ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձը «Բարսելոնա» շարունակում է քննարկումների մեծ առիթ լինել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացին փարիզյան ակումբը լքելու ցանկություն ունի: Նեյմարի ներկայացուցիչները արդեն կապվել են «Բարսելոնա»-ի ղեկավարության հետ: Կատալոնական ակումբից հայտնել են, որ ցանկանում են` Նեյմարը հրապարակային կերպով ՊՍԺ-ն լքելու ցանկություն հայտնի: «Բարսելոնա»-ն դա ցանկանում է լրացուցիչ կոնֆլիկտներից խուսափելու համար: Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց: Ֆրանսիական ակումբում նա ստանում է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ:
ՎԵՐԱՆՎԱՆՎՈՒՄ Է
«Բանանց» ֆուտբոլային ակումբը որոշել է կատարել անվանափոխություն: Այս կապակցությամբ «Բանանցի» պաշտոնական կայքում հարցում է ընթանում, որտեղ ներկայացված է ակումբի նոր անվան 5 տարբերակ: Տարբերակներն են՝ «Հայաստան», «Ուրարտու», «Սեբաստիա», «Արծիվ», «Մալաթիա»: Ակումբը երկրպագուներին եւ ֆուտբոլասերներին կոչ է արել մասնակցել քվեարկությանը եւ ընտրել 5 անուններից մեկը:
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Ֆուտբոլի պատմության ամենաթանկ (կատարված գործարքով) ֆուտբոլիստ Նեյմարի ապագան շարունակում է բուռն քննարկումների եւ տրանսֆերային անցուդարձի գլխավոր թեմաներից մեկը լինել: El Partidazo de COPE-ի անվանի լրագրող Պակո Գոնսալեսը հայտնել է, որ բրազիլացին այլեւս չի հետաքրքրում «Ռեալին». այդ ակումբը վերջնականապես հրաժարվել է ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից: Նշվում է, որ այս որոշումը կայացրել է Ֆլորենտինո Պերեսը՝ հիմնվելով երկրպագուների ցանկության վրա: