Դժգոհություն 16 ավտոբուսից. վարորդ չկա, եղած ավտոբուսն էլ աճուրդի է հանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Երեւանի այն բնակիչները, ովքեր օգտվում են 16 համարի ավտոբուսից: Նրանց պատմելով` այս ավտոբուսը գրեթե չի աշխատում, մարդիկ կանգառներում ստիպված են լինում ժամերով սպասել: Նշենք, որ այս ավտոբուսից օգտվում են հիմնականում Նուբարաշենի բնակիչները. 16 համարի ավտոբուսի երթուղին սկսվում է Նուբարաշեն վարչական շրջանից մինչեւ Երեւանի կենտրոն: Այս համարի ավտոբուսը անկանոն է աշխատում, մարդիկ ստիպված են լինում կանգառում երկար ժամանակ սպասել: Իսկ բնակիչների հետաքրքրող հարցերին վարորդները միշտ պատասխանում են` վարորդ չկա, քիչ են, իսկ եղածներն էլ չեն հասցնում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ոչ միայն վարորդներն են քիչ, այլեւ երթուղին շահագործելու համար սահմանված քանակի շարժակազմն է (մեքենաների քանակը) փոքրաթիվ: Բանն այն է, որ այս երթուղու մի քանի ավտոբուս հայտնվել են ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աճուրդի հանված գույքի ցանկում: Մեզ հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն 810 հազար դրամով վաճառում է 2007 թվականի արտադրության, բոլորիս հայտնի դեղին գույնի «Bogdan» կոչվող ավտոբուս:

Ըստ ԴԱՀԿ-ի` ավտոբուսը գտնվում է շատ վատ վիճակում: Բոլորիս էլ պարզ է, թե ինչու է ԴԱՀԿ-ն ավտոբուսը աճուրդի հանել. երթուղին շահագործող ընկերության ֆինանսական խնդիրները, որոնց պատճառով հիմնականում գծատերերը իրենց շարժական գույքը գրավադրում են առեւտրային բանկերում եւ վարկային պարտավորությունները չմարելով` հրաժարվում են գրավադրած առարկայից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս