«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Անուշիկ Ալավերդյանը: Ընթերցողները հնարավորություն կունենան բացահայտել նրան բոլորովին նոր ռակուրսից: Վերջինս խոսել է իր նախասիրությունների, բնավորության գծերի, առավելությունների եւ թերությունների մասին: Անուշիկը խոստովանել է, որ նեղացկոտ է, զգայուն, թեպետ ցույց չի տալիս: Նա նաեւ պատմել է իր կյանքի դժվարին փուլի եւ իր ունեցած երազանքների մասին: Անուշիկը նշել է, թե ումից է ոգեշնչվում եւ ինչը կամ ում է համարում իր կյանքի լավագույն նվերը:
-Անուշի՛կ, շարունակե՛ք միտքը. «Երբ ես ծնվեցի…»
-Ծնողներս բավականին վախեցել էին, քանի որ թերքաշ էի: Հետո արդեն վերականգնվեց քաշս:
-18 տարեկանում ինչի՞ մասին էիք երազում, հիշու՞մ եք:
-Այո, թերեւս երգարվեստով զբաղվելու եւ հայտնի դառնալու մասին:
-Շարունակե՛ք միտքը. «Այն ամենին, ինչին չեմ հասել…»
-Անպայման հասնելու եմ:
-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենահիշարժան, տպավորիչ նվերը:
-Դա եղել է ոչ նյութական նվեր Աստծո կողմից. խոսքը դստերս՝ Մայայի մասին է:
-Հե՞շտ եք զրույցի բռնվում անծանոթ մարդկանց հետ: Առհասարակ, ծանոթություններ հաստատելու հարցում ինչպիսի՞ն եք:
-Եթե հասկանում եմ, որ դիմացինս ադեկվատ մարդ է, շատ հեշտ է այդ ամենը ստացվում:
-Ո՞րն է Ձեր բնավորության վատագույն գիծը, կխոստովանե՞ք:
-Չափից դուրս զգայուն, նեղացկոտ լինելը: Ընդ որում, եթե ես նեղանամ, կարող է ցույց չտամ, իմ մեջ պահեմ: Բայց հետո, իհարկե, նախընտրում եմ պարզաբանումներ անել, որպեսզի ամեն բան ընկնի իր տեղը:
-Մահվան մասին հաճա՞խ եք մտածում, իսկ վախենու՞մ եք:
-Շատ, այդ պատճառով չափազանց զգույշ եմ: Միշտ եմ մտածում:
-Աստծո հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք: Հաճա՞խ եք աղոթում:
-Ես հավատում եմ Աստծուն: Կարծում եմ՝ դրանով ամեն բան ասված է: Նրա հետ զրուցում եմ դեռ մանկուց:
-Ո՞ր ժամանակահատվածն է եղել Ձեր կյանքի դժվարին փուլը, ինչի՞ հետ է այն կապված:
-Վերջերս իմ կյանքում իսկապես ծանր փուլ էր՝ հայրիկիս առողջական խնդիրներով պայմանավորված: Բայց, փառք Աստծո, ամեն բան հաղթահարվեց:
-Ձեր թիկունքում հյուսված մի լեգենդ, որը Ձեզ նույնիսկ ժպիտ է պարգեւել:
-Չեմ ասի (ծիծաղում է): Իսկ, առհասարակ, դրանք շատ չեն:
-Ի՞նչ եք կարծում, քաղաքականության մեջ կարելի՞ է ազնիվ ու արդար լինել:
-Անպայման, ես հավատում եմ, թեեւ նման կերպարների դեռեւս տեսել եմ միայն ֆիլմերում (ծիծաղում է):
-Ումի՞ց եք ոգեշնչվում որպես երգչուհի, որպես մարդ…
-Շատ լավ երաժիշտներ կան, որոնց անունն անգամ չգիտեմ, բայց որոնք ինձ վրա դրական ազդեցություն են ունեցել, տպավորել են: Ունեմ շատ լավ ստեղծագործ ընկերներ, որոնցից իսկապես կարելի է ոգեշնչվել: Ինձ շրջապատում են տաղանդավորներ, այնպես որ ոգեշնչման աղբյուրները քիչ չեն:
-Եթե էլի ծնվելու հնարավորություն ունենայիք, կցանկանայի՞ք հայտնի լինել, թե՞ կնախընտրեիք այս անգամ մնալ ստվերում:
-Անկեղծ կլինեմ, ու չեմ թաքցնի, որ անպայաման կցանկանայի էլի հայտնի լինել:
-Հե՞շտ եք ներում մարդկանց, թե՞ հիշաչար եք:
-Այսպես ասեմ՝ «հիշա» եմ, բայց չար չեմ (ծիծաղում է):
-Սովորաբար վարում եք ակտիվ ֆիզիկակա՞ն, թե՞ նստակյաց կյանք: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Երկուսն էլ լինում է: Դա կախված է սեզոնից: Օրինակ՝ ամռանը, երբ շոգ է, հաճույքով եմ զբաղվում սպորտով, ավելի շարժուն եմ, տանը նստել չեմ կարողանում:
-Ինչպիսի՞ն եք սիրո մեջ:
-Շատ ազնիվ:
-Ի՞նչ եք կարծում, ազատությանը ձգտե՞լն է դժվար, թե՞ դրա մեջ ապրելը:
-Երեւի թե ազատության մեջ ապրելն ավելի դժվար է, քան դրան հասնելը:
-Ո՞ր դեպքում տղամարդը չի հեռանա կնոջից:
-Եթե հարաբերությունների մեջ առկա լինեն այս երեք կոմպոնենտները՝ սեր, հարգանք, ազնվություն:
-Եվ վերջում՝ շարունակե՛ք միտքը. «Սերը չի մեռնի, եթե…»
-Իրար փայփայենք:
Աննա Բաբաջանյան