ԲԵԼԱՌՈՒՍԸ ՔԱՋԱԼԵՐՈՒՄ Է ՀՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳՐԱՎՈ՞ՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը շատերը, այդ թվում` ՀՀԿ-ականները, փորձում են ներկայացնել իրենց ձեռնտու տեսանկյունից: Օրինակ` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախօրեին խոսել էր այս հողի վրա պաշտոնական Երեւանի եւ Մինսկի միջեւ հեռակա բանավեճի մասին՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանին։

Ընդ որում, Բաղդասարյանը հայտարարել է, թե իրենց իշխանության օրոք նման սկանդալներ չեն եղել, եւ պնդել է, որ Բելառուսն ու Ղազախստանը «բարեկամ երկրներ են» Հայաստանի համար, եւ «նման հռետորաբանությունը ընդունելի չէ բարեկամ երկրների միջեւ, քանի որ ՀԱՊԿ-ը մի մեծ ընտանիք է»։
Իրականում նրա եւ մյուս ՀՀԿ-ականների հիշողությունը պետք է թարմացնել եւ հիշեցնել, թե ինչ սկանդալներ են եղել հենց իրենց իշխանավարման տարիներին:
Օրինակ` նույն Նազարբաեւն ու Լուկաշենկոն, ում Վահրամ Բաղդասարյանը բարեկամ երկրներ է համարում, նույն ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում այնքան էլ բարեկամորեն չեն վերաբերվել Հայաստանին ու անձամբ Սերժ Սարգսյանին: 2014 թվականի մայիսին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն, օրինակ, հրապարակային ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակն այն մասին, որ Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը «միջազգայնորեն ճանաչված սահմաններով», այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի։ Իսկ Սերժ Սարգսյանն ուղղակի լուռ նստած էր եւ ձայն չէր հանում: Կամ արդեն նույն թվականի դեկտեմբերին Լուկաշենկոն էր ծաղրում Սերժ Սարգսյանին: Երբ բոլորը ծավալուն ելույթներով ամփոփել են աշխատանքները, Սերժ Սարգսյանը, սկսելով իր խոսքը եւ ակնարկելով Բելառուսի նախագահին, հայտարարել էր. «Այսպիսի վառ ելույթից հետո…», Ալեքսանդր Լուկաշենկոն էլ արձագանքել է. «Չես ուզում, չէ՞, ելույթ ունենալ»: Ի պատասխան` Սարգսյանը միայն ժպտացել էր:
Այսպիսի ճգնաժամ ՀԱՊԿ-ում եղել էր նաեւ մինչեւ 2017 թվականի ապրիլը, երբ նույն Լուկաշենկոն եւ Նազարբաեւը խոչընդոտում եւ չէին ներկայանում նիստերին, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը չնշանակվի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Հիշեցնենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ: Իսկ Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, եւ, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։ Ի պատասխան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից եւ ոչ միայն նրանից։ Նա շեշտել էր, որ որեւէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, որն առայժմ չկա:
Ի դեպ, երեկ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ականներին հիշեցրել է այդ ժամանակները. «Մենք ՀԱՊԿ-ում պրակտիկայի փոփոխության խնդիր ենք տեսնում: Մենք ասում ենք, որ տարօրինակ է, որ ՀԱՊԿ խոսակցությունը… դաշինքի անդամ երկրի հակառակորդ երկրին, որն ամեն օր սպառնում է, որ նրա մայրաքաղաքը գրավելու է: Հետեւաբար, դուք զենքը վաճառում եք, որ իրենք մեր մայրաքաղաքը գրավե՞ն: Այսինքն՝ դուք քաջալերում եք մեր մայրաքաղաքի գրավո՞ւմը: Ու մենք ոչինչ չասե՞նք: Չի լինելու նման բան: Էդ նախկին կոալիցիոն գործընկերները իրենք էս իրավիճակում ի՞նչ են արել: Ոչ մի բան չեն արել, բերանները ջուր առած` նստել են, որովհետեւ իրենք առաջնորդվում են ոչ թե Հայաստանի շահերով, այլ էս ինչ տեղն այսքան բիզնես ունենք, էնտեղ այսքան բիզնես ունենք: Նոր իրավիճակն այն է, որ ՀՀ-ն ներկայացնում է մի մարդ, որը ոչ մի տեղ բիզնես չունի եւ հետաքրքրված չէ` Հայաստանի շահերից բխող հայտարարությունը ինչ արձագանք կունենա Մոսկվայում, Աստանայում կամ Բիշքեկում կամ որեւէ տեղ ունեցած իր բիզնեսի վրա»,- ասել է նա:
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցի շուրջ Բելառուսի նախագահի եւ ԱԳՆ խոսնակի մակարդակով արված հայտարարություններին` Փաշինյանը նշեց, որ ինքը սպասում է Բելառուսի ղեկավարի մեկնաբանություններին: «Իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, որից ես որեւէ արձագանք դեռ չեմ ստացել, եւ որեւէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, տեղի կունենա։ Այսինքն` ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ չի պատրաստվում լռության մատնել Հայաստանի ազգային շահերին վերաբերող որեւէ հարց եւ շարունակելու է պաշտպանել դրանք։
Այս ամենի համատեքստում դեկտեմբերի 6-ին հետաքրքիր եւ, ինչու ոչ, նաեւ թեժ նիստ է սպասվում, որի ժամանակ հետաքրքիր կլինի լսել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների տեսակետները եւ հատկապես` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինը: Երեկ Փաշինյանը նշեց, թե Վլադիմիր Պուտինը կառուցողական մոտեցում ունի այդ հարցի վերաբերյալ: Սակայն նույն քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ արտաքին քաղաքականության եւ այսպիսի լուրջ հարցերի պարագայում ուժերը չպետք է զբաղվեն քաղաքական դիվիդենտներ շահելով, սակայն ակնհայտ է, որ ՀՀԿ-ի քարոզչության հիմնական թեման լինելու է հենց Փաշինյանի արտաքին քաղաքականությունը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՈՍԿԵ 20-Ը
Չնայած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը չի մեկնարկել, սակայն թեկնածուներից շատերն արդեն ակտիվ աշխատանքների մեջ են. իրենց համար շտաբներ են փնտրում, թիմակիցներ հավաքում: Այս առումով, սակայն, ՀՀԿ-ականների մոտ այնքան էլ լավ իրավիճակ չէ, քանի որ եղել են դեպքեր, երբ թեկնածուներից մի քանիսը երկար ժամանակ չեն կարողացել շտաբներ գտնել, թիմ հավաքել: Չնայած ՀՀԿ-ական թեկնածուները չեն բարձրաձայնում, սակայն պարզ է՝ պատճառներից մեկն էլ հենց ՀՀԿ-ի թեկնածուն լինելն է: «ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր տեղեկություններ են հասել նաեւ ընտրացուցակի կազմման ընթացքից: Եվ չնայած ցուցակում 125 թեկնածու է ընդգրկված, եւ գրեթե բոլորն էլ` վարկանիշային ընտրակարգով, սակայն կուսակցության ներսում մանրակրկիտ կազմվել է միայն առաջին քսանը: Դրանից հետո թեկնածուների հերթականության կազմման առումով որեւէ սկզբունք չի եղել: Ընդ որում, մինչեւ վերջին պահը կուսակցության թեկնածուներից շատերը չեն իմացել` համամասնական ցուցակում որ հորիզոնականն են լինելու: Վերջիններս տեղյակ են եղել միայն իրենց ընտրատարածքից:

 

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը այս տարվա 10 ամիսների արդյունքներով նվազել է 8.1 տոկոսով` կազմելով 719 մլրդ 664.7 մլն դրամ: Սա, ի դեպ, միակ ոլորտն է, որտեղ տասը ամսվա կտրվածքով ոչ թե աճ է, այլ անկում: ՀՀ վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբեր-սեպտեմբերին գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է 7.8 տոկոս: Ըստ մասնագետների` գյուղատնտեսության ոլորտում տարին այդքան էլ լավ չսկսվեց. անոմալ եղանակային պայմանների արդյունքում գյուղատնտեսական աշխատանքները սովորականից մեկ ամիս շուտ սկսվեցին, ապա տեղումների բացակայության հետեւանքով ջրամբարներում անհրաժեշտից շատ քիչ ջուր կուտակվեց: Այնուհետեւ ամռան տապն ուղեկցվեց երաշտով, եւ գյուղացիական տնտեսությունները չկարողացան իրենց բոստանները անհրաժեշտ ծավալով ոռոգել, եւ բոստանային կուլտուրաների բերքի ծավալները սովորականից պակաս ստացվեցին: Բացի այս, այն գյուղացիները, որոնք բերքի անհրաժեշտ քանակ ունեն, կանգնած են լուրջ խնդրի` իրացման առաջ: Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ խոսել է այս ոլորտի մասին` նշելով, որ արդյունքները տարիներ շարունակ կախված են եղել եղանակային պայմաններից՝ արդյոք կարկուտ կգա եւ բերքը կփչացնի, թե ոչ: Վարչապետի բնութագրմամբ` այս իրավիճակը 21-րդ դարին սազական չէ: «21-րդ դարում կարկուտից կախված տնտեսություն ունենալն աբսուրդ է»,- ընդգծել է նա:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼՈՒ Է
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ իր վերաբերմունքը չի փոխվել, «քաղաքական գնահատականները նույնն են»: Ն. Փաշինյանը, արձագանքելով դիտարկմանը, որ նախկինում պնդում էր, թե Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն նաեւ Սերժ Սարգսյանն է եղել, սակայն Սարգսյանն այդ գործի շրջանակներում անգամ չի հարցաքննվել: «Իմ մոտեցումը ոչ մի հարցի վերաբերյալ չի փոխվել, Մարտի 1-ի գործի շրջանակներում այնպիսի բացահայտումներ են արվել, որ նույնիսկ զարմանում եմ, թե էդ թեմաներով ինչի «փոթորիկ» չի լինում, իսկ տրանսպորտի նախարարը ասել էր փետրվարի 31, հինգ շաբաթ քննարկվում էր դա»,-ասել է վարչապետը: Վերջինիս փոխանցմամբ` 17 նախարարությունից մնալու է քիչ թվով նախարարություն: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Ն. Փաշինյանն ասել է. «Ընտրություններից հետո 17 նախարար չենք ունենալու, թիվը կրճատվելու է: Եթե նախարարությունները 5-ով կրճատվեն, ապա սա կադրային լուրջ քաղաքականություն է: Նոր նախարարությունները, որոնք մնալու են, գործառութային փոփոխություններ են լինելու»: Նա հայտարարել է, որ կառավարության գործունեությունը պետք է գնահատել ըստ առաջադրված խնդիրների: Հեղափոխությունից հետո եղել է փորձագիտական ահռելի հոռետեսություն, որ հիմա ամեն ինչ քանդվում է, ամեն ինչ ավարտվեց: Սակայն կառավարության աշխատանքն այս մասով համարում եմ արդյունավետ:

 

 

 

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով` հանձնաժողովի գործունեությունը կշարունակվի, քանի որ դեռ բազմաթիվ հարցեր կան ուսումնասիրելու: «Առաջինն անխուսափելի տեխնոլոգիական կորուստներն են, որոնք 6.69 տոկոս են: Սա շատ ավելի բարձր է, քան 2002-2016թթ. գործող 5.37 տոկոսի: 1 տոկոս կորուստը համարժեք է մոտ 20 միլիոն խորանարդ մետր գազի»,-նշել է Մելքումյանը: Վերջինիս խոսքով` գազի եւ էլեկտրաէներգիայի մասով միջին սակագներ են գործում. «Գազի մասով` 225 դոլար: Սահմանին ստանում ենք 150 դոլար, իսկ սպառողին այն հասնում է 2 անգամ թանկ: Բացի այդ, մենք ունենք սոցիալական խմբեր, որոնց համար 139 դրամի փոխարեն սակագինը սահմանվել է 80 դրամ, ջերմոցների համար սակագինը 100 դրամ է: Այսինքն` սակագները տարբեր խմբերի համար դիվերսիֆիկացված են»,-ասել է նա:

 

 

ԴԵՍՊԱՆ
ՀՀ նախագահի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:




Լրահոս