Ադրբեջանում «նեղսրտել» են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովը չի վրիպել մեր հարևանների ուշադրությունից: Մասնավորապես, Ադրբեջանում դժվարանում են համակերպվել այն իրողության հետ, որ Հայաստանը նման մեծամասշտաբ միջոցառում է հյուրընկալում: Գրում է «Արմենպրես»-ը:

Նշենք, որ ՖՄԿ-ն միջազգային ամենամեծ կազմակերպություններից է, որն 84 անդամ ունի աշխարհի տարբեր մայրցամաքներից: Հայաստանը երկու տարով ստանձնում է ՖՄԿ-ում ղեկավարությունը, ինչը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում հայկական կողմին ինչպես կազմակերպության շրջանակներում, այնպես էլ կազմակերպության առանձին անդամների հետ նախաձեռնողական քայլեր իրականացնելու համար, որոնք կնպաստեն տարբեր հարցերի շուրջ հետագա համագործակցությանը: Այս տեսանկյունից հատկանշական է նաև Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ֆորումի անցկացումը Երևանում:

Միևնույն ժամանակ Հայաստանում ավելի քան 80 պատվիրակությունների, այդ թվում 25-ից ավելի պետության ղեկավարների միաժամանակյա ներկայությունը մեծապես նպաստում են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը: Այդ նույն համատեքստում պետք է փաստել, որ գագաթաժողովի բարեհաջող անցկացումը կնպաստի Հայաստանի՝ որպես հուսալի և վստահելի գործընկերոջ ընկալմանը միջազգային հարթակում:

Եվ այս ամենի ֆոնին նկատելի է նաև ադրբեջանական քարոզչության ակտիվացում, որը նպատակ է հետապնդում ստվերել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կարևորությունը: Մասնավորապես, Բաքվի կողմից շրջանառության մեջ են դրվել մի շարք թեզեր, որոնք ոչ միայն չեն դիմանում որևէ քննադատության, այլև որոշ դեպքերում ծայրահեղությունների են հասնում: Ադրբեջանում այս օրերին կասկածի տակ են դնում ոչ միայն «հայ-ֆրանսիական պատմական հարաբերությունների գոյությունը», այլ նաև հայտարարում են, որ Հայաստանում նման միջոցառման անցկացումը «քաղաքական ուղերձ է Ռուսաստանին, որն ակնարկում է այն մասին, որ Հայաստանը արևմտամետ քաղաքականություն է վարում»: Ադրբեջանում այս օրերին շրջանառվող մեկ այլ տեսակետի համաձայն էլ «Հայաստանն ամբողջությամբ մեկուսացված է եվրասիական ինտեգրացիայից»:

Ադրբեջանական այս քարոզչությունն, ինչ խոսք, իրականության հետ որևէ աղերս չունի: Հայաստանի կողմից իրականացվող հավասարակշռման և ինտեգրացիոն գործընթացների փոխլրացման քաղաքականության արդյունքում Հայաստանը չունի ընտրության խնդիր և բաց է ամրապնդել ու խորացնել հարաբերությունները բոլոր գործընկերների և բարեկամ երկրների հետ: Բաքվին պետք է հիշեցնել նաև, որ Ֆրանկոֆոնիան Արևմուտքի հետ ասոցացնելը ևս անհեթեթություն է. այդ կառույցը միավորում է տարբեր երկրներ աշխարհի բոլոր մայրցամաքներից, այդ թվում՝ Աֆրիկայից և Ասիայից:

 

Հետաքրքրական է, որ նման հայտարարություններ է հնչեցնում մի երկիր, որն ամեն տարի միլիոնավոր դոլարներ է ծախսում Ադրբեջանում տարբեր միջոցառումների (քաղաքական, կրոնական համաժողովներից մինչև սպորտային միջոցառումներ) իրականացման համար, որոնք նպատակ են հետապնդում ադրբեջանական հանրության ուշադրությունը շեղել ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից, ցույց տալ միջազգային հարթակում Ադրբեջանի «վայելած հեղինակությունը»: Հատկանշական է նաև, որ Ադրբեջանում նմանօրինակ իրադարձությունները նաև հարմար առիթ են փողերի լվացման տարատեսակ սխեմաներ կիրառելու համար:

Պետք է նշել, որ Բաքվի այդ գործելաոճը ոչ միայն ցանկալի արդյունքներ չի տալիս, այլ նաև շատ հաճախ աշխատում է հենց Ադրբեջանի դեմ: Մասնավորապես, վերջին մի քանի նման միջոցառումների (Իսլամականհ ամերաշխության խաղեր, «Ֆորմուլա 1», «Եվրատեսիլ» և այլն) անցկացման օրինակը ցույց է տալիս, որ Ադրբեջան ժամանած օտարերկրյա լրագրողների ուշադրության կենտրոնում են հայտնվում ոչ թե այդ միջոցառումների շքեղությունը, այլ այդ երկրում մարդկանց իրավունքների ոտնահարումները, սոցիալ տնտեսական խնդիրները:




Լրահոս