ՀՀԿ-Ն ԼՔՈՒՄ ԵՆ ԶՈՒՅԳԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբեմնի իշխանական հզոր կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, արտահոսքն այս օրերին շարունակվում է լայն թափով ընթանալ: Պաշտոնական տվյալներով` ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀԿ-ից հեռացել է 4 հազար 500 հոգի: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, թե այդ արտահոսքը սովորական երեւույթ է, նախորդ տարի էլ ՀՀԿ-ից 15 հազար մարդ է հեռացվել: Միաժամանակ, ՀՀԿ ներկայացուցիչը պնդել է, թե այս օրերին տեղի ունեցողն առաջիկա արտահերթ ընտրություններում դժվարություններ չի ստեղծի: «Չեմ կարծում՝ դժվարություններ լինեն։ Դա սովորական, աշխատանքային գործընթաց է»,- ասել է նա: Նկատենք, թեեւ Ռուբեն Թադեւոսյանը ներկայացրել է իրենց տրամադրության տակ եղած պաշտոնական թվերը, սակայն իրական պատկերը միանգամայն այլ է. ՀՀԿ-ից այս ընթացքում հեռացածների թիվը գերազանցում է տասնյակ հազարը, պարզապես ոչ բոլորն են հարկ համարում հատուկ դիմում ներկայացնել կուսակցության գրասենյակներ: Մեկ փաստ էլ. մեծ է վտանգը, որ ՀՀԿ-ից հեռացածները հիմա էլ փորձեն անդամագրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` պաշտոն ստանալու, աշխատանքը պահպանելու ակնկալիքով, բայց եւ այդպես նախկինի արատավոր բարքերը տեղափոխելով այնտեղ: Այնպես որ հատկապես այս ընթացքում ՔՊ-ն պետք է զգոն լինի կուսակցության շարքերը համալրելիս` թույլ չտալով սխալները, որ գործեց ՀՀՇ-ն 90-ականներին, երբ դռները բացեց նաեւ նախկին կոմսոմոլների առաջ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ ավագանու ընտրություններին սեփական թեկնածու չունեցող ՀՀԿ-ն որոշի սատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ում առաջադրելու են «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նրանք սեփական թեկնածու են առաջադրելու՝ ի հակակշիռ իրենց դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: «Քանի որ ՀՀԿ-ն որպես կառույց փլուզվել է, կուսակցության եւ խմբակցության անդամ կամ նախկին անդամ ազատ են իրենց քվեն տալու այն անձին, ում ցանկանում են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասել է Երեւանի ավագանու անդամներից «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը: Մեկ փաստ էլ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու իր կողմնակիցներն այս օրերին քաղաքացիների հետ հանդիպումներում փորձում են թաքցնել ՔՊ-ի հետ տարաձայնությունները եւ համոզում են, թե իբր «Ելք» դաշինքում ամեն ինչ նորմալ է, իրենք առանձին են գնում ընտրությունների, որ հետո ավագանու նիստում միավորվեն եւ ձայն տան Հայկ Մարությանին:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին պատկանող ընկերությունը դեռ ՀՀԿ իշխանության օրոք հանցագործների թիրախում է հայտնվել: «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ից 2018թ. փետրվար-մարտ ամիսներին գողություն է կատարվել. տարել են 50 պարկ ցեմենտ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմա Էդգար Բալասանյանին, Բորիկ Հայրապետյանին, Ալեն Ավագյանին եւ Արա Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այդ ՍՊԸ-ից գողություն կատարելու համար: 50 պարկ ցեմենտը նրանք գողացել են 3 տարբեր օրերի` «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին պատճառելով 142 հազար 500 ՀՀ դրամ վնաս: Ստեղծած խմբի անդամների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ավելին` այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իավասության դատարան, իսկ ահա գործը կքննի դատավոր Նապոլեոն Օհանյանը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է Պարզ լիճ տանող ճանապարհի անմխիթար վիճակին: Դեռ 2006թ. Պարզ լիճը եւ հարակից տարածքները «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից 25 տարի ժամկետով վարձակալել է «Օպելլա» ընկերությունը: «Օպելլա»-ի տնօրեն Վաչիկ Իգիթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում հայտարարեց, որ իրենք ճանապարհը վերանորոգելու խնդրանքով դիմել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, որտեղից պատասխանել են, որ Դիլիջան-Իջեւան մայրուղուց դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները հնարավորության սահմաններում կընդգրկվեն ճանապարհաշինարարական ծրագրում: Սակայն մինչ օրս այդ ուղղությամբ ոչ մի միջոցառում չի իրականացվել, իսկ նշված ճանապարհը մնացել է նույն անմխիթար վիճակում: Մինչդեռ «Օպելլա» ընկերության ղեկավարի խոսքերով` իրենք պատրաստ են նշված ճանապարհի հիմնանորոգումից հետո շահագործման ծախսերն իրենց վրա վերցնել այն բարեկարգ վիճակում պահելու համար: Բայց չնայած սրան` նախարարությունը ուղտի ականջում քնած է:

 

 

ՄԻԱՅՆԱԿ
Ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ կառավարության ներկա կազմը հիշեցնում է հայտնի ֆիլմը՝ «Յուրայինների մեջ օտար, եւ օտարների մեջ՝ յուրային»: Օրենսդիր իշխանությունը ղեկավարում են ՀՀԿ-ականները՝ ԱԺ նախագահը, երկու տեղակալները, մշտական հանձնաժողովներից մի քանիսի ղեկավարները ՀՀԿ-ից են. այս կուսակցությունն ԱԺ-ում դեռ ամենաշատ պատգամավոր ունեցող խմբակցությունն է, չնայած քաղաքական դաշտում ՀՀԿ-ն գնալով ավելի ու ավելի է զիջում դիրքերը` հարմարավետորեն տեղավորվելով քաղաքական լուսանցքում: Բայց եւ ՀՀԿ-ն չի համակերպվում նոր դերի հետ` փորձելով հակահեղափոխության գնալ:
ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ թեեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս են, բայց իրականում նրանք էլ վարչապետի կողքին չեն: Ավելին` սխալված չենք լինի, եթե ասենք, որ իրականում ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ են գործում` պարզապես ոչ թե բացահայտ սաբոտաժի ենթարկելով կառավարության գործունեությունը, այլ ներքին կարգով: Նման դրսեւորումների պարբերաբար ականատես ենք եղել. ՀՅԴ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո երկու հայտրարություն տարածեց` ակնարկելով «ընտրովի արդարադատության եւ կողմնակալ քննության» իրենց տպավորությունների մասին: ՀՅԴ-ական պատգամավորներից երեքը միացել են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: Ավելի վաղ էլ կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի ու վարչապետ Փաշինյանի դիրքորոշումերը բախվեցին:
ԲՀԿ-ի դեպքում ամեն ինչ ավելի քողարկված է. ԲՀԿ-ականներն իշխանությունների գործողությունների դեմ հրապարակավ դժգոհել են միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի կալանավորման առթիվ նրա դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում` հայտարարելով, թե քաղաքական հետապնդում է իրականացվում: Չնայած այդ գնահատականներին` ԲՀԿ-ն շարունակում է մաս կազմել նույն այն իշխանության, որն այդ հետապնդումներն իրականացնում է: Բայց դժվար չէ կռահել՝ ԲՀԿ-ն ցանկացած հարմար պահի չի վարանի Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ դուրս գալու, պարզապես դեռեւս վստահ չեն, որ այս պահին նման քայլ անելու դեպքում հաղթանակած դուրս կգան:
Փաշինյանի թիմը չունի հենարան նաեւ «Ելք» դաշինքում, թեեւ ՔՊ-ն «դե յուրե» դեռեւս «Ելք»-ի կազմում է: Ժամանակը ցույց տվեց՝ «Ելք»-ի մյուս անդամներն անվստահելի գործընկերներ են, հետեւաբար որեւէ կերպ չարժի նրանց վստահել:
Ու հիմա Նիկոլ Փաշինյանին այլ բան չի մնացել, քան աջակիցներ փնտրել խորհրդարանական ուժերից դուրս, թեկուզ եւ նախկին զինակիցների շրջանակներում:




Լրահոս