Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումը խորհրդարանական ամենամեծ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ։ Սա արդեն կառավարության երրորդ պաշտոնյան է, որը գալիս է խորհրդարան եւ հանդիպում ամենամեծ խմբակցության հետ։ Առաջին «մեղադրյալը» ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էր ահռելի չափերի հասած պարգեւատրումների պատճառով, երկրորդը՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նաեւ արտաքին գործերի նախարարն էր հանդիպել արդեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին։
Սակայն եթե մյուս դեպքերում խորհրդարանական խմբակցություններն իրենք էին հրավիրել պաշտոնյաներին, եւ վերջիններս էլ «սուսուփուս» եկել էին եւ հաշվետվություն ներկայացրել, ավելին` մի քանի ժամ հանդիպում անցկացրել ու համբերատար լսել բոոլորին եւ հարցերին պատասխանել, ապա այս պարագայում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքն էր սրտնեղած շտապել առաջարկել իրեն էլ կանչել եւ իր հետ նիստ անցկացնել։ Այլ կերպ ասած` մինչ այդ իշխող ուժի պատգամավորների մտքով չէր անցել նրան կանչել հանդիպման, կամ էլ նրան հարցեր չեն ունեցել։ Նկատենք, որ նրա հետ հանդիպումը տեւեց շատ քիչ՝ մեկուկես ժամ, եւ սա այն դեպքում, երբ, օրինակ, Ջանջուղազյանի հետ հանդիպումը տեւեց չորս ժամից ավելի։
Իհարկե, սա էլ ունի իր արդարացումը, եւ ասվել էր, թե նախարարը զբաղված է եւ կարող է միայն այդքան մնալ։ Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներն այնքան էլ գոհ չեն մնացել նախարարի հետ հանդիպումից, քանի որ վերջինս ոչ մի հարցի հստակ չի պատասխանել, այլ մակերեսային եւ անգիր արած արտահայտություններ է արել՝ առանց հստակ, ծրագրային դրույթներ ներկայացրելու։ Եվ նկատեցինք, որ պատգամավորները երեկ հաճախ էին դուրս ու ներս անում հանդիպման ժամանակ կամ առհասարակ դուրս էին գալիս եւ այլեւս ներս չէին վերադառնում, իսկ «ներսում հետաքրքի՞ր չէ» հարցին ի պատասխան` բոլորն ասում էին, թե մի քանի րոպեով են դուրս եկել եւ հետ են գալու, սակայն շատերն այդպես էլ հետ չէին գալիս։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավական ակտիվ է անցել, քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` մամուլում արդեն աղմուկ հանած «Միբս» ԲԿ-ին տրված սուբսիդավորումները, որոնք այս տարի շատ էին։ Արսեն Թորոսյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ եւս չի թաքցրել, որ այդ ընկերության նախկին տնօրենն է եղել, հիմա էլ ղեկավարում է կինը։ Չնայած նա արդարացել է, սակայն, մեր տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնքան էլ դրական չի վերաբերվել այս տեղեկությանը։
Հետաքրքիր է, որ երեկվա հանդիպման ժամանակ նախարարը հիմնականում խոսել է ծխելու դեմ պայքարի մասին եւ ամեն հարց տարել այդ հարթության վրա՝ մոռանալով հիմնական ասելիքի մասին։ Ընդ որում, պատգամավորները մեզ հետ մասնավոր զրույցներում նեղսրտում էին, թե նախարարն իրեն անլուրջ է պահել, ամեն հարցի ժպիտով է պատասխանել եւ հստակ ոչ մի ծրագրի մասին չի խոսել։ Եվ պատգամավորներից շատերը եւս քննադատել են այդ ծրագրի շատ դրույթներ։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, թե բավական ակտիվ հանդիպում է եղել, անդրադարձ է եղել ամեն հարցի, սակայն Մակունցը նշեց, թե պատգամավորները, այդ թվում եւ` ինքը, գոհ է եղել նախարարի պատասխաններից։ Մակունցը մեզ հետ զրույցում նաեւ հայտնեց, թե բացի Արսեն Թորոսյանից նաեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաներիկ նախարար Հակոբ Արշակյանն է ցանկություն հայտնել հանդիպել, եւ թերեւս նրա հետ էլ ուրբաթ օրը կհանդիպեն։ Հանդիպում է նախատեսված նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ։
Նշենք, որ հանդիպումից ժամեր անց Արսեն Թորոսյանը մասնակցում էր մի մրցանակաբաշխության, որտեղ արժանացավ Կառավարության բարեփոխիչ մրցանակին՝ կոռուպցիայի դեմ պայքարի եւ առողջապահական ծառայությունները բոլորին հասանելի դարձնելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց քաղցկեղի ծրագրի մասին, որի համաձայն` պետք է վիրահատությունները անվճար կատարվեն, եւ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ կան ԲԿ-ներ, որոնք հրաժարվել են` ինչ պետք է արվի։ Թորոսյանն, ամեն դեպքում, դա մեծ խնդիր չհամարեց` ասելով, թե տասը ԲԿ այդ ծրագրից չի հրաժարվել, եւ ամեն ինչ պարզ կլինի միայն ծրագրի շուրջ առկա բոլոր հարցերը քննարկելուց, ֆինանսավորման հարցերը կարգավորելուց հետո։
Նաիրա Հովհաննիսյան