Այնպես չէ, որ նախորդ իշխանության օրոք վատատես էի, կամ մուննաթը թափվում էր դեմքիցս. Արծրուն Չոբանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նկարահանվել եմ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում: Այն կատակերգություն է, սակայն, ըստ իս, ֆիլմում միախառնված են մի քանի ժանրեր: Նկարահանումները տեղի են ունեցել մեկ ամսվա ընթացքում, ես մարմնավորել եմ գլխավոր դերերից մեկը: Աշնանը կլինի պրեմիերան»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց դերասան Արծրուն Չոբանյանը:

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանը նշեց, որ սեպտեմբերին թատրոնում եւս սպասվում են պրեմիերաներ՝ թե՛ մանկական, թե՛ մեծերի համար նախատեսված ներկայացումներ: Այլ մանրամասներ նա չհայտնեց: Արծրունն ամառային հանգստի չի մեկնի, քանի որ, ինչպես ինքն է ասում, լիքը գործ ունի անելու, իսկ հանգստանալ կարելի է միայն մահից հետո:
Մենք հարցրինք՝ ինչպիսին է դերասանի տրամադրությունը թավշյա հեղափոխությունից հետո. «Ես միշտ լավատես եմ եղել՝ թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո: Իմ կյանքում առանձնապես բան չի փոխվել, երեւի աշխատավարձս է 5000 դրամով ավելացել ու վերջ: Այնպես չէ, որ նախորդ իշխանության օրոք վատատես էի, կամ մուննաթը թափվում էր դեմքիցս, ես իրենց հանդեպ էլ եմ լավ տրամադրված եղել, բայց մի քիչ մարազմատիկ դրսեւորումներով: Ամեն դեպքում, չկա մեկը, որի վրա հեղափոխությունը վատ անդրադարձած լինի: Անգամ նախկին իշխանության վրա է լավ անդրադարձել, գուցե նոր ազդակ է հանդիսացել չբթանալու համար»,-պատասխանեց դերասանը:
Նա շեշտեց, որ այն, ինչ կատարվում էր մեր երկրում մինչեւ հեղափոխությունը, իրեն դուր չէր գալիս. «Իսկ թե ինչ էր կատարվում մեր երկրում, բոլորը լավ գիտեն. բոլոր ոլորտներում տիրում էր «ներդաշնակ» եւ «հաճելի» կոռուպցիա: Հիմա պետք է որ դա վերանա, ուրիշ ճար չկա»,-կեսկատակ-կեսլուրջ ասաց Արծրունը:

Նրա համոզմամբ՝ երկիրը, պետությունը գոյատեւում է մշակույթի հաշվին, ուստի անհրաժեշտություն կա, որ հեղափոխությունը այստեղ եւս հասնի. «Մշակույթը միայն կինոն, թատրոնն ու երգարվեստը չէ, այլեւ մարդու ապրելակերպն ու սովորությունները: Իսկ դրանք մեծապես կապված են սոցիալական վիճակի հետ: Հիմա եթե մարդիկ սոցիալապես ապահով լինեն, մշակույթում էլ դրական տեղաշարժեր կլինեն»,-եզրափակեց Արծրունը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս