Բյուջեի նախագծի քվեարկությունից ավելի կարևոր ի՞նչ գործով են զբաղված պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում 66 կողմ, 4 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Եվ չնայած օրեր առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, թե կողմ են քվեարկելու պետական բյուջեի նախագծին, սակայն արդեն երեկ ասաց, որ խմբակցությունն ազատ է թողնված եւ որպես այդպիսին միասնական որոշում չկա:

Ըստ այդմ, դեմ քվեարկեցին Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը եւ Կարինե Աճեմյանը: Իսկ ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էին Սամվել Նիկոյանը եւ Հայկ Բաբուխանյանը: Կային նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներ, ովքեր ուղղակի չմասնակցեցին բյուջեի քվեարկությանը: Նրանցից են` Մարգարիտ Եսայանը եւ Գալուստ Սահակյանը: Չնայած բյուջեի նախագիծը ընդունվեց, սակայն բացականեր կային նաեւ ՀՅԴ-ում, «Ելք»-ում եւ «Ծառուկյան» դաշինքում:

Օրինակ` Վահե Էնֆիաջյանը եւ Իվետա Տոնոյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ գտնվում են ՌԴ-ում, սակայն, ի տարբերություն վերջինիս, նրանք գրություն են ուղարկել եւ հայտնել, որ կողմ են նախագծին: Գործուղման էին Միքայել Մելքումյանն ու Հովիկ Աղազարյանը, ովքեր եւս գրություն էին ուղարկել: Իսկ ահա Անդրանիկ Կարապետյանը, Ռոմիկ Մանուկյանը, Սուրեն Մանուկյանը, Գեւորգ Գորգիսյանը, Վարդան Ղուկասյանը, Հրանտ Դավթյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը եւ այլ պատգամավորներ պարզապես չէին ներկայացել նիստին:

Իհարկե նախընտրական շրջանը սկսվում է, եւ նրանք շատ ավելի կարեւոր գործով են զբաղված, քան բյուջեի նախագծի քվեարկությունը:




Լրահոս