Այն բանից հետո, երբ 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին, վերջինս սկսեց խոսել քաղաքականություն վերադարձի, այսինքն` նաեւ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Իր հարցազրույցներից մեկում նա նաեւ խոսել էր քաղաքականություն վերադարձի հնարավոր ձեւաչափի շուրջ` միեւնույն ժամանակ նշելով, թե բավականաչափ ժամանակ կա, եւ իրավիճակը շատ սրընթաց է զարգանում:
Երկրորդ նախագահը կարծիք է հայտնել, որ ներկայիս պայմաններում «կարող է դառնալ ընդդիմադիր կենտրոններից», բեւեռներից մեկը: Ինչ վերաբերում է ընտրազանգվածին, ապա նա կարծիք է արտահայտել, թե իր ընտրազանգվածը կարող են լինել «այլընտրանքային տեսակետ» ունեցողները: Այդպիսիք են այն մարդիկ, որոնք համաձայն չեն ներկայիս ղեկավարության վարած քաղաքականության հետ։
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահն արդեն սկսել է համախմբմանը միտված գործընթացները եւ վերջերս ակտիվ հանդիպումների մեջ է եղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին մեկ ամսվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ակտիվ հանդիպումների մեջ է: Նա արդեն իսկ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել տարբեր շրջանակների հետ, այդ թվում` մի խումբ ազատամարտիկների, նախկին պաշտոնյաների, մարդ-կուսակցությունների ղեկավարների եւ հասարակական լայն շերտերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում էլ հենց քննարկվել են առաջիկա ներքաղաքական գործընթացներին, մասնավորապես` արտահերթ ընտրություններին մասնակցության հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մասնավորապես նա հանդիպել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Աշոտ Գիզիրյանին, ազատամարտիկ «Աշոտ Երկաթ» խմբի հրամանատար Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաեւ մի քանի մարդ-կուսակցությունների ղեկավարների, այդ թվում` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերը թվարկված մարդ-կուսակցությունների ներկայացուցիչները չհերքեցին, որ նրանք ՀՀ երկրորդ նախագահին հանդիպել են, եւ ավելին` առաջիկա քաղաքական գործընթացների պարագայում պատրաստ են համագործակցել հենց նրանց հետ:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իր սեփական նախաձեռնությամբ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է մոտավորապես մեկ ամիս առաջ: Ընդ որում` Հարությունյանը հանդիպում նախաձեռնելու փաստը բացատրեց երկրորդ նախագահին վաղուց հանդիպած չլինելու փաստով, եւ բացի իրենցից, այլ մարդ չի մասնակցել: Արամ Հարությունյանը նաեւ խոստովանեց` կոնսոլիդացիայի եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին թիմով մասնակցելու որոշման դեպքում նա կլինի այդ անձանցից եւ ուժերից մեկը: «Հանդիպումը եղել է մոտ մեկ ամիս առաջ, քննարկվել են բոլոր հարցերը: Խնդիրն այն է, որ երկրորդ նախագահն իրավիճակին լավ տիրապետում է: Նա կարող է համախմբել այն ուժերին, ովքեր այս իրավիճակից դժգոհ են եւ վտանգներ են տեսնում Հայաստանի ապագայի հետ կապված»,- նշեց Հարությունյանը:
«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը եւս չթաքցրեց, որ երկրորդ նախագահին հանդիպել է եւ կրկին մոտավոր մեկ ամիս առաջ, սակայն քննարկված հարցերի եւ թեմաների մասին նա գերադասեց չբարձրաձայնել, սակայն հայտարարեց, թե, բնականաբար, ինքը լինելու է Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնող ուժերից մեկը: «Բնականաբար, մենք այն քաղաքական ուժն ենք, եւ ես այն քաղաքական գործիչներից եմ, որ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունը համարել եմ լավագույնը», – նշեց նա:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, թե նա հանդիպում է բոլորի հետ, այդ թվում` Սերժ Սարգսյանի: «Երբ ինչ-որ մեկի հետ հանդիպում ենք, մենք զրուցում ենք բոլոր թեմաներով: Ես արդեն հայտարարել եմ, որ «Ազգային անվտանգություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին առանձին է մասնակցելու, սակայն ես հանդիպում եմ բոլորին, այդ թվում` նրան, Սերժ Սարգսյանին», – նշեց նա:
Հ. Գ. Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասել է, որ եթե Քոչարյանն ատիվ քաղաքականության մեջ մտնի եւ այնպիսի խնդիրներ առաջադրի, որն իրենց ծրագրին մոտ է, գուցե համագործակցութուն սկսեն: Դատելով այս ընթացքում ՀՀԿ-ից տեղի ունեցող արտահոսքից՝ շուտով երբեմնի իշխանական ուժին եւս կարելի կլինի դասել մարդ-կուսակցությունների շարքին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՈՉ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ
Դեռեւս քննություն է տարվում պարզելու, թե որն է օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գազի բալոնի պայթյունի պատճառները, որի հետեւանքով մեկ հոգի մահացել էր, մեկ հոգի վիրավորվել: Բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե այդ բալոնը բուժկենտրոնին չի պատկանում, սակայն պատկերացում էլ չուներ, թե որտեղից է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իր նշանակումից հետո տնօրեն Արման Հովակիմյանը կադրային մի շարք փոփոխություններ է կատարել, այդ թվում` անվտանգության բաժիններին վերաբերող` երկարամյա աշխատողներին փոխարինելով նորեկներով: Եվ ոչ արհեստավարժ կադրերով համալրումն էլ հաճախ հանդիսանում է նման դեպքերի պատճառ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հովակիմյանից պարզել` ինչու է նման նշանակումներ կատարում: Սակայն ի պատասխան պահանջեցին հարցը գրավոր ուղարկել` հրաժարվելով որեւէ պարզաբանում տալուց:
ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Աբովյանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախկին նախագահ Հերմինե Ադամյանը դիմել է ՀՀ Վարչական դատարան` վիճարկելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործողությունները եւ պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնին: Ի դեպ, այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը:
ՓՈՂ ԵՆ ՏԱԼՈՒ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը առաջիկայում կառավարությանը կներկայացնի «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ամենի արդյունքում միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա` «նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով»։ Բացի այս, ծնողը հնարավորություն կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ անկախ երեխայի հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելու հանգամանքից։ Ի դեպ, այս նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան շուրջ 300 մլն դրամ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարության նիստում ՀՀ-ում ծնելիությունը խթանելու նպատակով որոշվել էր եռապատկել երկրորդ երեխայի ծննդի դեպքում տրվող միանվագ նպաստը` 50 հազարից դարձնելով 150 հազար դրամ. դա վերաբերելու է հոկտեմբերի 1-ից ծնված երեխաներին: Կառավարության նիստում խոսք էր գնացել նաեւ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծնվելու դեպքում մեծ չափի նպաստ տալու մասին: Բայց սա արվում է օրենսդրական նախագծով: Միայն թե լավ կլիներ, եթե իշխանությունները որոշեին այդ գումարը եւս տալ հոկտեմբերի 1-ից ծնված երեխաներին, որ խտրականություն չլինի:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում հեղափոխությունից հետո տեղի ունեցածը ԵՄ-ն համարում է մի նոր հնարավորության դուռ արդարադատության կառույցների, անկախ, արդար դատական համակարգ ստեղծելու համար, ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «ԵՄ-ն տարիներ շարունակ ավելի քան 50 մլն եվրոյի ներդրումներ է կատարել նպաստելու, որ Հայաստանի արդարադատության համակարգն ավելի արդյունավետ կերպով գործի: ԵՄ-ն նպաստել է ստեղծելու կամ վերանորոգելու բազմաթիվ դատարաններ»,-ասել է Սվիտալսկին: Դեսպանը նշել է, որ իրենք Հայաստանին իրենց պատրաստակամությունն են հայտնել անկախ եւ արդար դատական համակարգի ստեղծման գործում հավելյալ ջանքերի, օժանդակության համար: ԵՄ փորձագետները Հայաստան այցի ընթացքում նկատել են` պետք է շարունակել հակակոռուպցիոն պայքարը: Սա եւս ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Սվիտալսկին նկատել է, որ այստեղ կառավարության եւ դատական համակարգի առաջնահերթությունները համընկնում են:
ԹԵՅԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ
Երեկ Բաքվում կայացել է Ռուսաստանի Դաշնության ու Ադրբեջանի Հանրապետության նախագահների դեմառդեմ հանդիպումը: Այնուհետ ղեկավարները շարունակել են իրենց զրույցը թեյի սեղանի շուրջ: Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, մամուլի համար հայտարարություններ չեն հնչել: Մինչ այդ ելույթ ունենալով ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումին՝ Պուտինը հայտարարել է. «Մենք դեռեւս Սոչիում նշել ենք, որ հարաբերությունները դրական են զարգանում տնտեսությունում եւ այլ ոլորտներում»: Նշենք, որ մինչ այդ Ռուսաստանի Դաշնության նախագահն Իլհամ Ալիեւի հետ հետեւել է Ձյուդոյի աշխարհի առաջնության մրցումներին: Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որը ցույց է տալիս` ինչպես է Պուտինը երկրպագում ռուս մարզիկներին: Հիշեցնենք, որ Բաքվից հետո Պուտինը կայցելի Դուշանբե, որտեղ մեկնարկելու է ԱՊՀ երկրների առաջնորդների երկօրյա հանդիպումը:
ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՀԱՐՑԸ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ Նյու Յորքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շրջանակներում ծավալվող գործընթացը: Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա աշխատանքի: ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարների ուշադրությանն է ներկայացվել նոյեմբերին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի ու կանոնադրական մարմինների նիստերին, ինչպես նաեւ կազմակերպության աշխատանքային օրակարգին առնչվող հարցեր: