Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ ԱԱԾ գեներալ Վաչագան Ղազարյանը, որը մեղադրվում էր ապօրինի հարստացման մեջ, կրկին կալանավորվել է: Ավելին` ինչպես օրերս տեղեկացրեց ՀՔԾ-ն, նա մեղադրվում է նաեւ փողերի լվացման մեջ: Սակայն Ղազարյանների շուրջ օղակը սեղմվում Է, քանի որ իրավապահները վերջինիս ազգականների հետ կապված եւս աղմկահարույց բացահայտումներ են արել:
Այն, որ թավշյա հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանի օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում, գաղտնիք չէ: Նախկին պաշտոնյաների անվան հետ կապված բավականին լուրջ կոռուպցիոն պատմություններ են բացահայտվում, եւ ենթադրվում է՝ դեռ կբացահայտվեն:
ԵՒ այսպես, թավշյա հեղափոխությունից հետո` հունիսի 27-ին, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել: Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար:
Ղազարյանն ավելի վաղ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը: Դատախազությունը բողոքարկել է այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում: Այժմ նա կալանավորված է: Նոյեմբերի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ Ղազարյանը մեղադրվում է նաեւ ապօրինի գումարների «լվացման մեջ»:
Այս գործով անցնում է նաեւ նրա կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը: Նրանք, տնօրինելով «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը, 2013-2018թթ․խուսափել են ավելի քան 771 մլն դրամի հարկերի վճարումից: Ասել է թե` ՀՔԾ նոր կասկածներ ունի ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի գործողությունների վերաբերյալ. թե ինչ արդյունք կտա այս նախաքննությունը, սպասենք զարգացումներին:
Բայց Ղազարյանի ընտանիքի անդամների հետ կապված աղմկալի բացահայտումները այսքանով չեն ավարտվում: Մասնավորապես, իրավապահները բացահայտել են` Վաչագան Ղազարանի հարազատները մարդկանց պաշտոն են խոստացել եւ դրա դիմաց կաշառք են ուզել, սակայն այդպես էլ խոստացածը չեն կատարել` հափշտակելով նրանց գումարը: ՈՒ հիմա հայտնվել են մեղադրյալի աթոռին:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գարիկ Աղաբեկյանը ունեցել է բարձրագույն բժշկական կրթություն եւ մտադրություն է ունեցել ստանձնել ՀՀ արդարադատության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի պաշտոնը:
Իրավապահները բացահայտել են, որ նա այդ պաշտոնին չի կարողացել հասնել օրինական ճանապարհով եւ մտադրություն է ունեցել կաշառք տալու միջոցով ստանձնել ՀՀ արդարադատության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի պաշտոնը: Արդյունքում, ըստ իրավապահների բացահայտման` Գարիկ Աղաբեկյանը, տեղյակ լինելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի եղբոր որդին` Աշոտ Ղազարյանը, հանդիսանում է իր ընկերոջ որդու` Վահրամ Ասլանյանի ընկերը, որոշել է նրա միջոցով գործը գլուխ բերել: Ասել է թե` Գարիկ Աղաբեկյանը իր ցանկալի պաշտոնը ստանձնելու համար պետք է կաշառք տար Ղազարյանի եղբորորդուն:
Որպեսզի Աղաբեկյանը կարողանա համապատասխան գումարը հայթայթել, 2016թ. փետրվարի 29-ին գրավադրել է իրեն պատկանող բնակարանը եւ ստացել է 103 հազար ԱՄՆ դոլար վարկ եւ նույն օրը` ժամը 14:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաղրամյան 26 հասցեի մոտակայքում Արթուր Սարոյանին է տվել առանձնապես խոշոր չափերով` 49.134.000 դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի նա գումարը փոխանցի Աշոտ Ղազարյանին: Սակայն Գարիկ Աղաբեկյանին խաբել են եւ այդպես էլ պաշտոնի չեն նշանակել:
Տեղեկացանք, որ նախաքննական մարմինը Աշոտ Ղազարյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա հանցակցի` Արթուր Սարոյանի հետ ձեռք բերված նախնական հանցավոր համաձայնությամբ կատարել է խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:
Արթուր Սարոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի հատկանիշներով` Խարդախություն:
Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ «տուժողը»՝ Գարիկ Աղաբեկյանը. նրան էլ մեղադրանք է առաջադրվել 34-312 հոդվածի` կաշառք տալու հատկանիշներով: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Համաձայնեք` իսկապես հետաքրքիր պատմություն է: Սպասենք զարգացումներին:
Քնար Մանուկյան