Ոնց ուզում, էդպես էլ անում են. Գագիկ Մելքոնյանը` Մանվել Գրիգորյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ուրբաթ օրը դատարանը 25 մլն գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին, որը ձերբակալված էր այս տարվա հունիսի 19-ից: Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցվեց: Ազգային անվտանգության ծառայության հրապարակման համաձայն` նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

Հիշեցնենք նաեւ, որ Մանվել Գրիգորյանի կալանավորումից եւ այդ տեսանյութի ցուցադրությունից հետո բոլորը, այդ թվում` նրա ազատամարտիկ ընկերները, քննադատում եւ փնովում էին Մանվել Գրիգորյանին: Իսկ նրա ամենամոտ ընկերն էլ` Սեյրան Սարոյանը, նշել էր, թե Գրիգորյանն Արցախի հերոսից դարձավ տուշոնկա գողացող:

Ուրբաթ ուշ երեկոյան Գրիգորյանն ազատ արձակվեց: Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու դատավորի որոշման համար հիմք է հանդիսացել նրա առողջական ծանր վիճակը։

Դատարանի որոշման շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Մելքոնյանի հետ:

-Պարո՛ն Մելքոնյան, Ձեզ համար սպասելի՞ էր, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի:

-Նոր եմ վերադարձել Հայաստան: Ճիշտն ասած` լրատվամիջոցներից տեղեկացա ամեն ինչ: Տեսա, որ ժողովուրդը ոտքի է կանգնել: Դե հիմա բոլորին էլ բաց են թողել: Ես մտածում էի, որ իրեն էլ կթողնեն, որովհետեւ բոլորից էլ գրավ են վերցնում ու բաց թողնում մեր դատավորները: Այսինքն` ոնց ուզում, էդպես էլ անում են:

-Այսինքն` ըստ Ձեզ` «ինչ կուզեն, էդպես էլ կանեն»-ը դեռ գործո՞ւմ է:

-Իհարկե, միանշանակ գործում է: Դե հիմա արդեն նոր իշխանություն ունենք` նոր կառավարություն, նոր Ազգային ժողով: Բաներ կան, որ արդեն պետք է դրվեն իրենց տեղը: Դատական համակարգը պիտի աշխատի, ոնց որ պետք է:

-Էջմիածնում տեղի ունեցած ցույցերը ինքնաբո՞ւխ էին:

-Ես սպասում էի, որ ցույցեր կլինեն: Պարզ է, որ էջմիածնեցիները ոտքի էին կանգնելու: Չեմ կարող ասել, որ ուղղորդվել է: Ամեն դեպքում, բնական բան եղավ, որ ցույցեր տեղի ունեցան:

-Գործը գնացել է Վերքննիչ դատարան: Ինչպե՞ս կհանգուցալուծվի` ըստ Ձեզ:

-Ամեն օր իրավիճակ է փոխվում: Ո՞նց կարող եմ ասել, թե ինչ կլինի:

Զրուցեց Լուսինե Մինասյանը




Լրահոս