Երեք օր տեւած քննարկումներից հետո խորհրդարանը փետրվարի 14-ին հավանության արժանացրեց ՀՀ կառավարության ծրագիրը: Թեեւ ԱԺ-ում ծրագրի քննարկումները բավական բուռն ընթացան, բայց ընդդիմադիր խմբակցությունները (որոնք հետո դեմ քվեարկեցին) այդպես էլ բովանդակային, համակողմանի վերլուծություն չներկայացրին կառավարության ներկայացրած փաստաթղթի վերաբերյալ: Փոխարենը կառավարության ծրագիրը մանրակրկիտ վերլուծության են ենթարկել արտախորհրդարանական կուսակցություններից երկուսը՝ «Հայ Ազգային Կոնգրեսն» ու «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը». կուսակցություններ, որոնք գաղափարական առումով գտնվում են երկու հակադիր բեւեռներում, անթաքույց բացասական վերաբերմունք են տածում միմյանց նկատմամբ:
Բայց եւ որքան էլ զարմանալի թվա, քաղաքական դաշտում միայն այս երկու ուժերն են, որ կառավարության ծրագրի վերաբերյալ քաղաքական լուրջ խոսք են հնչեցրել: Ճիշտ է, ՀԱԿ-ի հայտարարությունից քննարկման առարկա դարձավ միայն սահմանադրական փոփոխություններ անցկացնելու եւ կառավարման կիսանախագահական համակարգի վերադառնալու առաջարկը, բայց այդ հայտարարության մեջ շատ ուրիշ լուրջ քաղաքական ու տնտեսական շեշտադրումներ կային: Լուրջ ձեւակերպումների հանդիպում ենք նաեւ ՀՅԴ հայտարարության մեջ. ոլորտ առ ոլորտ նրանք անդրադարձել են կառավարության ծրագրին` վերհանելով նաեւ խնդրահարույց կետերը:
Ու կապ չունի՝ այս երկու կուսակցությունների հնչեցրած տեսակետները որքանով են ընդունելի: Այստեղ կարեւորը ինքնին երեւույթն է: Տեղի ունեցածը հիմք է պնդելու վաղուց հնչեցված, բայց եւ մոռացության տրված տեսակետը, որ Հայաստանի քաղաքական դաշտում դասական իմաստով առկա կուսակցություններին կարելի է մեկ ձեռքի մատերի վրա հաշվել (չնայած ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցված կուսակցությունների թիվն անցնում է 7 տասնյակը, եւ դեռ էլի նոր կուսակցություններ են ստեղծվում): Եւ այդ մեկ ձեռքի վրա հաշվվող կուսակցություններն են, որոնք ի վիճակի են հստակ քաղաքական միտք ձեւակերպել, քաղաքական տեսակետ արտահայտել ու քննարկման դնել (թեկուզ եւ ոմանց համար անընդունելի):
Կուսակցության անվան տակ գործող մյուս կազմակերպություններն ընդամենը քաղաքական միավորումներ են` մակերեսային իրենց դատողություններով ու հայտարարություններով: Անգամ քսան տարի շարունակ Հայաստանում իշխանության ղեկին եղած ՀՀԿ-ից այս օրերին լուրջ վերլուծություններ չհնչեցին. ամեն ինչ սկսվեց ու ավարտվեց չարախնդությունների ու կեսբերան քննադատություններ մակարդակում: Այս իրավիճակը, թերեւս լուրջ մտորումների ու եզրահանգումների տեղիք պետք է տա: