ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԱՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա օրը կարելի է արտառոց եւ բացահայտումներով լի համարել, ընդ որում` այնպիսի բացահայտումներով եւ այնպիսի երեւույթներով, որոնք ընդամենը երկու ամիս առաջ միայն երազ կարող էին լինել:

Նախ երեկ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանին` Սերժի Վաչոյին: Ընդ որում` օրեր առաջ ՀՔԾ-ն հաղորդել էր, որ հարուցվել է քրեական գործ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «ՌենջՌովեր» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ. Բեգլարյանի ամուսինը՝ Վաչիկ Ղազարյանը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի` 2008 թվականի հունիսի 19-ից մինչեւ 2018 թ. մայիսի 17-ը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ: Ընդ որում` Վաչիկ Ղազարյանը առաջին մարդն է, ում դեմ Հայաստանում քրեական գործ է հարուցվում ապօրինի հարստացման հիմքով: Իսկ ՀՀ Քրեական օրենսգրքում սահմանված է. «Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, եւ որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»:
Վաչիկ Ղազարյանը երեկ ԱԱԾ բերման ենթարկվելուց հետո ձերբակալվել է. 72 ժամ անց կորոշվի նրան մեղադրանք առաջադրելու եւ խափանման միջոց ընտրելու հարցը: Հատկանշական է փաստը, որ ըստ ԱԱԾ-ի` նրան բերման ենթարկելիս ձեռքի պայուսակում եղել է 120 հազար դոլար եւ 436 մլն դրամ: Նաեւ տեսանյութում երեւում են դրամական փոխանցումների մասին վկայող կտրոններ:
Սակայն սա Սերժ Սարգսյանի հետ կապվող միակ դեպքը եւ միակ մարդը չէ: Պարզվել է նաեւ, որ Սերժ Սարգսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի հետ կապակցված ընկերությունները պետությանը հասցրել են 300 միլիոն դրամից ավելի գումարի վնաս: Ընդ որում` օղակը սեղմվում է Սերժ Սարգսյանի մյուս եղբոր` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի շուրջ: Ոստիկանությունն էլ երեկ բերման է ենթարկել Սարգսյանին: «Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երեւանի Սայաթ-Նովա փողոցից»,- հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ավելի ուշ, իհարկե, Սարգսյանն ազատ է արձակվել, իսկ ոստիկանությունը հիմա ստուգելու է նրա ու թիկնապահների մոտ հայտնաբերված զենքերի օրինականությունը:
Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին, ձերբակալելու որոշում է կայացվել. ՀՔԾ-ն այս որոշումը կայացրել է` միաժամանակ տեղեկացնելով, որ Ամիրյանի գտնվելու վայրը հայտնի չէ: Հիշեցնենք` հունիսի 19-ին ոստիկանները հայտնաբերել էին մեքենաներ՝ բեռնված 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, հունիսի 23-ին մեղադրանք էր առաջադրվել: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Գրիգորյանն էլ մեղադրվում է յուրացումների մեջ:
Այս ամենից զատ արդեն ՀՀԿ-ական պատգամավորներն են սկսել, կարծես թե, ծանր տանել օրեցօր կատարվող բացահայտումները` հասկանալով, որ այսպես շարունակվելու դեպքում թե կծիկն է նեղանալու, թե ավելի զազրելի բացահայտումներ են սպասվում: Եվ պատահական չէ, որ ՀՀԿ-ականները տարբեր ամբիոնները բաց չեն թողնում իրենց խոսքը ասելու համար: Երեկ էլ ԵԽԽՎ նիստում այդ մասին խոսել է ԱԺ ՀՀԿ խբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը. «Ես իսկապես հուսով եմ, որ միասնության, հույսի եւ լավատեսության ալիքը, որ համակել է հասարակության լայն շերտերի, չի կասեցվի լավ չմտածված գործողություններով, որոնք մոտենում են մի կողմից օրինականության ապահովման եւ քաղաքական հետապնդումների նուրբ սահմանին»:
Միայն թե, նկատենք` այս բոլոր բացահայտումները գալիս են ամրապնդելու այն կարծիքը, որ Սերժ Սարգսյանի բոլոր մերձավորները թաթախված են եղել կոռուպցիայի մեջ: Ու բավական էր իշխանափոխություն, որպեսզի բացահայտվեն տարիներ շարունակ կատարվածը:
Հ.Գ. Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Նորք-Մարաշի զինված խմբի հերթական դատական նիստի ժամանակ դատավորը որոշեց կալանքից ազատ արձակել Վահան Շիրխանյանին: Տեղեկացնենք, որ նրա համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Հովիկ Աղազարյանը: Նշենք, որ Շիրխանյանին անհապաղ ազատ արձակման պահանջ էր դրել նաեւ ՄԻԵԴ-ը՝ պատճառաբանելով նրա առողջական ծայրահեղ ծանր վիճակով, բայց ՀՀԿ իշխանությունները փորձում էին չենթարկվել որոշմանն ու շարունակում էին Շիրխանյանին պահել կալանքի տակ: Հիմա արդեն Նոր Հայաստան է, իր նոր որակներով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔՈՎ
Լոռու նորանշանակ փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանն առաջին աշխատանքային օրը անակնկալի է եկել` իր նոր աշխատասենյակը դատարկ տեսնելով: Նա սոցիալական ցանցում տեղադրել է դատարկ աշխատասենյակի լուսանկարը` տեղեկացնելով, որ ո՛չ սեղան կա, ո՛չ աթոռ:
Ա. Ղուկասյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանի հետ բոլոր բաժիններով շրջայց կատարելուց եւ ծանոթանալուց հետո մտել է այն աշխատասենյակը, որը ժառանգել է նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանից. «բացեցինք, տեսանք, որ, կարելի է ասել, դատարկ է՝ 2 բազկաթոռ էր ընդամենը, հարցը աշխատասենյակի դատարկությունը չէ, այլ վերաբերմունքը: Դատարկ աշխատասենյակը մանր տեխնիկական խնդիր է: Շատ տհաճ է, երբ առաջին օրը գնում ես աշխատանքի եւ նման իրավիճակի ես հանդիպում, ֆեյսբուքյան իմ էջում ընդամենը փաստն եմ արձանագրել»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանն ասում է, թե աշխատասենյակից սեղանն ու համակարգիչն է հանվել, որը իր սեփական գույքն է եղել, եւ տեղափոխել է իր անձնական գրասենյակ. «Նախապես տեղյակ պահելով աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանին եւ գույքագրումով զբաղվող մարզպետարանի համապատասխան աշխատակցին` իրենց ներկայությամբ գույքագրումն արվել է, այն, ինչ որ մարզպետարանի հիմնական միջոցն ու գույքն է եղել, մնացել է: Իմ գույքը դուրս գալու պահին իրանց ներկայությամբ իմ հետ տարել եմ»: Հարցին, թե ինչու է սեփական միջոցներով գնել գույքը, այլ ոչ թե պահանջել մարզպետարանից, նա մանրամասնեց. «ժամանակին, երբ ես մտել եմ այդ աշխատասենյակ եւ նույն ձեւով եմ ընդունել, երբ որ ստանձնել եմ այդ պաշտոնը, աշխատասեղան չի եղել: Պահանջել եմ, պատասխանել են, որ հնարավորություններ չկան, այսքանն է: դրա համար ես իմ անձնական միջոցներով եմ գնել, որ սեղան լինի, վրեն աշխատեմ: Հիմա էլ տարել եմ»:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն ասում է` գույքը մաշված է, չկա, նորը չենք ստացել, գալիս խնդրում են, թե կարող ենք մեր միջոցներով կահավորել, ինչի պիտի արգելենք «Գույքագրման որեւէ փաստաթուղթ չկա, ինչ փաստաթուղթ պիտի լինի: Մարդն իր գույքը բերել է, ինքն էլ տարել է, ես ինչի պետք է մարդու գույքը հաշվառեմ: ճիշտ է, դա պետության խնդիրն է, բայց եթե դու իրան չես տալիս, ինչ կապ ունի` ինչպես է կահավորում: Եթե ես ունենամ, տրամադրեմ, կասեմ` էսա, բայց մարդ կա, ասենք ողնաշարի խնդիր ունի, էդ աթոռն իրեն հարմար չէ, ինքն իր տանից բերում է կամ գնում է: Իրանն է, նաեւ պիտի հետ տանի»:
Հ.Գ. Որ համապատասխան բաժիններում գույքի խնդիր կա, երեւում է նաեւ ավագանու նիստերին: Վերջերս կահավորված ավագանու նիստերի դահլիճում աթոռները բավականացնում էին միայն ավագանու անդամների եւ զեկուցող աշխատակազմի անդամների համար:

ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ
Լոռի

 

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԲԻԶՆԵՍԸ ԱՂՏՈՏՈՒՄ Է ՍԵՎԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել «Սեւանի իշխանի պաշարների վերականգման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Նշենք, որ Հայաստանի նախկին կառավարությունները արդեն հասցրել են մի քանի անգամ մի շարք արտոնություններ տալ ե՛ւ «Սեւանի իշխան», ե՛ւ «Սեւան Ակվա» ընկերություններին: Անգամ 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման հողատարածքներ է տրամադրվել ընկերություններին: Բայց չնայած սրան` ընկերությունները իրենց խոստումները` աշխատատեղեր ստեղծելու եւ ներդրումներ անելու մասին, դեռեւս չեն իրականացրել:

Թե ինչու են կառավարությունները այսպես «լավ աչքով նայել» ընկերություններին, ամենեւեին էլ գաղտնիք չէ: Բանն այն է, որ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհուրդի նախագահը ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է, նախագահի տեղակալը` Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Արամ Ղարիբյանը: Ըստ հիմնադրամի ներկայացրած հաշվետվության` իրականացվել է Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր, որի համար ծախսվել է 2 մլրդ 143 մլն 30 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրը եղել է գյուղատնտեսության նախարարությունը, որը վերը նշված ծրագրի իրականացման համար հատկացրել է 2 մլրդ դրամ գումար: Բացի այս, հիմնադրամի մյուս ֆինանսական աղբյուրը` բանկային ավանդներից ստացված տոկոսային եկամուտները, կազմել են 63 մլն 771 հազար դրամ, իսկ Սեւանա լճում տեղակայված տնտեսություններից ստացված եկամուտը` 4 մլն 151հազար դրամ: Ստացվում է, որ հիմնադրամը անցած տարում օգտագործել է 2 մլրդ 143 մլն 30 հազար դրամ:
Ըստ բնապահպանների` սա բիզնես է, որը լուրջ վտանգ է հասցնում Սեւանա լճի էկոհամակարգին: Բայց դա նախկին կառավարությանը չի հետաքրքրել: Գլխավորը Սերժ Սարգսյանի խորհրդականի բիզնեսն է զարգացել: Փոխարենը հարակից գյուղերի բնակիչները մտահոգված են, քանի որ ընկերությունները, աղտոտելով Սեւանա լիճը, մեծ քանակությամբ ձուկ են արտահանում Ռուսաստան, որը ոչ մի տեղ չի ամրագրվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս