Հայտնի է Մոսկվայի «Լոկոմոտիվի» 18-ամյա կիսապաշտպան Ալեքսեյ Լոմակինի մահվան նախնական պատճառը, որին մահացած էին գտել երեկ` դեկտեմբերի 3-ին:
Ինչպես հայտնում է Интерфакс-ը, նախնական փորձաքննությունը ցույց է տվել, որ պատանի ֆուտբոլիստը մահացել է ցրտահարությունից:
Նշվում է նաև, որ Լոմակինը մահվանից որոշ ժամանակ առաջ կարող էր ալկոհոլ օգտագործած լինել:Երեկ հայտնի էր դարձել, որ Լոմակինի մայրը դիմել է ոստիկանություն` որդու անհետացման վերաբերյալ: Նրա խոսքով, նոյեմբերի 30-ին տղան ակումբի հետ ուղևորվել է բուժզննման, իսկ հաջորդ օրվանից կապի դուրս չի եկել:
Ավելի ուշ Լոմակինի ընկերը նրա մորը պատմել է, որ նրանք ալկոհոլային խմիչքներ են օգտագործել, բայց չի կարողանում հիշել, թե դա որտեղ է տեղի ունեցել: Բացի դա, մայրը նշել է, որ Լոմակինը բժշկական «Տրոպիկամիդ» դեղորայքն է օգտագործել, ինչից հետո դարձել է ոչ ադեկվատ: