ԱԶՆԱՎՈՒՐ՝ ՀՈՒՅՍ, ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԼԵԳԵՆԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո
Կվերընձյուղվի կենաց ծառը քո
Քեզ համար, Հայաստան:
Ազնավուր

Երբ դեռ փոքր էի, Ազնավուր անունը ինձ համար նշանակում էր հույս: Երգիչ Ազնավուրին ես քիչ էի ճանաչում, բայց նա հասցրել էր դառնալ իմ սերնդի հույսը: Իսկ հույսն ինքնին արդեն երգ է: 1988-ի երկրաշարժ, հետո ղարաբաղյան պատերազմ, սով, հայ մանուկների սպասող սրտեր ու Ազնավուր: Ինձ պատմել են, որ ղարաբաղյան պատերազմի օրերին, երբ կամավորական ջոկատների համար այստեղից-այնտեղից զենքեր էին հայթայթում, մարդիկ հարցնում էին. «Որտեղի՞ց դրանք», եւ պատասխանը լինում էր այսպիսին. «Ազնավուրն է ուղարկել»: Չեմ ուզում կրկնել, թե Ազնավուրը դրանից առաջ, այդ ժամանակ եւ դրանից հետո Հայաստանին որքան է օգնել ու ինչեր է ուղարկել, բայց հետաքրքիրն այն է, որ կոնկրետ այդ զենքերը հաստատ Ազնավուրը չէր ուղարկել: Դա շատերը գիտեին: Բայց գիտե՞ք ինչու էին այդպես ասում. որովհետեւ եթե Ազնավուրն էր ուղարկել, ուրեմն այդ ավտոմատով ավելի լավ պետք է կրակեին, ուրեմն մեռնելն արգելվում էր: Դիրքերում եղած տղաները նաեւ պատմում են, որ պատերազմի օրերին «Քեզ համար, Հայաստան» երգը լսում էին փոքրիկ նվագարկիչներով, ու դա տալիս էր ավելին, քան հույսը. տղաների մոտ այն բարձրանում էր «դուխը»:
Ավագ ընկերներս պատմում են, որ երբ 1964-ին Ազնավուրն առաջին անգամ այցելեց Հայաստան, մեր հայրենակիցներից շատերը գնացին նրան դիմավորելու, նրա հետ շփվելու, նետվեցին սկզբում օդանավակայան, հետո այնտեղ, որտեղ հանգրվանել էր շանսոնիեն, եւ այդ ամենը միայն մի բանի համար, որպեսզի Ազնավուրին ասեին. «Գիտե՞ք, մենք ազգականներ ենք»: Ազնավուրն այն մարդն էր, ում հետ բոլորն ուզում էին արյունակից լինել՝ անկախ բնության եւ ճակատագրի հաճությունից:
Ազնավուրը միայն Շվեյցարիայում չէր, որ Հայաստանի դեսպանն էր: Երբ տարիներ առաջ տարածվեցին լուրեր, որ նա հարցազրույցներից մեկի ժամանակ նախատել էր Հայաստանի արդեն նախկին իշխանությանը, բոլորը ցիտում էին նրան, լուրերի մի մասը նույնիսկ հերքվում էր, բայց դա էական չէր: Հայերն ուզում էին իրենց իշխանության վրա Ազնավուրի մատը թափ տալ:
Երեկ զանգեցի ընկերուհուս, ասացի. «Ազնավուրն է մահացել»: Ասաց. «Չի կարող պատահել»: Հա, իրոք, չէր կարող պատահել, ես էլ այդպես գիտեի, որ դա լինելու բան չէր: Թվում էր, թե շանսոնիեն անմահ է: Ֆիզիկապես էլ: 94 տարին վճռորոշ կարող էր լինել հազարավորների համար, բայց ոչ նրա: Ազգովի հույս ունեինք, որ մահը պետք է շրջանցեր նրան: Չգիտեմ` ինչպես: Այդ հույսն էլ էր Ազնավուրը ներշնչել:
Երեկ ամբողջ օրը ուշքի չեկա, բայց ոչ թե մեծ հայի, ոչ թե լեգենդի, այլ հարազատ, շատ հարազատ մարդ կորցրած մարդու պես: Իսկ ինչ-որ մեկի համար այդքան հարազատ լինելն ավելի կարեւոր է, քան լեգենդ լինելը:
Դեռ երեկ քսան տարեկան էի
Ու վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,
Ու գիշերները ցերեկ դարձնում,
Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում
Ու հալվում է այս ժամանակի մեջ:
Ազնավուր

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

«ԵՐԵՎԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԵԾ ԳՐՔՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ»

«Ես Երեւանի ամեն քարը գիտեմ, ամեն քանդածի հետ ցավում եմ ու կառուցված ամեն գեղեցիկ շինության հետ՝ ուրախանում: Բավական խնդիրներ կան, որոնք մեծ գրքով ներկայացնելու եմ քաղաքապետարանում: Բոլոր խնդիրները հերթով լուծելու ենք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգիչ Արթուր Իսպիրյանը, ով «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընդգրկվել է Երեւանի ավագանու կազմում:

Նրա խոսքով՝ քաղաքային նախկին իշխանությունը Երեւանի հետ կապված ցանկացած որոշում կայացնում էր իր անձնական շահերից եւ բիզնես նկատառումներից ելնելով. «Նախկին իշխանության անդամներն ապականեցին ամբողջ փոքր կենտրոնը, առաջ բերեցին քաղաքաշինական անլուծելի խնդիրներ: Ինչպե՞ս կարելի էր քաղաքում կանգնեցնել մի շենք, որը կխաթարեր Հաղթանակի այգուց երեւացող Արարատի չքնաղ տեսարանը: Պարզապես չգիտեմ ինչ պատիժ է հասնում այդ շինարարությունը թույլատրողին եւ իրականացնողին: 26 տարի շարունակ լափել ու բզկտել են մեր քաղաքը: Իսկ հիմա արդեն ժողովուրդն է մայրաքաղաքի հետ կապված կարեւոր վճիռներ կայացնելու»,-շեշտեց պարոն Իսպիրյանը:
Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանից, թե՛ սփյուռքից մի շարք անվանի ճարտարապետներ, ազդեցիկ մարդիկ պարբերաբար խորհուրդներ են տվել քաղաքային նախկին իշխանությանը, որոնց, սակայն, վերջինս չի անսացել. «Օրինակ՝ Թուֆենկյանը Հյուսիսային պողոտան կառուցելու իր տարբերակն էր առաջարկում, որ ընդունեին, հիմա գեղեցիկ, հիներեւանյան պողոտա կունենայինք, որտեղով անցնելուց կհպարտանայինք, ոչ թե կամաչեինք»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Պարոն Իսպիրյանը վստահեցնում է, որ ավագանին այլեւս քաղաքը վնասող հակաերեւանյան որոշումներ չի կայացնելու. «Ես ճանաչում եմ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով անցած ավագանու անդամներին, սկսած Հայկ Մարությանից՝ բոլորն էլ ազնվագույն մարդիկ են: Երբ բոլորս թմբիրի մեջ էինք, Հայկը պայքարում էր Երեւանի համար՝ վտանգելով իր կարիերան»,-ասաց երգիչը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու կազմում ընդգրկվել են մշակույթի մի շարք գործիչներ եւ մտավորականներ: Նրանց թվում են նաեւ երգչուհի Լիլիթ Պիպոյանը, գրող Կարեն Անտաշյանը, Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը եւ այլք:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՉԻ ՄԵԿՆԻ
«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ ադրբեջանական «Ղարաբաղի» հետ արտագնա խաղին: Նման որոշում կայացրել է անձամբ հայ ֆուտբոլիստը: Ավելի վաղ Ունաի Էմերին հույս էր հայտնել, որ անկախ քաղաքական իրավիճակից՝ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ կմեկնի Ադրբեջան, սակայն ֆուտբոլիստն ու իր ընտանիքն այս հարցի վերաբերյալ այլ դիրքորոշում են ունեցել. լոնդոնյան ակումբի ղեկավարությունը որոշել է հարգել Մխիթարյանի ցանկությունը: Հիշեցնենք, որ 2015 թվականին, երբ Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում, գերմանական թիմը կրկին Եվրոպա լիգայի շրջանակում մրցեց ադրբեջանական «Գաբալայի» հետ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարն այդ ժամանակ եւս չմասնակցեց արտագնա խաղին: Իսկ «Ղարաբաղ»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 4-ին:

 

 

150,1 ՄԼՆ ՌՈՒԲԼԻ
Ռուսաստանաբնակ հայտնի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» դրաման, որում գլխավոր դերակատարը Դմիտրի Նագիեւն է, գլխավորել է ռուսական կինովարձույթը: Ֆիլմը հավաքել է 150,1 մլն ռուբլի: «Չներվածը» հիմնված է ավիաաղետի հետեւանքով կնոջն ու երկու դուստրերին կորցրած տղամարդու կյանքի իրական պատմության վրա: Կինովարձույթի երկրորդ հորիզոնականում է հայտնվել 121,5 մլն ռուբլի հավաքած «Ժամացույցով տան գաղտնիքը»։

 

 

ԽԱԽՏԵԼ Է ԿԱՆՈՆՆԵՐԸ
Նոր «Միսս Ուկրաինա-2018» է դարձել 19-ամյա Լեոնիլա Գուզը: Նա դեկտեմբերին երկիրը կներկայացնի Չինաստանում կայանալիք «Միսս աշխարհ» մրցույթում։ «Ես երջանիկ եմ ու շնորհակալ բոլորին: Թագը վերցրել եմ եւ անցնում եմ «Միսս Ուկրաինա-2018»-ի պարտականությունների կատարմանը»,-ասել է նա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միսս Ուկրաինա-2018» գեղեցկության մրցույթի 23-ամյա հաղթող Վերոնիկա Դիդուսենկոն զրկվել է տիտղոսից, քանի որ խախտել է մրցույթի կանոնները:
Մրցույթի կազմակերպիչների խոսքերով՝ աղջիկն իր մասին ոչ ստույգ տեղեկություն է ներկայացրել՝ թաքցնելով, որ նախկինում ամուսնացած է եղել: Մասնակցությունից առաջ գեղեցկուհին ասել էր, որ ամուսնացած չի եղել ու երեխա չունի, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նա ամուսին է ունեցել, ինչպես նաեւ երեխա ունի: Վերոնիկան, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել էր, որ մրցույթի կազմկոմիտեի պահանջը՝ երեխա չունենալու մասին, վիրավորական է:




Լրահոս