւ ընդերքի բնապահպանական բաժնում որպես պետական տեսուչ: Հիմա չի աշխատում: Տիկին Հովհաննիսյանի պատմելով` իր աշխատանքային իրավունքները խախտվել են, ինչի արդյունքում նա արդեն տեւական ժամանակ է`գործազուրկ է:
Մեզ դիմած քաղաքացին ներկայացրեց իր պատմությունը: Ըստ այդմ` ինքը դեռեւս 2015 թվականին ԲՆ աշխատակազմի ղեկավարից ծանուցում է ստացել այն մասին, որ նախարարության աշխատակազմում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, ապա իրեն առաջարկվել է զբաղեցնել բնապահպանական պետական տեսչության հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության եւ ընդերքի վերահսկողության առաջին կարգի մանագետի պաշտոնը: Ստացվում է, որ Ա. Հովհաննիսյանին առաջարկվել է իջեցնել պաշտոնը, ինչին ինքը տվել է իր համաձայնությունը, որպեսզի հետո արտամրցույթային կարգով նշանակվի աշխատակազմի ԲՊՏ-ի` հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության եւ ընդերքի բնապահպանական վերահսկողության 1-ին կարգի մասնագետի պաշտոնում: Սակայն որոշ ժամանակ անց տիկին Հովհաննիսյանը պարզում է, որ իրեն «խաբել են եւ կորզել են իր համաձայնությունը»: «Մեկ տարի անց` 2016 թվականին, իմացա, որ նախկինում զբաղեցրած իմ` պետական տեսուչի աշխատանքը չի կրճատվել: Ավելին` այդ պաշտոնին նշանակվել է մեկ այլ անձ»,- վրդովված նկատեց տիկին Հովհաննիսյանը:
Իսկ մինչ այդ` անցած տարում, լուծարվում է բնապահպանական պետական տեսչությունը եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչությունը: Արդյունքում ստեղծվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը: Բայց սա չի նպաստել, որպեսզի Աիդա Հովհաննիսյանը վերականգնվի պետական տեսուչի իր նախկին պաշտոնին: Ավելին` կառույցի լուծարումից հետո հրաման է տրվել, որի համաձայն` Աիդա Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից եւ օրենքով սահմանված կարգով գրանցվել է քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում:
Եւ թափուր պաշտոն առաջանալու դեպքում իրավասու պաշտոնատար անձը պետք է քաղծառայության խորհրդին ներկայացնի ժամանակավոր թափուր պաշտոնների ցանկ, իսկ խորհուրդը հայտարարություն տա, որպեսզի քաղծառայողները դիմեն աշխատանքի ընդունվելու նպատակով: «Բայց քաղծառայության խորհուրդը բնապահպանության տեսչական մարմնի մասով որեւէ հայտարարություն չի տվել, ինչը պարտավոր էր անել: Ստացվում է, որ պետական համակարգում պաշտոնները զբաղեցվում են` ըստ որոշ պաշտոնատար անձանց ցանկության` շրջանցելով օրենքի իմպերատիվ պահանջը: Իսկ անցած տարում ստեղծված տեսչական մարմնում առանց իրավական հիմքի, կամայականորեն ժամանակավոր աշխատանքային պայմանագրեր կնքվել են այն անձանց հետ, ում իրենք են առաջարկել: Հաշվի չի առնվում աշխատանքային ստաժը, գիտելիքները եւ այլն»,- նկատեց տիկին Հովհաննիսյանը: Ըստ մեր զրուցակցի` տեսչական մարմինն ունեցել է ընդհանուր 7 պետական տեսուչի թափուր պաշտոն:
Հենց այս թեմայի շուրջ քաղաքացուն փորձել է անգամ օգնել ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով իր հերթին պարզաբանում է պահանջել քաղծառայության խորհուրդից: Սակայն Մանվել Բադալյանի ղեկավարած կառույցը որպեսզի մեծ աղմուկի մեջ չընկնի, Աիդա Հովհաննիսյանին առաջարկել է այլ աշխատանք, այս անգամ ՀՀ ֆինանսների նախարարությունում:
«Ես գնացի ՖՆ, բայց ինձ ընդունած աշխատակիցը ասաց, որ պետք է չհամաձայնվեմ այդ աշխատանքային պայմանագիրը կնքելուն, քանի որ ինքը այդ տեղի համար նախատեսված մարդ ունի: Բայց ես, բնականաբար, չհամաձայնվեցի ու աշխատանքային պայմանագիրը կնքեցի»,- պատմեց Աիդա Հովհաննիսյանը:
Պարզվում է` տիկին Հովհաննիսյանին ֆինանսների նախարարությունում փորձել են հոգեբանորեն ճնշել, որպեսզի նա ստիպված լինի ինքնուրույն աշխատանքից ազատման դիմում գրել: «Հետո ասացին` գնա տուն, սեղան աթոռ չկա, համարդ տուր, երբ լինի, կկանչենք: Բայց եթե ես գնայի, դա կլիներ աշխատանքային կարգի խախտում, այս պատճառով չլսեցի իրենց ու մնացի: Տեսան, որ չեմ գնում, բերեցին մի հին սեղան, ճոճվող աթոռ ու մի համակարգիչ, որի լարերը այնքան հին էին, որ մեկ շաբաթ տեւում էր, մինչեւ միացնում էինք: Աշխատելու ոչ մի պայման չկար, արհեստական խոչընդոտներ էին դրանք: Հոգեբանորեն այնպես էին ճնշում, որ մեկ անգամ անգիտակից վիճակում աշխատանքի վայրից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց»,- զայրացած ներկայացրեց տիկին Հովհաննիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարեվերջին, երբ Աիդա Հովհաննիսյանը գտնվել է բուժման ընթացքում, ՖՆ-ից կանչել են, ապա ձեռքին տվել աշխատանքից ազատման հրամանը: Ըստ մեզ դիմած քաղաքացու` նախարարությունը բազմաթիվ խախտումներ է արել` իրեն աշխատանքից ազատելով:
Բայց սա դեռ ամենը չէ: Քաղաքացին ավելի շատ զայրացած է քաղծառայության խորհուրդի եւ դրա ղեկավար Մանվել Բադալյանի գործելաոճից: Նրա խոսքերով` քաղծառայության խորհուրդը իր ստեղծման օրվանից միջնորդ օղակ է եղել եւ գերատեսչությունների ղեկավարների «դաբրոյով» է շարժվում: «Իրենք իրենց նախընտրած մարդկանց հեռախոսազանգերով ընդունում են աշխատանքի: Միշտ գործարքների մեջ է եղել քաղաքացիական ծառայության խորհուրդը եւ իր ղեկավարը` Մանվել Բադալյանը: Կարճ ասած` ամենակոռումպացված կառույցն է Հայաստանում: Առաջիկայում ես դիմելու եմ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- հաստատուն տոնով ասաց տիկին Հովհաննիսյանը:
Հ.Գ. Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում Մանվել Բադալյանն ամեն բան անում է, որպեսզի պահպանի իր աշխատանքային դիրքը, պաշտոնը: Առայժմ դա նրա մոտ ստացվում է: Արդյոք հետագայում նա կմնա, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱԱԾ-ԻՑ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ
Հայաստանում իշխանափոխությունից հետո մի շարք քաղաքապետեր սկսել են իրար հետեւից հրաժարականի դիմումներ ներկայացնել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանից հետաքրքրվեց` հնարավոր է առաջիկայում ինքը եւս աշխատանքից ազատման դիմում ներկայացնի:
-Պարո՛ն Շահգալդյան, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական տվեց… Հնարավո՞ր է` Դուք էլ նրա ճանապարհով գնաք:
-Հրաժարական տալու համար պետք է պատճառներ լինեն: Համենայնդեպս իմ դեպքում նման պատճառներ չկան:
-Այս տարիներին մաքո՞ւր եք աշխատել…
-Դե, ցույց կտա ժամանակը: Բայց կարող եմ ասել, որ ընտրակաշառքով չեմ ընտրվել: Դա կփաստեն նաեւ չարենցավանցիները: Ինչո՞ւ պետք է մաքուր չաշխատեմ, ինձ ի՞նչն է խանգարում:
-Իսկ եթե համապատասխան մարմինների կողմից ստուգումներ իրականացվե՞ն քաղաքապետարանում…
-Եւ ի՞նչ պետք է հայտնաբերեն. թաքցնելու բան որեւէ մեկից չունեմ: Ինձ թվում է` ազգային անվտանգության ծառայությունը շատ լավ տիրապետում է, թե ով ինչ ունի եւ ինչ է թաքցնում:
-Պարո՛ն Շահգալդյան, Ձեր պաշտոնական հայտարարագրում նշված է, որ Դուք ունեք երկու տասնյակ հողամաս, տներ, ավտոտնակներ, ավտոմեքենա եւ այլն: Չե՞ք վախենում, որ ԱԱԾ-ն Ձեզ էլ կայցելի…
-Քաղաքապետ ընտրվելուց հետո իմ ունեցվածքը բավականին պակասել է: Հողամասերից միայն 6-7 հատը Ալափարսում են եւ անջրդի են: Եթե մարդիկ կան, որ հողամաս են ուզում, կարող եմ նվիրել: Եթե մարդ կլինի, ով կցանկանա անջրդի հողերը մշակել, կարող են դիմել: Եթե անցած տարվա իմ հայտարարագիրը համեմատեք 2007 թվականին ունեցածի հետ, ապա կտեսնեք, թե ինչ ահռելի տարբերություն կա:
-Այս ընթացքում հանդիպե՞լ եք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Պատրա՞տ եք աշխատել նրա հետ:
-Այո՛, հանդիպել եմ, շատ նորմալ աշխատանքային խոսակցություն ենք ունեցել: Չեմ ասի, որ մարզպետը իր գոհունակությունն է հայտնել, բայց համեմատական կարգով գոհ է եղել քաղաքում կատարվող աշխատանքների համար:
-Այսինքն` գո՞հ է Ձեր աշխատանքից…
-Ես չեմ ասում, որ ասել է ամեն ինչ կարգին է, բայց ասել է, որ համեմատական կարգով Չարենացավանը իր դեմքը ունեցող քաղաքներից է:
-Այսինքն` Չարենցավանը ավելի բարվոք վիճակո՞ւմ է, քան մարզի մյուս քաղաքները…
-Ես դա ինչպես ինձ թույլ կտամ ասել:
-Դուք ՀՀԿ-ական քաղաքապետ եք: Հնարավո՞ր է` առաջիկայում դուրս գաք կուսակցությունից:
-Մի բան ասեմ` պետք չէ ամեն ինչ կապել «Հանրապետական» կուսակցության հետ: Ինչու ՀՀԿ-ի ներսում նորմալ մարդիկ չկա՞ան: Ես շարունակելու եմ մնալ ՀՀԿ-ական: Եւ համոզված եմ, որ նորանշանակ մարզպետը եւս ինձ նման խնդրի առաջ չի դնի:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՀՈՒՍԱՀԱՏ ԵՆ
Հունիսի 16-ին շուրջ կես ժամ տեղացած կարկուտից Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի շուրջ 400 հեկտար հացահատիկի արտերի բերքն ամբողջությամբ ոչնչացել է: Կոթեցիների վկայությամբ` դրանց մի մասը գարու արտեր էին, որոնք մի շաբաթից պետք է հնձեին: Նույն ժամանակահատվածում Կոթիի հարեւան սահմանամերձ Բարեկամավան գյուղում կարկուտը վնասել է տնամերձ ցանքերը, պտղատու ծառերը:
Բարեկամավանի վարչական շրջանի ղեկավար Ջոնիկ Միքայելյանի վկայությամբ` գյուղի տնամերձ տարածքների մի մասը տուժել է 70-80, մյուս մասը` մոտ 30 տոկոսով: Կարկտից վնասվել է բարեկամավանցու մարդատար ավտոմեքենայի ծածկը, գյուղի մի քանի առանձնատան ծածկեր: Հունիսի 18-ին Կոթի եւ Բարեկամավան են այցելել խոշորացված Նոյեմբերյան համայնքի (որի մեջ ընդգրկված են նաեւ Կոթին եւ Բարեկամավանը) ղեկավար Կարեն Աբազյանը եւ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղվարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ովքեր ծանոթացել են կարկտահարության պատճառած վնասի չափերին: Կ. Աբազյանն ասաց, որ կարկտահարության վնասները մեծ են, վնասների մասին Վ. Սուքոյանը հայտնել է կառավարություն:
Կոթիի ավելի քան 1000 հեկտար ամենաբերրի, հարթ հողերը գտնվում են սահմանամերձ, վտանգավոր գոտում, այդ պատճառով չեն մշակվում: 400 հեկտարի գարի ու ցորեն ցանելու համար կոթեցիները բանկերում վարկեր են վերցրել, հիմա չգիտեն, թե ինչպես պետք է մարեն դրանք: Կոթիի բնակիչ կա, ով վարկ վերցնելով` մոտ 20 հեկտար գարի է ցանել, այժմ մնացել է ձեռնունայն ու հուսահատ: Նոյեմբերյանի սահմանագոտու բնակիչները, ովքեր կարկտահարությունից մեծ վնասներ են կրել, կառավարությունից գործուն աջակցություն են սպասում: Տավուշի մարզում հակակարկտային կայաններ տեղադրված են միայն Նոյեմբերյանի տարածաշրջանի մի մասում` Դեբեդի հովտում. Բերդի, Իջեւանի, Դիլիջանի տարածաշրջաններում եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի մեծ մասում նման կայաններ չկան: Դեբեդի հովտում տեղադրված «Զենիթ» տեսակի հակակարկտային կայանները ուժեղ կարկտահարության դեպքում պտղատու այգիների եւ ցանքերի արդյունավետ պաշտպանություն չեն իրականացնում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ