ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԽՆԴԻ՞Ր, ԹԵ՞ ԱՌԱՆՑ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամին Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում երեկվա դրությամբ նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար: Միայն թե, նախորդ տարիների համեմատ, այս անգամ հանգանակված գումարն ավելի քիչ էր. 2017թ. մարաթոնի ժամանակ հանգանակվել էր 12 մլն 505 հազար դոլար, իսկ 2016 թվականին` 14.6 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ` 2018թ. հանգանակված գումարի տարբերությունը մեծ չէ՝ 1.3 մլն դրամ: Մինչդեռ թավշյա հեղափոխությունից հետո սպասվում էր, որ Սփյուռքի հանգանակած գումարները շեշտակի կավելանան: Ի վերջո, Սփյուռքը հիմա ավելի շատ է վստահում ՀՀ նոր իշխանություններին, քան ՀՀԿ օրոք էր: Ըստ այդմ, երեկ տեղի ունեցածը տարօրինակ էր: Բայց այդ գումարը հնարավոր է, որ կավելանա. նախ՝ հաշվարկված չէ ՀՀ-ից արված նվիրատվությունները: Բացի այդ, եթե նախկինում պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձերից որոշակի գումար է պահվել հանգանակության նպատակով, ապա այս տարի ստիպողաբար նման քայլ չի եղել: Միաժամանակ, հավաքագրման նվազման պատճառը կարող էր լինել հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի շուրջ տեղի ունեցած սկանդալը: Եթե հիշում եք, նա հիմնադրամի միջոցները խաղադրույք էր դրել, բայց հետո այդ գումարները մինչեւ վերջին լուման վերադարձրել: Սակայն դա չխանգարեց, որ ԱԱԾ-ն այդ պատմության բացահայտումից հետո քրեական գործ հարուցի: Երեկ Վարդանյանն ինքը նման խոստովանություն է արել ու ներողություն խնդրել. «Կրկին հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, եթե իմ հետ կապված աղմուկը որեւէ կերպ ազդել է վստահության վրա, եւ կոչ եմ անում բոլորին սատար կանգնել Հիմնադրամին եւ իր սուրբ առաքելությանը»,- ասել է նա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ չի բացառել, որ այս տարի քիչ գումար է հավաքագրվելու. պատճառներից մեկը նախկին տնօրենի շուրջ սկանդալն էր. «Հնարավոր է, չի բացառվում»:

 

 

Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մարտի 1-ի քրեական գործով ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 2008թ. սահմանադրական կարգը բռնի տապալելու համար, ահռելի գումարներ է ծախսել պաշտպանվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` փաստաբաններին նրա վճարած գումարի չափը հասել է մոտ 200 մլն դրամի: Հիշեցնենք՝ նրան պաշտպանում են փաստաբաններ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը, Հայկ Ալումյանը: Երեկ այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արամ Օրբելյանին, որն ասաց. «Ես կարող եմ միայն խոսել մեր գրասենյակի գնագոյացման կանոնների մասին ու կարող եմ պնդել, որ դա արվում է մեր գնագոյացման գների շրջանակում։ Մյուսների մասով ոչինչ չեմ կարող ասել։ Մեզ մոտ դա իրականացվում է այն նույն գներով, ինչով իրականացվում է մյուս քաղաքացիների համար։ Գները կախված են ամեն ամսվա աշխատանքի ծավալներից, բայց, բնականաբար, 200 միլիոնի չի հասնում։Պիտի ասեմ, որ գործի սկզբից ծանրաբեռնված աշխատել ենք, եւ թվերը չէին կարող շատ փոքր լինել»։

 

 

Սերժ Սարգսյանի մտերիմներն իրենք էլ են խոստովանում՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխության պատճառն այն էր, որ նախկին նախագահը որոշեց երրորդ ժամկետում պաշտոնավարել՝ արդեն որպես վարչապետ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման խոստովանություն արել է գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, որ Սարգսյանի հետ քավորսանիկական կապեր ունի: «Ես չեմ թաքցնում ասել դա, մարդիկ չեն բարձրաձայնում, բայց ես, լինելով Սերժ Սարգսյանի մտերիմը, ես ինքս դեմ եմ եղել նրա` երրորդ ժամկետով գնալուն: Այո, անձամբ ասել եմ իրեն, բայց բնական է` որոշում կայացնողն ինքն է եղել: Այն, ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ, բայց կարծում եմ` որոշակի անարդարությունների, անպատժելիության մթնոլորտի, սերնդափոխության անհրաժեշտություն էր»,- ասել է նա: Բեգլարյանը նաեւ վստահեցրել է, թե նոր իշխանությունների օրոք աշխատելու առումով ոչ մի խնդիր չունի, քանի որ բարեխիղճ հարկատու է եղել եւ երբեք չի խուսափել հարկերից: «Ասված է` հարկերդ վճարի՛ր եւ հանգիստ քնի՛ր, ես այդպես եմ վարվում»,- ասել է նա:

 

 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ` Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանը, որ չընտրվեցին սնանկության գործերով դատավոր, բացահայտ պատերազմ են հայտարարել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին: Օրերս նրանք բաց նամակ են հղել ԲԴԽ անդամներին՝ կոչ անելով Գ. Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության: Ավելին, նրանք պահանջում են դադարեցնել Գ. Հարությունյանի լիազորությունները: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել երկու դատավորների բաց նամակը, որում նրանք Հարությունյանին մեղադրում են ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված Էթիկայի կանոնները խախտելու մեջ: Պատճառը Հարությունյանի հայտարարություններն են. «Նախկինում եւս, լինելով ՍԴ նախագահ, հայտնել եմ, որ ունենք դատարաններ, չունենք արդարադատություն», «իսկ մոտիկից ծանոթացումը բացահայտեց` վիճակը ավելի մտահոգիչ է, եւ մենք ունենք տարիներով կուտակված խնդիրներ, որոնք միայն խորքային բարեփոխումների միջոցով կարող ենք լուծել»: Հիմա դատավորները խնդրում են այս խոսքերի համար Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության ու դադարեցնել ԲԴԽ անդամի լիազորությունները:

 

 

ԾԱՅՐԱՀԵՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ երկար կափսոսա իր քաղաքական որոշման համար, որի արդյունքում ազատ արձակվեցին «Սասնա ծռեր» կուսակցության անդամները (2016թ. ամռանը ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբավորման ներկայացուցիչներն ու նրանց հետ սերտորեն առնչվող անձինք): Իշխանությունը կափսոսա, որովհետեւ «Սասնա ծռերն», այնուամենայնիվ, ցանկացած պահի կարող են դուրս գալ քաղաքական գործընթացների տրամաբանությունից եւ քաղաքական գործընթացների վրա կփորձեն ազդել ոչ քաղաքական մեթոդներով: Նախանշաններն արդեն կան. «Սասնա ծռերի» հայտարարություններում արվող ակնարկները, որոնք կարելի է եւ ընդունել որպես թաքնված սպառնալիք:
Բայց շատ ավելի վտանգավոր է Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալելու նրանց նկրտումները: Ինչպես հայնտի է, օրերս նրանք մեկնել էին Արցախ: Երեկ էլ Ժիրայր Սէֆիլյանը խոսել է ոչ միայն Հայաստանում արմատական փոփոխություններ իրականացնելու մասին, այլեւ հայտարարել, թե «Սասնա ծռերը» ծրագրում են իշխանափոխություն անել Արցախում: «Այսօրվանից մենք հայտ ենք ներկայացրել գործող իշխանություններին նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի գտնվի այն ճանապարհային քարտեզը, որը առանց ցնցումի կապահովի իշխանափոխությունը»,- ասել է նա: Իսկ «Ազատության» լրագրողի դիտարկմանը, թե մեկ տարի հետո Արցախում ընտրությունների միջոցով լինելու է իշխանափոխություն, Սեֆիլյանը պատասխանել է. «Եթե սպասենք մի տարի, կարող է պատահի` ցնցումով լինի: Այդպիսի իրավիճակ է: Անհամբեր են արդեն մարդիկ: Այս մեկուկես ամսվա մեր գործունեությամբ մենք մի կերպ ենք զսպում այդ ամենը: Եվ ես համոզված եմ, որ գործող իշխանությունները այդ խոհեմությունը կունենան, եւ հանգիստ այդ լուծումը կգտնվի»: Նա նաեւ նշել է, որ այդ գործընթացը նախաձեռնելու են ՀՀ ԱԺ ընտրություններից հետո:
Միայն թե, նկատենք, թավշյա հեղափոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, չի կարող կրկնվել Արցախում: Սա թեկուզ այն պարզ պատճառով, որ Արցախը շարունակում է գտնվել չավարտված պատերազմի մեջ, Արցախի սահմաններն ամեն րոպե գնդակոծման, հակառակորդի հարձակման վտանգի առաջ են: ՈՒ նման իրավիճակում այդ երկրում քաղաքական խժդժությունները, իրավիճակն ապակայունացնելու ցանկացած փորձերը պարզապես կարող են կործանարար լինել: Համենայն դեպս, Արցախը չի կարող իրեն թույլ տալ այն շռայլությունը, ինչ Հայաստանը, երբ օրերով պետական կառավարման համակարգը կաթվածահար վիճակում էր: Այս մասին շատ է խոսվել, ու թվում է՝ ամեն ինչ այնքան պարզ է, որ չարժի եւս մեկ անգամ մատնացույց անել: Բայց, արի ու տես, որ այդպես չէ:




Լրահոս