ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԵԶՈՔԱՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկ անդրադարձել է ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը` հայտարարելով, թե չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որեւէ դրսեւորում։ Ավելին` ոստիկանապետը ոստիկանության ծառայողներից պահանջել է լինել զգոն նմանօրինակ դրսեւորումների չեզոքացման նպատակով, եւ ընդգծել, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։ «Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Եվ այս առումով ոստիկանները պետք է գործեն վստահ ու համարձակ»,- շեշտել է ոստիկանության պետը:
Ընտրությունների ժամանակ թաղային հեղինակությունների մասնակցության, ընտրությունների արդյունքների վրա նրանց ազդեցության մասին խոսվել է մշտապես: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս հանդես է եկել նման հրապարակումներով, նման ահազանգեր հնչեցրել են նաեւ ընդդիմադիրները: Ի վերջո, հիշում եք ընտրությունների օրը տեղամասերի եւ որոշ կուսակցությունների նախընտրական շտաբների մոտ թաղային խուժանի ակտիվությունը: Բայց նախկին իշխանություններն այդպես էլ համարժեք արձագանքի չեն արժանացրել այդ մասին ահազանգերը: Ընդհակառակը, շատ հաճախ նույն թաղային հեղինակությունները գործել են` կա՛մ ոստիկանների հետ համագործակցելով, կա՛մ նրանց աչքի առաջ` լուռ թողտվության պայմաններում:
Եւ հիմա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրահանգից հետո, երբ բացահայտ ձեռնոց է նետում ընտրությունների արդյունքների վրա ազդել փորձող թաղային հեղինակություններին, կարելի է հույս փայփայել, որ այնուամենայնիվ, Հայաստանում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Սպասում ենք՝ հայտարարություններից բացի ոստիկանությունը նաեւ գործնական քայլերով ի ցույց դնի ընտրակեղծարարության դեմ պայքարում հաստատակամությունը:

 

 

Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այդ բողոքը քննելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Սակայն մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Դատավոր Ազարյանը 1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ: Իսկ այդ ժամանակ, ինչպես հիշում եք, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը: ՈՒ հիմա ստացվում է՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը պետք է քննի նրա նախկին ենթական: Թե որքանով այս հանգամանքը կարող է ազդեցություն ունենալ գործը քննելիս, դժվար է ասել: Չի բացառվում, որ մեղադրող կողմը, հաշվի առնելով այդ հանգամանքը, դատավորին բացարկ հայտնի:

 

 

Չի բացառվում՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործն ավելի ընդլայնվի: Եւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները տեսակետ են հայտնել, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում կարող են հայտնվել նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածով մեղադրանք կարող է առաջադրվել հանցագործություն պարտակելու համար: Մեր աղբյուրները նման եզրակացություն են արել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ հանրային հեռուստատեսությամբ տված հարցազրույցից, երբ նա հաստատեց, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործից բացակայել է հայտնի 0038 հրամանը: Իսկ նման կարեւոր փաստաթղթին ուշադրություն չդարձնելը, այն գործով չուսումնասիրելը ենթադրում է, որ փորձ է արվել պարտակելու հանցագործությունը: Հիշում եք նաեւ նախկին իշխանությունների օրոք ինչպես էր փորձ արվել մարտի 1-ի գործի նախաքննությունը տանել այն ուղղությամբ, որ ողջ մեղքը բարդվի ընդդիմադիրների վրա: Դրա արդյունքում էլ հարյուրավոր ընդդիմադիրներ հայտնվեցին կալանավայրերում:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սնանկության գործերով նորաստեղծ դատարանի դատավորի պաշտոնի համար ԲԴԽ-ի գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուների անունները համակարգում խիստ դժգոհությունների պատճառ են դարձել: Դատական համակարգում դժգոհել են, որ սնանկության գործերով դատավորներ են ընտրվել այնպիսի անձինք, որոնց մեծ մասը սնանկության հետ կապված գործերի հետ ընդհանրապես կապ չունեն, իսկ ահա պրոֆեսիոնալներն հայտնվել են խաղից դուրս իրավիճակում: Մասնավորապես, տեսակետ է հնչել, որ սնանկության գործերով դատավոր չեն ընտրվել հնաբնակներից Կարինե Պետրոսյանը, Ալեքսեյ Սուքոյանը, Արմեն Դանիելյանը եւ այլք, որոնք այս հարցում փորձ ունեն: Ի դեպ, նրանցից Կարինե Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի բացառել, որ ԲԴԽ որոշումները կբողոքարկի: «Կհասկանամ` ԲԴԽ որոշումը պատճառաբանված է, թե ոչ, որքանով է իրատեսական դրա բողոքարկումը, որից հետո իմ քայլերը կհասկանամ»,- ասել է նա:

 

 

ՍԵՎ ԿԱՏՈՒ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության մաս կազմող ՀՅԴ-ի հարաբերություններն այլեւս այն չեն: Պատճառը ներքաղաքական վերջին իրադարձություններն են, երբ ՀՅԴ-ն, Փաշինյանի կառավարության մաս կազմելով, հանդես եկավ հայտարարությամբ` անուղղակի քննադատելով իշխանություններին: Եթե հիշում եք, ՀՅԴ-ն հայտարարության մեջ մատնանշել է, որ Քոչարյանի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մեղադրանքները թողնում են ընտրովի արդարադատության եւ անկողմնակալ քննության տպավորություն:
Եւ ահա, փոխվարչապետ, ՔՊ անդամ Տիգրան Ավինյանն «Ազատություն» ռ/կ եթերում անհասկանալի է որակել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Դաշնակցության տարածած հայտարարությունը` միաժամանակ ընդգծելով՝ կոալիցիոն գործընկերոջ այս քայլը մտորելու տեղիք է տալիս։ «Որոշակի վերլուծելու կարիք կա այս գործողությունները: Եվ կարծում եմ՝ այդ վերլուծական գործընթացը նաեւ կբերի որոշակի եզրահանգումների մեզ,- ասել է նա եւ հավելել,- Ով-ով, Դաշնակցությունը, որը հիմա կազմում է կառավարության մի մաս, պետք է շատ հստակ իմանա, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր եւ դատական իշխանությունների միջեւ. արդյոք կա՞ն ճնշումներ դատական իշխանության վրա, թե՞ չկան: Որեւէ մեկը դատավորին չի զանգում եւ ասում՝ ինչ անի դատավորը: Դա անընդունելի է եւ նոնսենս է»:
ՀՅԴ-ն առայժմ պաշտոնապես չի արձագանքել փոխվարչապետի խոսքերին: Բայց դժվար չէ կռահել, թե ՀՅԴ-ն ինչ փաստարկներ կփորձի ներկայացնել. նախ կասեն, թե ՀՀ-ում ժողովրդավարություն է, որտեղ կարելի է ազատ կարծիք հայտնել, հետեւաբար իրենք էլ օգտվել են այդ հնարավորությունից: Նույնկերպ կարդարացնեն նաեւ Քոչարյանին ազատ արձակելու երաշխավորագրին ՀՅԴ-ական երեք պատգամավորների միանալը: Նույնիսկ փոխվարչապետ Ավինյանին կմեղադրեն խոսքի եւ կարծիք հայտնելու ազատության իրենց իրավունքները սահմանափակելու փորձերի մեջ: Անգամ կփորձեն համոզել, որ իրենք ամենասկզբունքային ուժն են, ու սկզբունքները վեր են` անկախ իշխանության կազմում իրենց այսօրվա դիրքից:
Բայց կարեւոր են ոչ այնքան ՀՅԴ-ի փաստարկները, որքան իշխանության ներսում առաջիկայում սպասվող գործողությունները: Ի վերջո, փոխվարչապետը խոսել է ՀՅԴ-ի պահվածքից եզրահանգումներ անելու մասին, բայց առանց մանրամասնելու՝ ինչ եզրահանգումների մասին է խոսքը: ՀՅԴ-ն եւս, վտանգի շունչը զգալով, կփորձի իր քայլերն անել: Իհարկե չի բացառվում, որ կողմերն, այնուամենայնիվ, գնան ոչ թե հարաբերությունները սրելու, այլ հաշտության ճանապարհով գոնե մինչեւ արտահերթ ընտրություններ: Ամեն դեպքում, առաջիկայում ուշագրավ զարգացումներ են սպասվում:




Լրահոս