ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսին ԱԺ-ն, հաստատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, համաձայնեց մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դրույթին: Սակայն հիմա չի բացառվում, որ այդ ընտրությունները տեղի չունենան: Համենայն դեպս, այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ: Բանն այն է, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչական թոհուբոհում Փաշինյանի կառավարության անդամ ուժերի միջեւ կրքերը լարված են, նրանք միմյանց հասցեին մեղադրանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում: Եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ համաձայնության կառավարությունը կանգնած է փլուզման եզրին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր դաշնակիցներին կորցնելու ճանապարհին: Արդեն իսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում խորհրդարանում առկա ուժերից ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Ելք»-ում ներկայացված մի քանի պատգամավորներ դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններ անցկացնելուն` ասելով, թե կարող են դեմ քվեարկել այդ կապակցությամբ նախագծերին: Այսինքն՝ Փաշինյանը եթե նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ (դրանում նախատեսելով ԱԺ ինքնալուծարման համար դրույթներ), միգուցե չկարողանա ԱԺ-ում այն անցկացնել: Մյուս կողմից ԱԺ-ն գործող սահմանադրության դեպքում կարող է իրավունքի ուժով արձակվել, եթե վարչապետը հրաժարական ներկայացնի ու երկու անգամ նոր վարչապետ չընտրի: Բայց այս հեռանկարն էլ վտանգավոր է, քանի որ այդ դեպքում հնարավոր է ներպալատական հեղաշրջում իրականացվի. ՀՀԿ-ն կարող է այլ թեկնածու առաջադրել եւ խորհրդարանական մյուս ուժերի հետ այլ վարչապետ ընտրել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս «Գելլափ» կազմակերպության անցկացրած սոցիալական հարցումների արդյունքում պարզվել է՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վարկանիշը կազմում է 74 տոկոս: «Գելլափ»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հաստատեց այն, որ հարցումներ են իրականացվել, սակայն թվերի մասին ոչինչ չասաց: «10 օրվա ընթացքում կհրապարակենք, եւ բոլորը կիմանան»,- ասաց նա՝ հավելելով,- «Հարցումներ եղել են նաեւ վարչապետի, կառավարության, Աժ-ի մասին»: Մինչ այդ, նկատենք, նախագահ Արմեն Սարգսյանի բարձր վարկանիշը պատահական չէ. ի վերջո, նախագահն ընդամենը արարողակարգային գործառույթներ ունի, նրա վրա որեւէ լուրջ գործառույթներ, լուրջ պատասխանատվություն դրված չէ: Հետեւաբար՝ հասարակությունը նրանից որեւէ բան չի էլ ակնկալում, որ ակնկալիքները չբավարարվելու դեպքում դժգոհի: Իսկ Արմեն Սարգսյանն էլ փորձում է դրական իմիջ պահպանել` երեխաների հետ պաղպաղակ ուտելով, համբուրգեր պատրաստելով, մայրաքաղաքում զբոսնելով:

 

 

Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձինք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն ՀՀ-ում, այլեւ արտերկրում: Մինչ իրավապահները հեղափոխությունից հետո կսկսեին զբաղվել նրանցով, շատերը փորձեցին լքելՀայաստանը: Ավելին, նրանց մեծ մասը ապահով հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները: Խոսքը հատկապես մարտի 1-ի կամ կոռուպցիոն որեւէ բացահայտման գործով անցնողների մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն` խնդրելով տրամադրել այն անձանց ցուցակը, որոնց վիզաները չեղարկվել են: ԱՄՆ դեսպանատնից չեն հերքել մեր տեղեկությունները, բայց եւ չեն տրամադրել ցուցակը. «ԱՄՆ օրենսդրության համաձայն` վիզաների գործերը գաղտնի են, եւ մենք իրավասու չենք առանձին գործերի հետ կապված մեկնաբանություններ տալ»:

 

 

 

Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել: Ու հատկանշական է փաստը, որ Գյումրիում փողոցաշինությամբ զբաղվելու մրցույթը դեռ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին շահել է ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը: Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ այդ ընկերությունը 1.3 կմ հատվածում բազալտե եզրաքարեր է տեղադրել, այդ եզրաքարերը չեն համապատասխանում սահմանված ստանդարտներին: «Անմիջապես դադարեցնել եմ տվել շինարարական աշխատանքները: Մինչդեռ նախորդ խմբի անդամների կողմից երկու բազալտե եզրաքար դնելու դեպքում պետք է դա դադարեցվեր: Ոչ թե 1.3 կմ շարվեր, եւ մենք դադարեցնեինք»,- ասել է նա: Նշենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 23,8 մլն եվրո է տրամադրել Գյումրիի փողոցների բարեկարգման համար:

 

 

ԱՆՍԱՀՄԱՆ
«Երկու բան հիրավի անսահման են. տիեզերքը եւ մարդկային հիմարությունը, թեեւ տիեզերքի մասին համոզված չեմ»: Վստահ ենք` այս խոսքերն ասելիս Ալբերտ Էյնշտեյնը չգիտեր հայաստանյան քաղաքական դաշտի հիրավի հզոր ռահվիրաների մասին: Այլապես Էյնշտեյնը անսահման կհամարեր նաեւ ռահվիրաների, մասնավորապես, Արթուր Բաղդասարյանի ու ՕԵԿ պոպուլիզմը:
Սա ամենեւին էլ չափազանցություն չէ: Նման եզրահանգման կարելի է գալ` հետեւելով Երեւանի ավագանու ընտրություններում այդ քաղաքական ուժի պահվածքին: Ճիշտ է, այս օրերին շատերի ուշադրությունը կենտրոնացած է «Իմ քայլը» դաշինքի դեմ կառավարությունում գործընկեր ուժերի սանձազերծած քարոզչական պատերազմի վրա, եւ ՕԵԿ-ը մղվել է ետին պլան, որովհետեւ ՕԵԿ-ը չի համարվում լուրջ մրցակից, չունի ավագանիում հայտնվելու շանսեր, ուստի կարելի է իրենց չնկատելու տալ:
Բայց քարոզչության ժամանակ ՕԵԿ-ականների պահվածքը երբեմն-երբեմն արժանի է ուշադրության, սա թեկուզ եւ այն պատճառով, որ մարդ համոզվի պոպուլիզմի անսահմանությանը: Այս կուսակցությունն այնպիսի նախընտրական խոստումներ է տալիս, որ որեւէ առնչություն չունի Երեւանի ավագանու եւ քաղաքապետի լիազորությունների հետ, եւ ի ցույց է դնում պետության եւ պետական կառույցների մասին ՕԵԿ-ում պատկերացումների իսպառ բացակայությունը:
Օրինակ` երեկ Զեյթունում ՕԵԿ-ականները խոստացել են հաղթելու դեպքում ստեղծել առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն, խոստացել են նվազեցնել կոմունալ վճարները, եւ այսպես շարունակ: Առաջին հայացքից շատ գայթակղիչ է թվում, բայց պարզ չէ, թե ինչպես է իրագործվելու: Երեւանի քաղաքապետարանն ու ավագանին ո՛չ առեւտրային բանկ են, որ առանց կանխավճարի հիփոթեք տրամադրեն, ո՛չ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որ նվազեցնի կոմունալ վճարները, ո՛չ էլ այնպիսի ահռելի մեծ բյուջե ունի համայնքը, որ սեփական միջոցներով հոգա այդ խնդիրները:
ՕԵԿ-ն իհարկե միակը չէ. մեկ այլ քաղաքական ուժ էլ խոստանում է՝ եթե իրենց թեկնածուն ընտրվի քաղաքապետ, առաջնորդը սեփական միջոցներից գումարներ կներդնի ծրագրերի իրականացման համար, քանի որ տեղական բյուջեն սահմանափակ է, ներդրումներ կբերի` ու էլի մոռանալով, որ իրենք պետությունը չեն, եւ իրենց չի տրված պետական գործառույթներ:
Ի դեպ, քարոզարշավի ավարտին հաշված օրեր են մնացել, եւ հիմա սպասում ենք՝ ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում Կարսը, Մուշն ու Արդահանը ետ բերելու եւ, ընդհանրապես, Ծովից-ծով Հայաստանը վերականգնելու խոստմանը. երեւի սա էլ կա՛մ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգության», կա՛մ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանիի» տիրույթում է: Այնպես որ, սպասենք պոպուլիզմի նոր չափաքանակի:




Լրահոս