ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բացատրություններ տալու՝ կապված քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշեց, որ ավելի վաղ լուրեր են տարածվել այն մասին, որ ռազմական տեսուչի տեղակալը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ: Լուրերը չեն հերքվել: «Ուստի վարչապետը պահանջել է բացատրություններ և կարող եմ վերահաստատել վարչապետի այն տեսակետն ու դիրքորոշումը, որ զինվորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, ինչը նաև օրենքն է ասում, իսկ զբաղվելու դեպքում խստագույնս կպատժվեն»,-ասաց Արման Եղոյանը:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Արցախյան զարթոնք» խմբի կողմից լուսանկար է տարածվել՝ գրառմամբ, որ իրենց է միացել գեներալ Միքայել Արզումանյանը, որը ներկա է լինելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ կազմակերպվող հանրահավաքին:

Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:




Լրահոս