«Իրական սեփականատերերի պարզման ինստիտուտներ կստեղծվեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը:

-Պարո՛ն Գաբրիելյան, կառավարության քաղաքական ելույթների զգալի մասը հռչակագրային ուղերձներ են: Երբ անընդհատ կա ուղերձների պահանջ, դա արդյոք կառավարման համակարգում որեւէ խնդրի մասի՞ն է վկայում:

-Ճիշտն ասած, չեմ կիսում այդ տեսակետը, որ մեր ելույթները միայն հռչակագրային են: Եթե նկատի ունեք վարչապետին, ապա Դուք կարծում եք` ես այն սուբյեկտն եմ, որ պետք է պատասխանե՞մ: Վարչապետը գործադիր իշխանության ղեկավարն է. կարծում եմ` ինքն իր հարցերի պատասխանը տալիս է: Եթե խնդիրը մերը լիներ, ես մեծ սիրով կասեի, թե ինչի եմ այդ ելույթը ունեցել, ինչ եմ դրա տակ դնում:

-Գիտենք, որ դատական համակարգում առավել, քան որեւէ տեղ, շատ են մարդիկ, որոնք իրենց կարիերայով պարտական են նախորդ իշխանություններին: Այս կադրերի ու եղած իրավական մեխանիզմների համախումբը ունա՞կ է ապահովել անցումային արդարադատություն:

-Եթե ես պատասխանեմ, գուցե շեղվեմ անցումային արդարադատության այն կոնցեպտից, որը պատկերացնում են տվյալ ոլորտի մասնագետները: Միգուցե անցումային արդարադատությունը իրականացվի մեկ այլ գործիքակազմով: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունում, ըստ Սահմանադրության, արդարադատությունը իրականացնում են բացառապես դատարանները, բայց անցումային արդարադատությունը լայն հասկացություն է:

Ես այդ առումով չեմ խուսափի ասել, որ դրա մասնագետը չեմ եւ չեմ կարող ասել, թե հատկապես ինչ մոդելով դա կիրականացվի Հայաստանում կամ կիրականացվի դա արդյոք, թե ոչ, հետեւաբար, այդ կադրերը արդյոք մասնակցություն կունենան այդ անցումային արդարադատության իրականացմանը, թե ոչ: Կարող է քննարկվել անցումային արդարադատություն այլ կոնտեքստով. ենթադրենք` ինչ-որ այլ իրավական ընթացակարգեր լինեն, որ միգուցե Ձեր ասած կադրերին չհասնի գործը` հաշվի առնելով նրանց ոչ լեգիտիմությունը: Օրինակ, քրեական օրենսգրքի մասով այս պահին արդեն որոշակի փոփոխություններ նախատեսվում են, իսկ անցումայինի մասով, իմ տեղեկություններով, առարկայական որեւէ քննարկում դեռ տեղի չի ունեցել:

-Կառավարությունը կարծես մեծապես կայանում է օրենքների լայնածավալ խախտումների ժառանգությունը հաղթահարելով: Կառավարության մեսիականությունը ակամա դեպի անցյալ է ուղղվում. մտավախություն չկա՞ ամփոփվելու այնտեղ:

-Հետաքրքիր հարց եք տալիս: Մինչ այս պահը, համենայնդեպս, հայտարարություն չեմ լսել, որ ուզում ենք այսինչ գործը վեր հանել, մեզ խանգարում են այդ իրավակարգավորումները: Բայց չեմ բացառում, այո, ճիշտ եք ասում, որ կարող է հասնենք մի կետի, որ հասկանանք, որ ժողովրդի ընկալմամբ սա արդար չէ, բայց օրենքի տեսանկյունից կառավարությունը կամ իրավապահ մարմինները անելիք չունեն, որովհետեւ իրենք կաշկանդված են օրենքով:

Կարծում եմ, որ տրամաբանական է, որ այդ հարցի պատասխանն էլ լուծվի հենց անցումային արդարադատությամբ: Անցումային արդարադատությունը, իմ կարծիքով, ինքնին ենթադրում է որոշակի գործընթացներ, որոնք ոչ թե չէին կարող իրականացվել, այլ որոնք, ըստ էության, չէին իրականացվի անցումային արդարադատություն չիրականացվելու շրջանակում: Ես հասկանում եմ` Դուք ինչ եք ասում. այդ նույն տեսակետից կառավարությունը իր ծրագրում գրել է, որ պետք է իրական սեփականատերերի պարզման ինստիտուտներ դրվեն, այսինքն` միգուցե նաեւ հասկացվել է, որ այդտեղ կա խնդիր, ու եթե փորձենք գնալ հին իրավակարգավորումներով, բախվելու ենք մի խնդրի, որ մենք հասկանանք, որ թնջուկը չենք կարողանում բացահայտել:

Օրինակ` իրական սեփականատերերի հարցում կամ պետական պաշտոնների հավակնելու դեպքում մենք նախատեսում ենք, որ լիազոր մարմնին պետք է տրվի նոտարական կարգով լիազորագիր, որով համապատասխան մարմինը ստուգելու է պետական պաշտոնի հավակնող անձանց ոչ միայն այստեղ, այլեւ արտերկրում` դա կլինի օֆշորային գոտիներում կամ մեկ այլ վայրում. իրենց անունով ունեցած ցանկացած գույքի նկատմամբ թափանցիկություն պետք է լինի: Այդ պետական մարմինը իրավունք է ունենալու պարզել այդ անձի ունեցվածքի ողջ ծավալը:

-Ժողովրդից յուրացված կապիտալը ակնհայտորեն գործիքայնացրել է տեղեկատվական դաշտի զգալի հատվածը: Այս ուղղությամբ դիմադրության ի՞նչ ռազմավարություն է մշակվում:

– Մեզ նման նախագիծ կամ հրապարակային հայտարարություն հայտնի չէ: Կարող եմ ասել, որ այդ նույն խնդրով ինձ եւ իմ գործընկեր մյուս պատգամավորներին պարբերաբար դիմում են ե՛ւ շարքային քաղաքացիները, ե՛ւ իրավապաշտպան կազմակերպությունները: Բայց շատ կարեւոր է հասկանալ, որ այս հարցը շատ նուրբ է, եւ, ամեն դեպքում, խոսքի ազատությունը սահմանադրական գերակա իրավունք է: Իմ խորին համոզմամբ` այդ դաշտը պետք է ինքնակարգավորվի, այսինքն` դա պետք է լինի ոչ թե պետության կողմից օրենքներով, այլ այդ դաշտի ներակայացուցիչները պետք է ինքնակարգավորվեն կլինի Ժուռնալիստների միության կողմից, կամ մեկ այլ մարմնի կողմից, կլինի նոր ձեւավորվող մարմնի կողմից: Ապատեղեկատվությունը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում է խնդիր:

Վերջերս Ֆրանսիայում նախագահը հայտարարեց, որ ֆեյք նյուզերը անգամ ազգային անվտանգությանն են սպառնում: Երբեմն այդ ապատեղեկատվությունը հասնում է ծայրահեղ աստիճանի. լինում են հրապարակումներ, որ պատգամավորի հեռախոսահամար են գրում եւ նշում, որ մարիխուանա է վաճառվում, կամ կոչ է արվում գալ հանրահավաքի դանակներով` վերագրելով կոչը վարչապետին:

Շատ բարդ է խնդիրը իրականում: Այս պահին նախատեսում եմ անձամբ եւ մի քանի պատգամավորներով հանդիպել մեդիադաշտի ներկայացուցիչների հետ, փորձել հասկանալ: Ինձ համար կարեւոր է, որ ազդակներ ենք ստանում լրատվամիջոցներից այդ խնդիրները լուծելու համար: Պետք է դրան զուգահեռ լրագրողական համայնք ձեւավորվի, որ իրենց մեջ կփորձեն պայքարել, վեր հանել այդ խնդիրները:

Զրուցեց Մարիամ Դանիելյանը




Լրահոս