Բարձրագույն դատական խորհրդին շատ են վստահում. Գևորգ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել Բարձրագույն դատական խորհրդի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, երբ դատավորները դատի են տալիս կառույցին` մեղադրելով նրանց ոչ օբյեկտիվ որոշումների մեջ: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, վերջին շրջանում միտում է առկա, երբ ԲԴԽ-ին դատի են տալիս եւ մեղադրանքներ հնչեցնում: Ի՞նչ է կատարվում կառույցում:

-Մենք արդեն տվել ենք պարզաբանումներ եւ դրանից չենք խուսափում: Բացատրել ենք, թե զարգացումներն ինչով են պայմանավորված: Եթե իսկապես կա դատական վեճ, ուրեմն դատարանն էլ կորոշի: Ես չէի ցանկանա նախապես որեւէ որոշում հայտնել, որեւէ կերպ կաշկանդել դատարաններին, դրա ցանկությունն ու նպատակը չունեմ: Իսկ ինչ վերաբերում է զարգացումներին, դրանք տարբեր պատճառաբանություններ ունեն: Մի կողմից` դրանք ինձ համար ողջունելի են, բայց կցանկանայի, որ դատավորների համարձակությունն ուղղված լիներ ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդին, այլ բոլոր այն օղակներին, որտեղ իրենք խնդիր են տեսնում, որտեղ իսկապես խնդիր կա: Նաեւ անցումային փուլի խնդիր կա: Նոր է խորհուրդը, որի կազմը էապես վերանայվել է, կան իրավաբան-գիտնականներ, որոնք անհամեմատ ավելի անկաշկանդ են եւ կարող են վճռորոշ դեր ունենալ:

-Բայց կառույցի անդամներին մեղադրում են սուբյեկտիվ որոշումների մեջ:

-Բնականաբար այդպես կլինի: Երբ խորհուրդը կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք նախկինում չեն եղել, ապա կտեսնեք, որ վերանայվել են ինչ-որ միտումներ, որոնք կարող են ընկալվել որպես սուբյեկտիվ: Յուրաքանչյուրն իր սուբյեկտիվ մոտեցումներով է առաջնորդվում եւ այդպես են պարտավոր:

Ինչպիսի՞ չափորոշիչներով եք առաջնորդվում: Ձեզ մեղադրում են, որ մասնագիտական որակները հաշվի չեք առնում եւ այլ հանգամանքներ եք հաշվի առնում:

-Դա իրենց կարծիքն է, եւ այդ կարծիքը, իմ խորին համոզմամբ, որեւէ հող չունի: Դուք մեր մոտեցումները չեք ցանկանում հասկանալ, բայց մենք դրանից չենք նեղվում: Մենք չենք մտածում, որ պետք է անպայման ամբողջովին վերանայենք մեր մոտեցումները: Մենք շատ ճիշտ ենք սկսել, եւ պետք է հասկանալ` եթե մենք շեղվենք, փորձենք վախկոտություն դրսեւորենք, դրանից չի շահի դատական համակարգը: Դուք հարթակ եք տրամադրում մարդկանց, որոնք ունեն դժգոհություններ, բայց կան բազում որոշումներ, որոնցով մարդիկ գոհ են: Ինչ վերաբերում է մասնագիտականին, ապա, բնականաբար, մենք դա հաշվի առնում ենք: Սակայն պետք է մի կարեւոր հանգամանք հաշվի առնել, որ օրենսգիրքը միայն մասնագիտական գիտելիքները չէ որ չափանիշ է համարում: Թող մեզանից նեղացած դատավորը ելակետ ընդունի, որ միայն այդ չափանիշներով չէ, որ մենք որոշում ենք կայացնում: Չպետք է ելակետ ընդունել, թե կասկածի տակ է դրվում մասնագիտական որակները: Չպետք է իրենք նման եզրակացության գան: Եվ կա վստահության խնդիր, վստահում են, դրա համար են շատ դիմում:

-Պարո՛ն Դանիելյան, բայց դատավորները մեզ հետ զրույցներում անվստահություն են հայտնում կառույցին, պահանջում Գագիկ Հարությունյանի հրաժարականը:

-Թող նման բաներ ասեն այն մարդիկ, ովքեր դատական վեճերի մեջ չեն: Թող դատական վեճերն ավարտվեն, հետո իրենց պահանջները ներկայացնեն: Հիմա խնդիրն ինչումն է. եթե դուք վիճակագրություն նայեք, կտեսնեք, որ մի դատարանից դեպի մեկ այլ դատարան տեղափոխության համար շատ դատավորներ են դիմում: Նախկինում դիմել է մի դատավոր, եւ, ամենայն հավանականությամբ, նախապես որոշված է եղել, եւ դրական է լուծվել: Հիմա վստահությունն է բերում դժգոհության: Եթե մի տեղի համար դիմում է 7 դատավոր, ապա դա խոսում է վստահության մասին, քանի որ գիտեն` նախապես այդ հարցերը չեն լուծվում:

-Դուք դա ընդունում եք որպես կառույցի հանդեպ վստահությո՞ւն, թե՞ պարզապես մթնոլորտ է փոխվել, եւ թավշյա հեղափոխությունն է նաեւ պատճառը:

-Դուք ինձ տալիս եք մի հարց, որն ավելի շատ կապված է քաղաքականության հետ: Եվ մի բան էլ նկատի ունեցե՛ք, որ իրենք անգամ գտնում են` թավշյա հեղափոխության համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդը դարձել է ավելի վստահելի, ապա պետք չէ բավարարվել մակերեսային մեկնաբանմամբ: Ես կարող եմ համամիտ լինել եւ ասել, որ մթնոլորտը ազդել է նաեւ կառույցի հեղինակության վրա: Եթե կան դատավորներ, որ դժգոհություն ունեն, պետք է համարել բնական, բայց չպետք է համարել, թե դա նաեւ ընդհանուրի գնահատականն է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս