ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Երեւանում թափառող շների խնդիրը սկսել է շատ մտահոգել հանրությանը: Մարդկանց մի մասը կողմ է թափառող շներին կրակելով ոչնչացնելուն, իսկ մի մասն էլ պայքարում է անտուն կենդանիների համար: Տեղեկացնենք, որ թափառող շների դեմ պայքարի ծրագիրն իրականացնելու համար Երեւանի քաղաքապետարանի պատվերով պետական գնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից տարեկան ավելի քան 114 մլն դրամ է հատկացվում «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին: Այս տարի եւս ընկերությանը գումար է տրվել, սակայն «Յունիգրաֆ Իքս»-ը ծառայությունը մատուցել է մասնակի: Վերջերս էլ դադարեցվել է քաղաքապետարանի հետ պայմանագիրը:

Նկատենք, որ Հայաստանում դեռ չկա օրենք կենդանիների պաշտպանության մասին: Ըստ մասնագետների` թափառող կենդանիների ոչնչացումը ոչ միայն չի լուծում հիմնախնդիրը, այլեւ հանգեցնում է գլխաքանակի ավելացման եւ տեսակի ագրեսիվացման: Մյուս կողմից, քաղաքացիները շարունակում են բարձրաձայնել Երեւանում թափառող շների խնդիրների մասին: Երեւանցիների մեծ մասը այս հարցով բազմաթիվ անգամ դիմել է «Ժողովուրդ» օրաթերթին: Նրանցից մեկը` Դոնարա Գալստյանը, ով Սարի թաղի բնակիչ է, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` պատմելով, որ երեկոյան ժամերին անհնար է լինում տանից դուրս գալ, որովհետեւ փողոցը լի է թափառող շներով, իսկ գիշերներն էլ քնել չի լինում նրանց հաչոցներից: Նույն խնդրով մեզ դիմել են նաեւ Երեւանի Աճառյան եւ Մաշտոց փողոցների բնակիչները: Սակայն այդպես էլ թափառող շների խնդիրը մայրաքաղաքում լուծում չի ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով մրցույթներ հայտարարվել են դեռեւս 2006 թվականից: Բայց 2009 թվականից սկսած` հայտարարված բաց ընթացակարգերին մասնակցելու համար մշտապես հայտ է ներկայացրել միայն «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն եւ բնականաբար հաղթող ճանաչվել:
Որոշ մասնագետների կարծիքով` կենդանիների մեծ մասի քնեցումը կատարվում է լիդոկայինով, որը, շան մոտ սրտի կանգ առաջացնելով, տանջամահ է անում: Իսկ «Յունիգրաֆ-Իքս»-ը աշխատել է երկու մեթոդով` առողջ շների դեպքում` ստերիլացում (այլեւս չեն կարող բազմանալ) եւ քնեցում` ագրեսիվ, վարակակիր շների դեպքում: Նշենք, որ մի շան ստերջացման արժեքը կազմում է մոտավորապես 15 հազար դրամ, իսկ կենդանուն քնեցնելով սպանելը` 7000 դրամ:
Չնայած բնակիչների` թափառող շների վերաբերյալ դժգոհություններին` «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը այլեւս չի զբաղվելու շների վնասազերծման ծառայությունների մատուցմամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն`«Յունիգրաֆ իքս»-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում ներառելու պահանջով: Իսկ մինչ այդ նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի եւ «Յունիգրաֆ-Իքս» ընկերության միջեւ այս տարվա հունվարի 8-ին պայմանագիր է կնքվել: Իսկ պայմանագրի արժեքը կազմել է 114 մլն 227 հազար 200 դրամ: Բայց «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը հուլիսի 12-ին հրաժարվել է պայմանագրով նախատեսված ծառայությունների հետագա մատուցումից` չկատարելով պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Ապա քաղաքապետարանն է իր հերթին միակողմանի լուծում ընկերության հետ կնքած պայմանագիրը: ըստ քաղաքապետարանի պնդումների` ընկերությունը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները կամ մասնակի է կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընկերությունը մատուցել է կնքված 114 մլն 227 հազար դրամ պայմանագրի ընդամենը ավելի քան 49 մլն դրամի ծառայություն: Այսինքն` ընկերությունը հրաժարվել է մատուցել 64 մլն 899 հազար դրամի չափով ծառայություն: Ավելին` «Յունիգրաֆ-Իքս»-ը պետք է թափառող շների վնասազերծման ծառայություններ իրականացներ մինչեւ այս տարեվերջ:
Արդյունքում գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է ««Յունիգրաֆ-Իքս»-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցուցակում ներառելու նպատակով նախաձեռնված ընթացակարգը բավարարել: Այսինքն «Յունիգրաֆ-Իքս»-ը սեւ ցուցակում մնալու է 2 տարի ժամկետով: Եւ հայտնի չէ` ժամկետը լրանալուց հետո արդյոք ընկերությունը կշարունակի մատուցել ծառայություններ:
Միաժամանակ, ոստիկանությունը թավշյա հեղափոխությունից հետո ֆինանսական չարաշահումներ էր հայտնաբերել` քաղաքապետարանին այս ընկերության մատուցած ծառայությունների հետ կապված: Ըստ ՀՀ ոստիկանության` 2016-2018 թվականների ընթացքում «Յունիգրաֆ-Իքս»-ը Երեւանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձեւակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12,6 տոննա, ձեւակերպվել է 206 տոննա բրնձի ձեռքբերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա, իսկ ձեւակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 մլն դրամ:
Այս պահին մայրաքաղաքում թափառող շների վնասազերծման ծառայություն չի իրականացվում, քանի որ քաղաքապետարանը ծառայությունների ձեռքբերման նոր մրցույթ դեռ չի հայտարարել: Թե երբ կհայտարարվի նոր մրցույթ, դեռ պարզ չէ: Բայց փաստ է, որ այս ամենի արդյունքում տհաճ իրավիճակում են հայտնվել մայրաքաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի շենքի Կալինինի փողոցին հակված փայտե գեղեցիկ պատշգամբը փլվել է: Թանգարանի շենքը ՀՀ կողմից պահպանվող հուշարձանների ցանկում է: 2017թ. մշակույթի այն ժամանակ նախարար Արմեն Ամիրյանը այցելեց Դիլիջան, սակայն Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի շենքի քանդվող պատշգամբը փրկելու համար ոչինչ չարվեց: Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Սեւակ Բադիրյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի տնօրենը ոստիկանություն է դիմել` ցանկանալով պարզել, թե որն է եղել այդ թանգարանի պատշգամբի քանդվելու պատճառը: Ոստիկանությունը քննություն է կատարել, պարզել, որ այդ պատգամբը փլվել է առանց արտաքին միջամտության, պատշգամբը երկար ժամանակ եղել է անմխիթար վիճակում: Պատմական արժեք ներկայացնող հին պատշգամբը վերանորոգման խիստ կարիք ուներ, սակայն դա չի արվել: Պատշգամբը քանդվելուց հետո այն կազմող մեծ, բազմաթիվ տախտակները ընկել են Կալինինի փողոցի բանուկ մասը,որոնց բախվելու հետեւանքով այդ ժամանակ փողոցով երթեւեկող «ՎԻԼԻՍ» մակնիշի մի մարդատար ավտոմեքենա որոշ չափով վնասվել է: Կատարված քննության ընթացքում 3 հոգի ոստիկանությունում ցուցմունք են տվել, որ իրենք տեսել են թանգարանի փայտե պատշգամբի փլվելը, որը տեղի է ունեցել պատշգամբի խիստ մաշվածության հետեւանքով: Դիլիջանը Հայաստանի եզակի քաղաքներից է, որը պահպանել է իր պատմական տեսքը: ՀՀ մշակույթի նախարարության աշխատողների անտարբերության, Դիլիջանի թանգարանի պատշգամբը ժամանակին չնորոգելու պատճառով Դիլիջանը զրկվեց պատմական մի հուշարձանից,որն իբր թե պահպանվում էր պետության կողմից:

 

 

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Տավուշի մարզի համայնքներում վարչարարությունը կատարվում է թերություններով: Այդ մասին Տավուշի մարզխորհրդի սեպտեմբերի 4-ի նիստում հայտնեց, մարզի համայնքներում 2018թ. առաջին կիսամյակում իրականացված վարչական հսկողության արդյունքները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի տարածքային ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության բաժնի վարիչ Աշոտ Մարդանյանը: Նա նշեց, որ տվյալ ժամանակահատվածում վարչական հսկողություն է իրականացվել Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ, Կիրանց, Այգեհովիտ եւ Վազաշեն համայնքներում, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ: Իրականացված հսկողության արդյունքում բացահայտված թերությունների մի մասը տեղում վերացվել է: Ա. Մարդանյանը ներկայացրեց այդ ոլորտում այն ընդհանրական թերությունները, որոնք վերացնելու համար որոշակի ժամկետներ են պահանջվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹ` ՍԱՀՄԱՆԻՆ
Իրանի երկու քաղաքացի մարմնի տարբեր մասերում փորձել են տեղափոխել մոտ 500 գրամ հերոին տեսակի թմրանյութ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում տվյալներ են ստացվել, որ Մեղրի սահմանային անցակետով Իրանից ՀՀ սահմանը հատած ԻԻՀ քաղաքացիները հնարավոր է թմրանյութ են տեղափոխում Վրաստան. նրանք Բագրատաշենի սահմանային անցակետով փորձել են հատել ՀՀ եւ ՎՀ պետական սահմանները: Արդյունքում նրանցից մեկի մարմնի մի մասում հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մոտ 173 գրամ քաշով հերոին տեսակի թմրանյութի նմանվող պինդ զանգված, իսկ մեկ այլ մասում` մոտ 96 գրամ քաշով նույնանման զանգված: Մյուս քաղաքացու մոտ հայտնաբերվել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մոտ 118 գրամ եւ 100 գրամ քաշերով թվով երկու հատ հերոին տեսակի թմրանյութի նմանվող պինդ զանգվածներ:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտատարել է, որ արմատապես փոխվել է բնապահպանության նախարարության կողմից նախագծերի թույլտվությունների, լիցենզիաների, համաձայնությունների տրման` նախարարության կառավարման մոդելը: Ըստ նրա` պարզեցվել են ընթացակարգերը, որեւէ սուբյեկտիվ մոտեցում չկա: «Էականորեն բարձրացել են աշխատավարձերը, որոշ տեղերում անտառապահների աշխատավարձերը բարձրացել են ավելի քան 100 տոկոսով, բայց հիմնականը` միջինում 50 տոկոսով: Արդեն տասնյակ մեքենաներ են գնվել միջազգային դոնորների աջակցությամբ, հզորացվել են հարավում` Սյունիքում գտնվող անտառտնտեսությունները»,-ներկայացրել է նախարարը: Միջազգային դոնորների հետ կապված Է. Գրիգորյանը նշել է, որ մի քանի նոր եւ արդեն ընթացքի մեջ գտնվող դրամաշնորհներ կան: Ըստ վերջինիս` որեւէ դրամաշնորհ չի կարող լուծել խնդիրները, եթե չգիտեն` ինչ են անում: Իսկ գիտեն, որ պետք է հզորացվեն նախարարության կարողությունները, մասնավորապես` բնապահպանական փորձաքննական եզրակացության գործընթացը: Այս տարի առաջին անգամ իրականացվել է դեռեւս խորհրդային ժամանակներից մնացած լքված պոչամբարների գույքագրում. աշխատանքները կավարտվեն տարեվերջին, բայց այս պահի դրությամբ հաշվառված է 40 լքված պոչամբար, որոնք ռեկուլտիվացիայի կարիք ունեն: Էրիկ Գրիգորյանի խոսքով` ԵՄ-ի հետ այս աշխատանքների իրականացման համար արդեն իսկ կա 5 միլիոն եվրոյի տրամադրման մասին նախնական պայմանավորվածություն: Փոփոխվում է նաեւ շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգը:




Լրահոս