ՀՀԿ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՀԱՐՑԸ ԿՀԱՍՆԻ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Քասախի 22 տարվա ՀՀԿ-ական գյուղապետ Արա Մկրտչյանն առաջիկայում հնարավոր է հայտնվի մեղադրյալի աթոռին: Պատճառը Կոտայքի մարզպետարանի կողմից գյուղապետարանում անցկացված ստուգումներն են, ինչի արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Կոտայքի մարզպետարանը օգոստոսի 13-ից մինչեւ 22-ը ընկած ժամանակահատվածում իրավական եւ մասնագիտական հսկողություն է իրականացրել Քասախի գյուղապետարանում, արդյունքում հայտնաբերվել են խախտումներ:
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով Քասախում իրականացված վարչական հսկողությանը, հայտարարեց. «Ես գնահատական չեմ կարող տալ` արձանագրված խախտումները լուրջ են, թե ոչ, բայց մտահոգիչ փաստեր կան, որոնք որ կարծում եմ պետք է որ հայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում: Իրավապահների ուշադրությունը պետք է հրավիրենք: Մենք հիմա օրենքով սահմանված կարգով հաղորդման վրա ենք աշխատում, մեկ-երկու օրվա ընթացքում հաղորդում պետք է տանք իրավապահ մարմիններին: Մնացածը արդեն իրավապահները կորոշեն, եթե լուրջ կլինեն խախտումները, ապա գործեր կհարուցեն»:
Սա դեռ ամենը չէ: Պարզվում է` գյուղի 907 բնակչի ստորագրությամբ մարզպետարանը դիմում-բողոք է ստացել, որի մեջ մատնանշված են կոնկրետ ոլորտներ, որտեղ խոսք կա առերեւույթ խախտումների, յուրացումների եւ այլնի մասին: «Հենց այդ փաստաթղթի հիման վրա էլ մենք այդ համայնքում վարչական հսկողության ժամկետը առաջ ենք գցել: Այս գյուղում հերթական վարչական հսկողությունը պլանավորած էր 4-րդ եռամսյակում: Եւ մենք օրենքով սահմանված կարգով միջնորդել ենք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին եւ ժամկետը առաջ ենք գցել»,- ներկայացրեց մարզպետը:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քասախի ավագանու նիստերի արձանագրությունները, որոշումների նախագծերը կազմվել են թերություններով եւ բացթողումներով, ինչի արդյունքում թերի է կատարվել ՏԻՄ ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի պահանջը: Նաեւ բացակայել են որոշումների ընդունման անհրաժեշտության հիմնավորումները, բյուջեում ծախսերի եւ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքները:
Պարզվում է, որ դեռեւս 2016 թվականի փետրվարի 1-ին 22 տարվա ՀՀԿ-ական անփոխարինելի գյուղապետ Արա Մկրտչյանը Ռաֆիկ Ավետիսյանին նշանակել է «Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ԺՊ, ապա դեկտեմբերի 30-ին ազատել: Բայց չնայած սրան` նա չի ունեցել բարձրագույն կրթություն, իսկ նշանակումը, հակառակ օրենսդրական պահանջի, կատարվել է առանց ավագանու համաձայնության: Բացի այս, առանց ավագանու համաձայնության նույն տարում Արայիկ Գեւորգյանը նշանակվել է «Կոմունալ բարեկարգման եւ սպասարկման գրասենյակ» բյուջետային հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Նաեւ մեզ հայտնի դարձավ, որ Քասախի գյուղապետարանի աշխատակազմում 2016 թվականի ապրիլի 22-ից թափուր են մնացել աշխատակազմի առաջատար մասնագետի, 2017 թվականի սեպտեմբերից` 1-ին եւ 2-րդ կարգերի մասնագետների պաշտոնները: Այդ պաշտոնները զբաղեցնելու համար վերջին անգամ մրցույթ է հայտարարվել այս տարվա հուլիսին, սակայն չի կայացել հանձնաժողովի կողմից քվորում չապահովելու պատճառով: Ի դեպ, 2012 թվականից թափուր են նաեւ աշխատակազմում գործավար-քարտուղարուհու, 2016 թվականի ապրիլից` վարորդի հաստիքները: Մինչդեռ ՀՀ ՏԿՆ 2006 թվականի նոյեմբերի 20-ի N 203-Ա հրամանի N 58 հավելվածով հաստատված Քասախի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի համաձայն` պաշտոնները 10-ն են: Գյուղապետի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվել է համայնքի սեփականության գույքագրում, սակայն գույքագրման փաստաթղթերը չեն հաստատվել ավագանու կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ավագանու անդամներ Միքայել Սահակյանը, Սասուն Ասատրյանը, Էդգար Մկրտչյանը, Տարոն Թովմասյանը, Սպարտակ Գասպարյանը 2016 թվականին գումարված 11, իսկ 2017-ին` 12 նիստերից բացակայել են: Իսկ ահա Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված հսկողության ընթացքում պարզվել է, որ նույն ավագանիները գումարված 7 նիստերից բացակայել են: Բայց չնայած սրան` ավագանիների նկատմամբ օրենքով սահմանված գործառույթներ չեն իրականացվել: Մինչդեռ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ պետք է դադարեցվեին, եթե նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի ավելի քան կեսից: Նշենք, որ տեւական ժամանակ Քասախի գյուղապետարանի աշխատանքը պարալիզացված է եղել, քանի որ ավագանու ԲՀԿ-ական անդամները բոյկոտել են նիստերը: Սակայն Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ երկարատեւ բոյկոտից հետո ավագանին օրենքով սահմանված կարգով լուծարվել է: Այժմ գյուղն ունի նորընտիր ավագանի, որը սեպտեմբերի 22-ից արդեն իր լիազորությունները ստանձնել է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, ավագանու անդամներ Սեդրակ Հովհաննիսյանը 2012-ի դեկտեմբերից, Սեդրակ Խաչատրյանը 2017-ի հունվարից, Գրետա Մկրտչյանը այս տարվա փետրվարից աշխատում են Քասախի «Արվեստ մշակութային դպրոց-ստուդիա» ՀՈԱԿ-ում տարբեր պաշտոններում` այս դեպքում խախտելով ՏԻՄ ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը:
Ըստ մարզպետարանի` ավագանու անցած տարվա դեկտեմբերի 4-ի թիվ 62 որոշման 2-րդ կետով սահմանվել են համայնքի ղեկավարի եւ աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հավելումներ եւ հավելավճարներ: Հավելավճար սահմանվել է նաեւ համայնքային ծառայողների տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար աղյուսակի տեսքով, որտեղ կիրառվել են գործակիցներ բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ: Բայց նշված չէ համայնքային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը, որը, ըստ աղյուսակի, տարբեր է: Արդյունքում համայնքային 5 ծառայողներ ստացել են իրենց պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 55-110 տոկոսի չափով հավելավճարներ: Նման ձեւով հավելավճարներ տրվել են նաեւ նախորդ տարիներին: Մինչդեռ պետական պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը:
Բացի այս, համայնքի ղեկավարը որոշել է համայնքի բյուջեի հաշվին գյուղի մասին ֆիլմ նկարահանել, որի համար ծախսել է 840 հազար դրամ: Դեռեւս 2016 թվականի մարտի 8-ին նվիրված միջոցառման համար ծախսել է 461.5 հազար դրամ, սեպտեմբերի 1-ի կապակցությամբ` 718 հազար դրամ: Նույն նպատակների համար ծախսեր կատարվել են նաեւ 2017 թվականին: Իսկ ահա Ամանորի կապակցությամբ գյուղի հրապարակի լուսավորության, զարդարման ծառայության համար վճարել է 800 հազար դրամ, միայն ամանորյա տոնածառի խաղալիքների համար ծախսվել է 967 հազար դրամ: Մինչդեռ գյուղապետը պետք է առաջնահերթությունը տար գյուղի պարտադիր խնդիրներին, այնուհետեւ հավելյալ ֆինանսական միջոցների առկայության պարագայում նաեւ կամավոր խնդիրներին` բնականաբար առաջնորդվելով ՏԻՄ օրենքով:
Հ.Գ. Ի դեպ, հատկանշական է փաստը, որ 2015թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ Քասախ գյուղը եւս աչքի էր ընկել ընտրակեղծիքներով. այնտեղ հանձնաժողովը, որ կազմված է եղել գյուղապետարանի աշխատակիցներից, ըստ դիտորդների, հենց գյուղապետի հրահանգով լցոնումներ է արել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱՎ
2018թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը գործող 50 հազար դրամի փոխարեն կկազմի 150 հազար դրամ: Ըստ նախարարի` այս նախաձեռնությունը ուղերձ է բոլոր քաղաքացիներին, որ պետությունը կարեւորում է երկրորդ երեխայի ծնունդը եւ սատարում ընտանիքներին։
Հիշեցնենք, որ «ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հաստատվել էր ՀՀ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում։

 

 

ԱՎԱՆԴՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանի խոսքով` 2018թ. ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով) եւ 31.08.2018 թվականի դրությամբ կազմել 2 տրլն 731 մլրդ դրամ (կուտակված տոկոսները ներառված չեն): 2017 թվականի ընթացքում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ավանդների գծով ավանդատուների տոկոսային եկամուտները կազմել են 125 մլրդ դրամ (2018 թվականի ութ ամիսների ընթացքում՝ 78 մլրդ դրամ): Ֆիզիկական անձ ավանդատուների գծով տոկոսային եկամուտները 2017թ. կազմել են 86 մլրդ դրամ, որի գծով վճարվել է 8.6 մլրդ դրամ եկամտահարկ (2018 թվականի ութ ամիսների ընթացքում` 56 մլրդ դրամ, իսկ վճարված եկամտահարկը՝ 5.6 մլրդ դրամ):

 

 

ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ
Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի հանձնարարականով` վերահսկողության վարչությունն ուսումնասիրել է Կադաստրի եւ մասնավորի գործարքներին աշխատակիցների փոխկապակցվածության դեպքերը։ Գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հինգ դիմում է ստացվել այս մեկ շաբաթում։ Վարչության պետ Արսեն Հովհաննիսյանն երեկ հայտարարել է, թե մոտ 300 իրավաբանական անձանց ցանկերն են ուսումնասիրել՝ հայտնաբերելով օրենքի կոպիտ խախտումներ։ Արձանագրել են, որ մոտ 40 մասնավոր ընկերություններ այս կամ այն կերպ կապված են Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարբեր պաշտոնատար անձանց հետ։ Իսկ մեկ այլ դեպքում քաղծառայողը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ «Մի մասին կներկայացնենք որակավորման կասեցման կամ դադարեցման պահանջ, իսկ լուրջ հետեւանքներ առաջացրած դեպքերը, կարծում եմ, որ պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին»,- պնդել է նա:




Լրահոս