«ԿԵՂԾ» ԵՎ «ԻՄՊՈՐՏՆԻ» ԿԱՐՏՈՖԻԼ «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք-չորս օր առաջ Սեբաստիա փողոցի «Երեւան սիթի»-ից (Մալաթիայի շուկայի հարեւանությամբ, նախկին «Լուսաստղ») գնեցի նախակշռված կարտոֆիլ` ուրախացած, որ այն շուկայականից մոտ հարյուր դրամով էժան է: Սակայն մի քանի ժամից պարզվեց, որ Հայաստանում այդպես չի լինում, եւ սպառողը հավերժական խաբվող է: Խաբվող եւ անպաշտպան:Առաջին հայացքից կարտոֆիլի ապրանքային տեսքը կասկածի տեղ չէր թողնում, ուստի կիլոգրամի մեջ 100 դրամ խնայելու միտքը, ինչպես նաեւ «կուլտուրական», նախակշռված եւ փաթեթավորված ապրանքը գայթակղիչ էր: Մարդիկ անգամ հերթ էին գոյացնում` ընտրելով ու լցնելով զամբյուղները: Մտածում էինք, թե առաջին անգամ առաջարկի ու պահանջարկի շուկայի օրենքն է գործել, որից շահում են ե՛ւ ներկրողը, ե՛ւ սպառողը: Սակայն մեր ուրախությունը կարճ տեւեց: Պարզվեց, որ «Երեւան սիթի»-ից գնված կարտոֆիլը հնարավոր չէ շոգեխաշել, քանի որ երկու ժամ եռալուց հետո կարտոֆիլները քարացան, կծկվեցին, միջուկը սեւացավ ու քաղցրացավ: Համային հատկանիշներով ասես շագանակագույն շաքարի ճակնդեղ լիներ: Իսկ ով գոնե մեկ անգամ կարտոֆիլ է ցանել, կարող է ենթադրել, որ գնվածն իր որակով, իսկ ավելի ստույգ` անորակությամբ, իրականում հին սերմացու է, որը գործածվում է իբրեւ խոզի կեր: Իհարկե, կարելի էր ասել, թե` վա~խ, իմ կորած 700 դրամը, մնացածը լցնել աղբարկղն ու թեման փակել: Սակայն այդպես չվարվեցինք, որովհետեւ չենք ուզում, որ ուրիշներն էլ զանգվածաբար խաբվեն ու անբարեխիղճ ներկրողի պատճառով փող ծախսեն:Պարզաբանումների համար նախ զանգեցինք խանութի հեռախոսահամարով: «Թոնրատունը լսում է» ասացին եւ տվեցին ուրիշ համար: «Հացի բաժինը լսում է»,-ասաց աղջկա ձայնը եւ մերժեց  հեռախոսը փոխանցել մենեջերին, քանի որ «ժողով են անում»: Ուստի հարցն աղջկա միջոցով փոխանցեցինք եւ ստացանք հետեւյալ պատասխանը.«Ասեցին` տեղականը չի, իմպրտնի ա»:Պատասխանն անբավարար էր, մենեջերն` անմատչելի, ստիպված էինք ցանցի այլ խանութից ճշտել մեզ հետաքրքրող համարը, որտեղից էլ զարմանքով տեղեկացանք, որ «բողոքն իրենց համար նվեր է»:Վերջապես «կապվեցինք» մենեջեր Լիանայի հետ: Գյուղատնտես ներկայացած մենեջերը հաստատեց, որ խանութի կարտոֆիլը տեղական չէ, սակայն չի կարող ասել` որ երկրից է ներկրված, կոմերցիոն գաղտնիք է: Առաջին անգամ է բողոք լսում, եւ իմ դժգոհությունը փորձում է բացատրել նրանով, որ կարտոֆիլը տեղական չէ. «Ես էկոնոմիստ եմ եւ շատ լավ տեղյակ եմ: Ինքը` որպես կարտոֆիլ, բնականաբար, համային հատկություններով տարբերվում է»:Համային տարբերությունը ուտելի մթերքին է վերաբերում, այս դեպքում գործ ունենք ոչ ուտելի ապրանքի հետ:Սպառողների շահերի եւ իրավունքների պաշտպանության երկու հասարակական կազմակերպություններն էլ իրավասու չէին որեւէ ստուգում իրականացնել կամ պարզաբանում ստանալ: Ուղղակի բավարարվեցին բողոքը գրանցելով: Հասկացանք, որ նրանց օժանդակության օգտակար գործողության գործակիցը ցածր է:Էլ ավելի բարդ կացության մեջ է պետական իրավասու մարմինը` սննդի անվտանգության պետական տեսչությունը:«Ցավոք, մեր ձեռքերն ու ոտքերն, ըստ էության, կապված են 2009 թվականի մայիսի 29-ի որոշումով, երբ սահմանափակվեցին ու արգելվեցին տեսչական ստուգումները: Հիմա դրանք թույլատրվում են միայն վարչապետի ցուցումով»,-տեղեկացրեց տեսչության պետ Արթուր Վարժապետյանը:Թեեւ գյուղնախարարության լրատվական բաժնից մեզ ասացին, որ բուսաբուծության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը տեղյակ է եւ կպատասխանի հարցերին, բայց երեք ժամ պարբերաբար զանգեցինք, եւ ոչ մեկն ընկալուչը չվերցրեց: Հավանաբար խուսափեց «շառոտ» խնդրից:Չխուսափեց Ագրարային համալսարանի ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ամբիոնի վարիչ Հրաչ Ջավադյանը: Ագրոնոմ-մասնագետը բացառեց, որ  մեր գնածը սերմացու կարտոֆիլ լինի: Ըստ նրա` մեր նկարագրածը հավանաբար տեխնիկական սորտի կարտոֆիլ է, որի մեջ օսլայի պարունակությունը շատ է. «Այն  թունավոր չէ, բայց ուտելի էլ չէ: Այդ տեսակի կարտոֆիլն օգտագործում են օսլա ստանալու համար: Նման կարտոֆիլ մեր երկիր օսլա ստանալու համար չեն ներկրում, բայց բացառված չէ, որ մի գործարար, բիզնեսմեն կամ առեւտրական ներկրի եւ վաճառի»:Երկրի պետական այրերին պետք է հետաքրքրի` «Երեւան սիթի» խանութների ցանցում ուտելի՞, թե՞ տեխնիկական կարտոֆիլ է վաճառվում: Լրագրողն ընդամենը ահազանգող եւ տեղեկացնող է:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ




Լրահոս