ՀՀԿ-ի հայտարարությունները հիշեցնում են «Կիկոսի մահը». «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լսելով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների’ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հայտարարությունները՝ դժվար է չհիշել հայտնի հեքիաթը։ Ասվածը հատկապես վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի նշանակման ընթացակարգերին և ՀՀԿ-ի այն կանխատեսումներին, թե իբր Հայաստանը վետո է կիրառելու Բելառուսի թեկնածուների նկատմամբ։ Իրենց խոսքն ավելի պաթետիկ դարձնելու մղումով ՀՀԿ-ականները միաժամանակ վստահեցնում են, թե վետո կիրառում են միայն թույլերը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ինչպես և սպասվում էր, դարձավ ներքաղաքական հարաբերություններում միավորներ քաղելու առիթ, որից լիուլի օգտվում է ՀՀԿ-ն։ Մինչդեռ ընտրություններին մասնակցող մյուս ուժերը բավականին զուսպ են այս հարցում’ թերևս նաև հասկանալով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակն ամենևին էլ պայմանավորված չէ ՀՀ արտաքին քաղաքականության սխալներով, այլ առավելապես բնորոշ է կառույցի ընթացակարգային ու գործելաոճային առանձնահատկություններին։ Դա, անտարակույս, հասկանում է նաև ՀՀԿ-ն, որի համար, սակայն, արտաքին ասպարեզում միօրինակ ճակատ կազմելն առաջնահերթություն չէ։ Սա փաստվում է նաև այս կուսակցության ներկայացուցիչների գործունեությամբ միջազգային կազմակերպություններում, որտեղ ջանք չէր խնայվում Հայաստանի իշխանություններին ստով և կեղծիքով ներկայացնելու որպես ավտորիտար։

Չբավարարվեկով ՀԱՊԿ-ում վարած քաղաքականությունը քննադատելով’ ՀՀԿ-ն վերջին շրջանում զարգացնում է այդ քննադատությունը և հրապարակավ հայտարարում, թե իբր Հայաստանն արդեն կորցրել է պաշտոնը, սակայն ամբիոցիաներով պայմանավորված՝ նաև խափանելու է նոր թեկնածուի ընտրությունը։ ՀՀԿ-ն, փաստորեն, ՀԱՊԿ մյուս պետությունների համար խորհրդատվական ծառայություններ է մատուցում’ նրանց ծանուցելով, թե ինչ է պետք սպասել ՀՀ նոր իշխանություններից։

Բացի այն, որ նման գործելակերպը մերժելի է անգամ ներքաղաքական դիվիդենտներ վաստակելու տեսանկյունից, դա նաև արգահատելի է իրեն «ազգային-պահպանողական» ուժ հռչակող կազմակերպության համար։ Դա ոչ միայն պատիվ չի բերում «մտահոգ» ընդդիմության կարգավիճակին հավակնող կուսակցությանը, այլև պարզորեն ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն չի կարող այդ դերը պատշաճորեն իրացնել։ Կուսակցությունը պետք է գոնե հիշի, որ իր կառավարման շրջանում արմատական ընդդիմությունը ներքաղաքական դիվիդենտներ վաստակելու փորձ չի արել արտաքին քաղաքական որևէ ճգնաժամի կամ դժվարության ժամանակ՝ վատագույն դեպքում ընդամենը կառուցողական քննադատություն հնչեցնելով։

ՀՀԿ-ն, այդուհանդերձ, շարունակեց ընթացքը՝ իրավիճակը նմանեցնելով հայտնի հեքիաթի սյուժեին։ Ինչպես Կիկոսն էր բարձրանում ծառն ու ընկնում քարին, այնպես էլ ՀՀԿ-ն էր տեսնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստն ու Հայաստանի վետոն։ «Վա՜յ, Կիկոս ջա՛ն, վա՜յ, վետո ջա՛ն» ոճով աղմուկի մեջ ՀՀԿ-ականներն ավելի առաջ անցան ու սկսեցին քննադատել այդ չեղած-չիրացված վետոն։

Այդ համատեքստում էլ «բացահայտեցին», որ վետո կիրառում են թույլերը։ Ասել կուզի’ վետոն թույլերի գործիքն է և եթե որևէ կողմ դրանից օգտվում է, նշանակում է թույլ է, տկար ու անմրցունակ։ Արմեն Աշոտյանն անգամ իրավիճակը նմանեցնում է 1996թ. Լիսաբոնի գագաթնաժողովին, երբ Հայաստանը վետո կիրառեց ԵԱՀԿ հռչակագրի նկատմամբ։ Լիսաբոնի գագաթնաժողովի մասին Աշոտյանը թերևս ճիշտ կանի ճշգրտումներ կատարի նորահայտ հանրապետական Դավիթ Շահնազարյանից, քանի որ վերջինս, ենթադրաբար, ի հեճուկս պատմության մյուս դրվագների, հատկապես այդ մեկը մոռացած չի լինի և կկարողանա բացատրել Լիսաբոնի մանրամասներն ու կանխել այդ անհեթեթ «փաստարկի» շահարկումը։

Սակայն առավել կարևոր է, թե արդյո՞ք վետոյի կիրառությունը բացառապես թուլության նշան է, ինչպես պնդում են ՀՀԿ-ականները։ Այն, որ Հայաստանը նախորդ 20 տարիներին վետո չի կիրառել, ոչ թե խոսում է նախորդների ուժեղագույն լինելու մասին, այլ առավելապես ու նախ և առաջ ցուցիչն է այն բանի, որ նման համարձակություն չի եղել։ Դժվար թե Ստամբուլի խարտիան ստորագրած և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչած Ռոբերտ Քոչարյանն ու Ալիևի նամակները Նազարբաևի շուրթերով լսած Սերժ Սարգսյանը հանդգնեին վետո կիրառել որևէ առիթով։ Սակայն խնդիրը նույնիսկ հայկական իրականությունում այդ վետոյի կիրառությունը չէ, այլ միջազգային ասպարեզում դրա նշանակությունը, ընկալումն ու դրսևորումը։

Ի հակառակ ՀՀԿ-ականների տանջանքի՝ վետոն, որպես ինստիտուտ, հիմնադրվել է դեռ Ք.ա. 6-րդ դարում Հին Հռոմում, որով հնարավորություն էր տրվում ժողովրդական տրիբուններին այդ գործիքի միջոցով պաշտպանելու պլեբեյների’ սովորական ժողովրդի շահերը արիստոկրատական վերնախավի հարստահարություններից։ Ավելին՝ այն նույնիսկ որպես գործիք օգտագործում էին հռոմեական կոնսուլները կառավարչակցական ֆունկցիաները լավագույնս իրականացնելու համար։ Եվ որևէ մասնագետի մտքով չէր անցնի այդ գործիքի պատկանելությունը վերագրել թույլերին և այդօրինակ պրիմիտիվ փորձով արժեզրկել այն։ Սա առավել ծիծաղելի է ներկայիս ժամանակներում, երբ որոշումները կոնսենսուսով կայացնող կազմակերպություններում վետո են կիրառում գրեթե բոլոր դերակատարները։

Եթե դա լիներ թույլերի գործիքը, ապա ինչպիսի՞ անպատվություն է բաժին հասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին, Ֆրանսիային, Միացյալ Թագավորությանը, երբ նրանք օժտվել են վետոյի կիրառման իրավասությամբ և, ո՜վ զարմանք, տարիների ընթացքում բազմիցս օգտվել այդ հնարավորությունից։ Օրինակ, դեռ 2018թ. չի ավարտվել, բայց ԱՄՆ-ն հասցրել է մեկ անգամ, իսկ Ռուսաստանը՝ 2 անգամ, նման «թուլություն» ցուցաբերել՝ վետո կիրառելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի նկատմամբ։ Եթե դատելու լինենք ՀՀԿ-ականների տարամաբանությամբ, ՄԱԿ-ի ստեղծման օրից մինչ այժմ ԱՄՆ թույլ է եղել 80 անգամ, Ռուսաստանը’ 109, ՄԹ-ն՝ 29, Ֆրանսիան՝ 16, Չինաստանը’ 11։

Արդ, արդյո՞ք հանրապետականները շարունակում են կարծել, որ այս պետությունների կիրառած վետոն թուլության նշան է ու մատնում է նրանց համաշխարհային դիրքերի անկումը։ Նման «կուռ» տրամաբանությամբ ՀՀԿ-ն կարող է հավակնել ոչ թե ընդդիմության, այլ սոսկ մանիպուլյացիաների մշակման կենտրոնի դերին, քանի որ նրանց վերջին ամիսների գործունեությունը որևէ աղերս չունի իրական ու առողջ քննադատության հետ։ Այն ընդհուպ հիշեցնում է հեքիաթների, ժողովրդական բանահյուսության, տեխնոլոգիական մանիպուլյացիաների սյուժեներ, բայց ոչ երբեք լուրջ, ինստիտուցիոնալ, իշխանությանն այլընտրանք հանդիսացող քաղաքական կազմակերպության գործունեություն։ Իրականությունն առավել տխուր է դառնում, երբ հիշում ես, որ այս կազմակերպությունը կառավարել է Հայաստանը վերջին տասնամյակներում։

Նժդեհ Հովսեփյան
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու




Լրահոս